Site icon politcom

Քարոզչության 9-րդ օր․ Փաշինյանը մուրճով սպառնաց այս անգամ Սյունիքի էլիտային

Ճաշակի խնդիր է՝ էլիտան կարող եք դնել չակերտների մեջ կամ առանց դրանց։
Գոնե մեզ համար ակնհայտ է, որ ոչ Նիկոլ Փաշինյանը և ոչ էլ Սյունիքի, այսպես կոչված, էլիտան չեն արտահայտում սյունեցիների հավաքական տրամադրությունները։ Ավելի շուտ, Սյունիքը դարձել է հակամարտ երկու այս խմբավորումների հակադրության, գզվռտոցի թիրախը։
Փաշինյանի հետպատերազմյան երկու այցերը Սյունիք, կարելի է ասել, ձախողվեցին։ Առաջին անգամ Հայաստանի փաստացի վարչապետը չկարողացավ առաջանալ Սիսիանից այն կողմ, երկրորդ անգամ ականատես դարձանք հայտնի «ողջույնի» պատմությանը։
Այս անգամ Փաշինյանը, պատկերավոր ասած, «արշավել էր Սյունիք՝ իր հետ տանելով հարյուրավոր կողմնակիցների։
Իհարկե, ազդարարված ավտոերթը ֆորմալ առումով միտված էր ազգային միասնությանը, բայց փաստն այն է, որ բովանդակային հարթության վրա Փաշինյանն այսօր թիրախավորել է Սյունիքի համայնքապետերին, որոնք միավորվել են նրա մրցակից Ռոբերտ Քոչարյանի դաշինքում։
Ձեր տված պողպատե մանդատով մենք շատ տեղերից՝ ներառյալ այստեղից, այ սրանով հանելու ենք այդ ժանգոտած մեխերին, տարբեր քաղաքապետարաններում ծվարած դուրսպրծուկներին, Սիսիանում այսօր ասել է Նիկոլ Փաշինյանը։
Նիկոլ Փաշինյանն իր ելույթում կրկին ցուցադրել է մուրճը և նշել, որ այն իրենց պողպատյա մանդատի սիմվոլն է։ «Ձեր տված պողպատե մանդատով մենք շատ տեղերից՝ ներառյալ այստեղից, այ սրանով հանելու ենք այդ ժանգոտած մեխերին, տարբեր քաղաքապետարաններում ծվարած դուրսպրծուկներին, որովհետև Սյունիքը նրանց համար հայրենիք չէ, այլ մաքսային տերմինալ, դեպի իրենց օֆշորային հաշիվները համալրող աղբյուր՝ ատկատներ անելու՝ ժողովրդի հաշվին, իրենց ՍՊԸ–ների հաշիվները լցնելու միջոց, և այս մանդատով ջարդելու ենք բոլոր նրանց հաշիվները, ՍՊԸ–ները։ Այս հանցագործ դուրսպրծուկներին հատ–հատ ծակերն ենք կոխելու ձեր անունից»,–ասել է նա։
Եթե Սյունիքի համայնքապետերն իրապես հանցագործներ են, ապա ինչո՞ւ նրանց վերաբերյալ անցած երեք տարիներին չի կայացվել գեթ մեկ իրավական ակտ։ Եթե Փաշինյանը դարձյալ զբաղված է պոպուլիզմով, ապա արձանագրենք, որ նա ավտորիտար համակարգ կառուցելու անթաքույց ցանկություն ունի ու դրան է ծառայեցնում ԱԺ արտահերթ ընտրությունները։
Սակայն խնդիրն ունի մեկ այլ քաղաքական բաղադրիչ։
Ինչքանո՞վ է կոռեկտ բաժանարար գծեր առաջացնել Սյունիքում, երբ թշնամին զավթել է նրա մի հատվածը, իսկ մի քանի տասնյակ կիլոմետր հեռու՝ Շուշիում, Էրդողանն ու Ալիևը ֆորմալիզացնում են իրենց զավթողական պլանները։
Այսօրվա իր այցով Փաշինյանը նպաստե՞ց, թե՞ վնասեց ազգային միասնությանը։ Հռետորական այս հարցի պատասխանը թողում ենք ընթերցողներին։

Բաժանորդագրվեք մեզ Youtube-ում

Exit mobile version