Site icon politcom

Քարոզչության 8-րդ օրը․ մի հեռախոսազրույցի սկանդալ, Միրզոյանի «խոստովանությունը»

ԱԺ արտահերթ ընտրությունների քարոզարշավն այնքան աղմկոտ է, որ երբեմն ավելի կարևոր են դառնում այն իրադարձությունները, որոնք անուղղակի են կապված ընտրական գործընթացի հետ, սակայն դրա վրա բավականին մեծ ազդեցություն ունեն։ Այսօր քարոզարշավի մասնակիցների ելույթներին կամ հանդիպումներին չենք անդրադառնա, մանավանդ, որ դրանք կրկնվում են՝ պահպանելով քաղաքական էսկալացիայի բարձր մակարդակը։

Այս քարոզարշավն ուղեկցվում է սկանդալներով, որոնք բացահայտում են նոր իրողություններ, կարող են կործանել, ավելացնել կամ բարձրացնել վարկանիշներ։

 

Փաշինյանին ոչ ադեկվատ են համարում սեփական թիմում

 

Տարածքային կառավարման նախարար, ՔՊ նախընտրական շտաբի ղեկավար Սուրեն Պապիկյանի ու Էջմիածնի քաղաքապետ Դիանա Գասպարյանի հեռախոսազրույցի ձայնագրությունն իր մեջ որևէ նորություն չի պարունակում։ Ուզածդ «քայլական» մասնավոր զրույցի 5-րդ րոպեին խոստովանում է, որ Փաշինյանի վարքագիծը ոչ ադեկվատ է։ Դե, x պահին դա արել է նաև Դիանան։

Այս առումով՝ նոր բան չկա, եթե հաշվի չառնենք այն հանգամանքը, որ բացահայտվում է այն իրողությունը, որ նույնիսկ Փաշինյանի թիմն այլևս, ըստ էության, հույսեր չի կապում նրա հետ։ Եթե տեսականորեն պատկերացնենք այն սցենարը, որ առաջիկա ընտրություններում իշխանությունը՝ Փաշինյանի դեմով, վերարտադրվում է, ապա ճգնաժամը, մեղմ ասած, չի կարող հաղթահարվել, որովհետև եթե անգամ սեփական թիմի համար գործող վարչապետը կանխատեսելի չէ, ապա նրա նկատմամբ խորքային վստահություն չի կարող ունենալ առավել ևս հասարակությունը։

Մյուս կողմից, շատ կարևոր է այն հանգամանքը, թե երբ է արվել այս ձայնագրությունը։ Եթե այն արվել է 2020թ-ի նոյեմբերի 16-ին, ինչպես պնդում են որոշ ԶԼՄ-ներ, ապա կոնկրետ ընտրական գործընթացի վրա դրա ազդեցությունը գերագնահատել պետք չէ։

Սակայն այլ արժանահավատ աղբյուրներ պնդում են, որ Պապիկյանին ու Գասպարյանին գաղտնալսել են այս քարոզարշավի մեկնարկին՝ հունիսի 7-ին, երբ Էջմիածնի քաղաքապետը «հարձակման» է ենթարկվել Փաշինյանի կողմից՝ այդ օրվա հանրահավաքին քիչ մարդ ապահովելու համար։

Եթե այս վարկածը ճիշտ է, ապա դա բացահայտում է ոչ միայն Փաշինյանի հոգեվիճակը, այլ անհամեմատ կարևոր այլ հանգամանք․ փաստորեն՝ սա անուղղակի ապացույց է այն մեղադրանքի, որ Փաշինյանն իր մարզային հանդիպումների մարդաշատությունն ապահովում է վարչական ռեսուրսի տոտալ չարաշահմամբ, անգամ չխորշելով աննախադեպ ճնշումներ գործադրել համայնքապետերի նկատմամբ։

Սրանք հարցեր են, որոնք սպասում են իշխանության առաջին դեմքերի պատասխաններին։ Այսօր Պապիկյանն ու նրա խոսնակը, Լիլիթ Մակունցն ու մյուսները նախընտրեցին «ջրել» այս թեման՝ թերևս այդ «մենաշնորհը» թողելով Փաշինյանին։

 

Արարատ Միրզոյանի խոստովանությունը

 

ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը «Ազատություն» ՌԿ-ի հետ զրույցում այսօր անդրադարձել է Սուրբ Աթոռում ՀՀ նախկին դեսպան Միքայել Մինասյանի՝ ամիսներ առաջ հրապարակած փաստաթղթին, որով վերջինս հայտնում է, թե Միրզոյանը Թուրքիայի գործակալ է:

Հարցին՝ ի վերջո Միրզոյանն ստորագրե՞լ է Մինասյանի հրապարակած փաստաթուղթը, ԱԺ նախագահը դրական պատասխան է տվել։

«ՀՀ ԱԱԾ-ն ինձ՝ որպես Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի ասպիրանտի և գիտաշխատողի, Հայաստանի ազգային արխիվի հասարակական-քաղաքական փաստաթղթերի բաժնի աշխատակցի, որպես պատմաբանի, որը այդ շրջանում Ցեղասպանությանն անդրադարձող, դրա տարբեր հիմնահարցերին վերաբերող հոդվածներ էր գրում՝ նաև արտասահմանյան պարբերականներում, Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին ընդառաջ դիմել է և խնդրել, առաջարկել՝ աջակցել իրենց նշված օրակարգով»,- ասել է Միրզոյանը՝ հերքելով Մինասյանի մեղադրանքի մյուս հատվածը, թե իբրև եղել է թուրքական գործակալ։

Այս սկանդալը, ինչ-որ իմաստով, կարելի է սպառված համարել։ Ի սկզբանե, շատերը հասկացել են, որ «թուրքական գործակալի» պնդումը առարկայազուրկ է, մյուս կողմից՝ վստահ լինելով, որ Միրզոյանը «գործակալական» պատմություն ունի, այլ խոսքով՝ հավաքագրվել է ԱԱԾ-ի կողմից։

Բաժանորդագրվեք մեզ Youtube-ում

Exit mobile version