Շահարկումների վտանգավոր մեխանիկան

Երեկ Ադրբեջանը Հայաստանին է վերադարձրել 15 գերեվարված հայերի՝ Հայաստանի կողմից դրա դիմաց ստանալով Աղդամի ականապատ դաշտերի քարտեզները: Այս գործընթացում անգնահատելի դերակատարություն են ունեցել Վրաստանի և ԱՄՆ իշխանությունները, ինչի համար անկեղծորեն երախտապարտ ենք բարեկամ երկրներին։
Անկեղծորեն տխրեցնում է այն հանգամանքը, որ երեկվանից դրական այս լուրի շուրջ գեներացվում է անառողջ մի դիսկուրս՝ բազմաշերտ դրսևորումներով։
Օրինակ, Նիկոլ Փաշինյանը պոզիտիվ այս լուրը փաթեթավորեց իր նախընտրական քարոզչության հետ, ինչը պատճառ դարձավ, որ նրա ընդդիմախոսները գեներացնեն այն միտքը, որ անգամ հումանիտար այս ակցիան իշխանության կողմից գծագրվել է նախընտրական տրամաբանությամբ։
Երկկողմանի անթույլատրելի վարքագիծ է․ ռազմագերիների հարցը պետք է դուրս դրվի ներքաղաքական կոնյուկտուրայից, որևէ մեկն այն չպետ է օգտագործի նախընտրական նպատակներով։ Փաշինյանը «գլուխ գովելու» առիթ չունի, որովհետև մեր տասնյակ եղբայրներ շարունակում են գտնվել Բաքվի դժնդակ բանտերում, ընդդիմությունը չպետք է գնա ամեն բան «սևացնելու» ճանապարհով, որովհետև եթե Հայաստանի 15 ընտանիքներ երեկ երջանկության մեջ են, ապա չի կարելի դավադրապաշտական վարկածներով մթագնել հանրային դրական սպասումները։
Շատ ավելի վտանգավոր է, որ քաղաքական ուժերը գերիների վերադարձի գործընթացն օգտագործում են իրենց արտաքին քաղաքական սիմպատիան կամ հակակրանքն արտահայտելու համար։ Մենք՝ որպես պետություն և հասարակություն, ռազմագերիների վերադարձման հարցում պետք է ակտիվորեն համագործակցենք բոլոր երկրների, շահագրգիռ կազմակերպությունների հետ ու աններելի է, երբ կարճատեսություն ենք ունենում ամերիկյան ջանքերը հակադրել ռուսականին կամ՝ հակառակը։ Մենք պետք է համադրենք մեր բոլոր գործընկերների ջանքերը՝ երախտապարտ լինելով բոլոր այն գործընկերներին, որոնք իրենց դիվանագիտական ռեսուրսներն օգտագործում են՝ մեր եղբայրներին գերությունից հետ վերադարձնելու համար։

Բաժանորդագրվեք մեզ Youtube-ում Subscribe

նման նյութեր