Քարոզչության 10-րդ օր․ ի՞նչ է սպասվում Հայաստանին հունիսի 21-ի առավոտյան

Այսօր Նիկոլ Փաշինյանի ՔՊ-ն քարոզարշավ է իրականացնում Վայոց ձորի մարզում, Ռոբերտ Քոչարյանը կողմնակիցների հետ մեկնել է Շիրակի մարզ։
Շեշտում ենք հատկապես այս երկու քաղաքական ուժերին, որովհետև նրանցից յուրաքանչյուրն այսօր էլ հայտարարել է իր անվերապահ հաղթանակի հեռանկարի մասին։
Գլոբալ հարթության վրա Նիկոլ Փաշինյանի «պողպատյա հեղափոխության» թեզը հենց դա է ենթադրում, որ նա, բացի իր թիմի հաղթանակից, ցանկացած այլ լուծում համարելու է ոչ լեգիտիմ ընտրության հետևանք։ Ավելին, Փաշինյանն այնքան վստահ է իր հաղթանակի հարցում, որ հուլիսի 15-ին խոստանում է ազգայնացումների շարք, «ասֆալտին փռելու» մասկի շոուներ։
Հռետորաբանության կոշտության առումով իշխանության թիմին չի զիջում «Հայաստան» դաշինքը, որի առաջնորդ Ռոբերտ Քոչարյանն իր համար չի պատկերացնում որևէ այլ կարգավիճակ՝ բացի վարչապետի պաշտոնից։
Իհարկե, երկու հակադիր բևեռների պնդումներն իրականության հետ որևէ աղերս չունեն։
Կասկածից վեր է, որ ընտրական կամպանիայի որևէ ուժ հունիսի 20-ի ընտրություններում կայուն մեծամասնություն ունենալ չի կարող։ Սա են վկայում մեր շփումները, սոցիոլոգիական բոլոր հարցումները, հիմնական մրցակիցների հանրային հավաքների դիտարկումները։
Արդ, ի՞նչ սպասել հունիսի 20-ից կամ՝ ի՞նչ է սպասվում Հայաստանին հունիսի 21-ի առավոտյան։
Եթե մենք լինեինք քաղաքական քաղաքակիրթ մշակույթ ունեցող պետություն՝ անտագոնիստական բաղադրիչի բացակայությամբ, ապա ընտրությունների ավարտից հետո ԱԺ անցած չորս-հինգ կուսակցությունների ներկայացուցիչները քաղաքական բանակցություններ կանցկացնեին՝ կոալիցիոն կառավարություն ձևավորելու շուրջ կամ կնշանակվեր ընտրությունների երկրորդ փուլ, որի միջոցով ֆավորիտներից մեկը կստանար կայուն մեծամասնություն։
Բայց անտագոնիստական ռեժիմի պայմաններում քաղաքական կոմպրոմիսները գրեթե բացակայում են, ինչը գործնականում երկու սցենարի հնարավորություն է ընձեռում։
Շատ հնարավոր է, որ ընտրություններից հետո ունենանք երկու «հաղթող», որոնք իրենց հարաբերությունները պարզեն փողոցում՝ դրանից բխող անկանխատեսելի հետևանքներով ու նոր ԱԺ լեգիտիմության լրջագույն դեֆիցիտով։
Մյուս վարկածն այն է, որ «կայունացնող» դերակատարություն ունեն արտաքին կենտրոնները, որոնց գծագրմամբ ու թելադրանքով էլ ձևավորվեն հետընտրական կոալիցիաները, «նշանակվեն» իշխանություն և ընդդիմություն։ Սա, իր հերթին, վերջնականապես կամրագրի Հայաստանի «պրոտեկտորատային» կարգավիճակը։

Բաժանորդագրվեք մեզ Youtube-ում Subscribe

նման նյութեր