Site icon politcom

Քարոզչության 7-րդ օր․ հունիսի 21-ի տագնապը

Երեկ քարոզարշավը հատեց հասարակածը, սակայն քչերը հույս ունեն, որ մնացած վեց օրերում քաղաքական ուժերը մի կողմ կդնեն անտագոնիստական հռետորաբանությունը և հանրությանը կներկայանան ռացիոնալ ծրագրերով։
Օրինակ, այսօր Նիկոլ Փաշինյանը Կոտայքի մարզում ցուցադրում էր մի մուրճ՝ դա համարելով այս ընտրությունների սիմվոլ։ Այս ժեստը չի կարող կառուցողական դրսևորում համարվել։ Մյուս քաղաքական ուժերը նույնպես մարզերում են ու, ըստ էության, կրկնում են նույն ագրեսիվ հռետորաբանությունը, համենայն դեպս՝ այդպես են վարվում այս կամպանիայի ֆավորիտները։ Իսկ մենք ամփոփենք քարոզարշավի առաջին հատվածի հիմնական արդյունքները։

Մեծ հանրահավաքներից՝ մինչև երաժշտություն

Ընտրական գործընթացի միայն երեք մասնակիցներ են քարոզարշավն իրականացնում դասական եղանակով։
Նիկոլ Փաշինյանի ՔՊ-ն ու Ռոբերտ Քոչարյանի «Հայաստան» դաշինքը լինում են բոլոր մարզերում և քարոզչությունը կառուցում են միմյանց ոչնչացնելու մարտավարությամբ։
Բոլոր մարզերում ոչ դահլիճային մեծ հանդիպումներ անցկացնում է նաև ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը, ով մրցակիցներին թիրախավորելու փոխարեն՝ ներկայացնում է իր կուսակցության ծրագիրը, որի առանցքում անվտանգությունն է ու երկրի տնտեսությունը։
Մի շարք կուսակցություններ, այդ թվում՝ խորհրդարանական «Լուսավոր Հայաստանը» և Արամ Սարգսյանի «Հանրապետությունն» ընտրել են հասարակության հետ շփումների անմիջական տարբերակը՝ շրջայցեր կատարելով Երևանի ու այլ բնակավայրերի փողոցներով, զրուցելով մարդկանց հետ։ ԼՀԿ-ն հանրությանը ներկայանում է ազգային համաձայնության իր մոդելով, Արամ Սարգսյանն ու նրա թիմը շեշտը դնում են իրենց արտաքին քաղաքական կոնցեպցիայի ինքնատիպության վրա՝ դիրքավորվելով որպես արևմտամետ ուժ։
Ընտրարշավի նույն մարտավարությունն է ընտրել «Ազատ հայրենիք» դաշինքը, որի գաղափարական առաջնորդ Պարույր Հայրիկյանը ու մյուսները շեշտը դնում են իրենց ուժի արժեքային ինքնատիպության վրա։
ՀԱԿ-ը, «Պատիվ ունեմ» դաշինքը, «Ազգային- ժողովրդավարական բևեռը», «Շիրինյան-Բաբաջանյան» դաշինքը շեշտը դնում են թիրախային հանդիպումների ու ինֆորմացիոն քաղաքականության վրա։ Մեծ հաշվով, նրանցից յուրաքանչյուրը փորձում է ներկայանալ որպես երրորդ ուժ, իհարկե՝ տարբեր քաղաքական այցեքարտերով։
2018-ի օրինակով՝ դարձյալ ինքնատիպ, սակայն համեստ քարոզարշավ է կիրականացնում ՔՈ ՍԴԿ-ն։ Մի քանի օր առաջ այս կուսակցությունը Երևանի տարբեր համայնքների ընտրողների հրամցրել էր ինքնատիպ երաժշտություն։

Քարոզարշավի ստվերը

Դատարանը երեկ բավարարել է Հատուկ քննչական ծառայության միջնորդությունը և ընտրակաշառք տալու գործով երկու ամսով կալանավորել պատգամավորության թեկնածուին։
Նա Գագիկ Ծառուկյանի առաջնորդած «Բարգավաճ Հայաստան» կուսակցության ընտրացուցակի 83-րդ համարը ներկայացնող Գավառի բնակիչ Արամայիս Ապրոյանն է։
Եթե ԲՀԿ-ն կատարվածին քաղաքական գնահատական չի տվել ու շարունակում է իր բնականոն քարոզարշավը, ապա «Պատիվ ունեմ» դաշինքը քաղաքական հետապնդում է համարում նույն կասկածանքով ձերբակալված իր ներկայացուցչի՝ Արմավիրի նախկին քաղաքապետ Ռուբեն Խլղաթյանի ձերբակալման փաստը։
Նիկոլ Փաշինյանը երեկ խոստացել է, որ ընտրակեղծարարների «բերքահավաք» է լինելու, ինչը շատերին հիմք է տալիս պնդելու, որ ընտրակաշառքի «բացահայտումները» տեղի են ունենում գործող վարչապետի ուղղակի հրահանգով։ Փաշինյանը շանս ունի հերքել այս մեղադրանքը, եթե, իհարկե, պատժի նաև իր թիմակիցներին, որոնք ընտրարշավի ժամանակ վարչական ռեսուրսի տոտալ չարաշահում են թույլ տալիս։ Փաշինյանի թիմակիցները չեն պատժվում, ինչն առնվազն հիմք է տալիս ենթադրելու, որ գործ ունենք առնվազն ընտրովի արդարադատության հետ, ինչն, անշուշտ, ստվերում է ընտրությունների լեգիտիմությունը։
Ավելի լուրջ սկանդալ է հասունանում Հանրային հեռուստաընկերության և «Պատիվ ունեմ» դաշինքի միջև։
Երեկ «Պատիվ ունեմ» դաշինքը, ինչպես նախատեսված է եղել ընթացակարգերով, Հանրային հեռուստաընկերություն է ներկայացրել իր նախընտրական քարոզչական հոլովակը, ինչպես մնացած քաղաքական ուժերը, սակայն հեռուստաընկերությունը մերժել է դրանց հեռարձակումը՝ պատճառաբանելով, թե դրացում կան վիրավորանքի ու զրպարտության բաղադրիչներ։
Պնդումներ չենք անի, գուցե գործ ունենք իրավական կազուսի հետ, սակայն ակնհայտ է՝ խնդիրն արագ պետք է կարգավորվի, հակառակ պարագայում՝ պաշտոնական ցենզուրան կարող կասկածի տակ դնել քարոզարշավի լեգիտիմությունը։
Մյուս կողմից, քաղաքական ուժերը, այդ թվում՝ ՔՊ-ն, «Պատիվ ունեմ»-ը, պետք է մտածեն իրենց քաղաքական գովազդների բովանդակության, որակի մասին։ Խնդիրն այն է, որ եթե Հանրայինն օբյեկտիվ լիներ, ապա Նիկոլ Փաշինյանի խոսքը նույնպես շատ հաճա չպետք է հեռարձակեր, որովհետև, օրինակ, «քաղաքացիական վրեժի», «վենդետայի» մասին հիշատակումներն առերևույթ բռնության կոչ են։ Կամ՝ անթույլատրելի է տարբեր ԶԼՄ-ներով Սերժ Սարգսյանի խոսքի այն հատվածի տիրաժավորումը, որում ակնհայտ հայհոյանք կա Փաշինյանի հասցեին։
Այս աղմուկի մեջ մի տեսակ անտեսված մնաց ՀԴԿ առաջին համար Տիգրան Արզաքանցյանի գրանցման չեղարկումը, որովհետև, ըստ ԿԸՀ-ի, նա կեղծել է բնակության մասին տեղեկանքը։ Արզաքանցյանն, իհարկե, կարծում է, որ իրենց դուրս են թողում ընտրական գործընթացից՝ բարձր վարկանիշ ունենալու պատճառով։

Փաշինյանն ու Քոչարյանը փողոց են կանչում

Քաղաքական ուժեր կան, որ ասում են՝ եթե ամսի 20-ին չհաղթենք, մենք հետընտրական գործընթաց ենք անելու, մենք ասում ենք, որ եթե մենք հունիսի 20-ին չհաղթենք, նշանակում է, որ ժողովուրդը որոշել է, որ չպիտի հաղթենք․ Գեղարքունիքում քարոզարշավի ընթացքում հայտարարել է Նիկոլ Փաշինյանը։
Ամբողջ խնդիրն այն է, սակայն, որ Փաշինյանի այս հայտարարությունը կոնտրաստի մեջ է մտնում նրա այլ ասածների, մասնավորապես՝ իր ուժի 60 տոկոսանոց քվեի անխուսափելիության և «պողպատյա հեղափոխության» պնդման հետ։
Ակնհայտ է՝ ընտրությունները Փաշինյանի համար «լեգիտիմ» են, եթե իր իշխանությունը վերարտադրվում է, հակառակ պարագայում՝ նա փորձելու է իր կողմնակիցներին հանել փողոց։
Նիկոլ Փաշինյանը մի քանի անգամ բացահայտ ակնարկել է, որ ընտրությունները լեգիտիմ է համարելու, եթե իր քաղաքական ուժը ստանան 60 տոկոս քվե։ Պատահական չէ, որ արտահերթ խորհրդարանական ընտրությունների քվեարկության հենց հաջորդ օրվանից՝ հունիսի 21-ից, մինչև հունիսի 24-ի ժամը 10:00-20:00-ը «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը հավաքներ է նախատեսում Երևանի Հանրապետության հրապարակում:
Ասում են՝ նույն մտադրությունը ունի նաև իր հաղթանակի մեջ համոզված Ռոբերտ Քոչարյանը, որի աջակիցների հանդիպման վայրն էլ լինելու է Ազատության հրապարակը։ «Մենք համոզված ենք, որ այս իշխանությունը արդեն չկա, ուղղակի ուրվական է, աթոռից կպած և փորձում են մեկ անգամ ժողովրդին մոլորեցնելու հաջողությունը կրկնել»,- այսօր Նոյեմբերյանում ասել է այս դաշինքի անդամ, ՊՆ նախկին նախարար Սեյրան Օհանյանը։ Սա նույնպես «հունիսի 21» նախապատրաստելու շարքից է։
Հիմնական դերակատարների անտագոնիստական հռետորաբանությունը չի թուլանում ու ժողովուրդը տագնապով սպասում է հունիսի 21-ին։

Բաժանորդագրվեք մեզ Youtube-ում

Exit mobile version