Քարոզչության 11-րդ օր․ հարցեր «բացակա» Նիկոլին

Դեռևս ընտրական գործընթացի մեկնարկին էր պարզ, որ Հանրային հեռուստատեսության կազմակերպած ավարտական բանավեճերն այս անգամ բովանդակային հարթության վրա չեն կայանալու։
Անտագոնիստական ռեժիմը, կամպանիայի ֆավորիտների՝ միմյանց ոչնչացնելու գայթակղությունը վերջնականապես զրոյացրել է քաղաքական երկխոսության, բանավեճի, քաղաքական խոսքի ու ծրագրի արժեքը։ Երբ քաղաքական ուժերը միմյանց դիմում են, լավագույն դեպքում, «կապիտուլյանտ» ու «թալանչի» որակումներով, դժվար է պատկերացնել նրանց բանավեճը, քաղաքական դիսկուրսը։
Մյուս կողմից, ընտրական գործընթացի մասնակիցների անբնական առատությունը տեխնիկական բարդություններ առաջացրեց բանավեճի կազմակերպման համար։ Հանրային հեռուստատեսության ընտրած բանաձևը՝ կուսակցություններին ու դրանց դաշինքներին երկփուլանի բանավեճի հրավիրել ըստ քաղաքական ուժերի պետական գրանցման հերթականության, միանշանակ չընդունվեց քաղաքական ուժերի կողմից։
Բանավիճային «սորտավորման» այս տարբերակը քաղաքական ուժերին բաժանեց ըստ քաշային կատեգորիաների։
Հեռուստատեսային բանավեճի առաջին զամբյուղում ընդգրկված էին 13՝ հիմնականում նորաստեղծ կուսակցություններ, որոնցից էլեկտորալ որոշակի շանսեր ունեն(խոսքն ամենևին էլ անցողիկության շեմը հաղթահարելու կարողության մասին չէ, ինչի հնարավորությունն այս ուժերը չունեն) միայն երկուսը՝ «Ազգային-ժողովրդավարական բևեռ» կուսակցությունը և «Շիրինյան-Բաբաջանյան ժողովրդավարների դաշինքը»։
Հանրայինի առաջին բանավեճի 13 մասնակիցներից 8-ը հրավերը բոյկոտել էին ի սկզբանե, «Մեր տունը Հայաստանն է» ցուցակի առաջին համարը՝ Տիգրան Ուրիխանյանը, Հանրայինի տաղավարը լքեց՝ բանավեճի ձևաչափի շուրջ իր անհամաձայնությունը հայտնելուց անմիջապես հետո։
Տաղավարում մնացած չորս ուժերի ներկայացուցիչները՝ «Արդար Հայաստանի», «Վերելքի», Հայաստանի Եվրոպական կուսակցության և «Ազգային-ժողովրդավարական բևեռի» առաջին համարներն, ըստ էության, բանավեճային նյութ չունեին, առնվազն՝ երկու պատճառով։
Այս քաղաքական ուժերն, ըստ էության, որևէ ազդեցություն չունեն ընտրական այս գործընթացի վրա, մյուս կողմից՝ նրանց շատ հարցեր մնացին օդում կախված, որովհետև Երրորդ հանրապետության երեսուն տարիների պատասխանատուներից որևէ մեկը տաղավարում չէր։ Խորհրդանշական է, որ «Արդար Հայաստան» կուսակցության ղեկավար Նորայր Նորիկյանի հարցն ուղղված էր «բացակա» Նիկոլ Փաշինյանին։
Այսօր Հանրային եթերում նախատեսված է երկրորդ բանավեճը՝ «ծանրքաշայինների» մասնակցությամբ, որը, սակայն, դարձյալ բովանդակային չի լինի՝ որոշների բոյկոտի ու բանավիճային ձևաչափի բացակայության հետևանքով։

Բաժանորդագրվեք մեզ Youtube-ում Subscribe

նման նյութեր