Site icon politcom

Քարոզչության վերջին օր․ չստացված բանավեճեր

Այսօր ԱԺ արտահերթ ընտրությունների քարոզարշավի վերջին օրն է։ Գլխավոր իրադարձությունը, թերևս, երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի «Հայաստան» դաշինքի եզրափակիչ հանրահավաքն է Հանրապետության հրապարակում։

Մինչ այդ արձանագրենք, որ երեկ Հանրային հեռուստաընկերությունն ավարտեց երկփուլանի քաղաքական բանավեճերը։ Երեկվա քննարկումը, որին մասնակցում էր նաև գործող վարչապետ Նիկոլ Փաշինյանն, անշուշտ, շատ ավելի բովանդակային էր, քան նախորդ օրվանը, սակայն ընտրական այս գործընթացում բանավեճային ինստիտուտը, մեծ հաշվով, տապալվեց։

Դատեք ինքներդ։

Երկու օրերի ընթացքում բանավեճերին ընտրական գործընթացի 25 մասնակիցներից միայն 11-ը մասնակցեցին։ Հարցը միայն քանակական բաղադրիչին չի վերաբերում։ Բանն այն է, որ 11 մասնակիցներից միայն մեկը՝ Նիկոլ Փաշինյանի «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունն է դասվում ընտրությունների ֆավորիտներ շարքին, բանավեճերին մասնակից ևս երկու ուժ՝ Արամ Սարգսյանի «Հանրապետություն» և Էդմոն Մարուքյանի «Լուսավոր Հայաստան» կուսակցությունը ֆավորիտներ չեն, սակայն պահպանում են անցողիկ շեմը հաղթահարելու որոշակի հնարավորություններ։

Ընտրական գործընթացի մյուս ֆավորիտները՝ Ռոբերտ Քոչարյանի «Հայաստան» դաշինքը, Գագիկ Ծառուկյանի ԲՀԿ-ն, Սերժ Սարգսյան-Արթուր Վանեցյան տանդեմի «Պատիվ ունեմ» դաշինքը ու անցողիկության շեմը հաղթահարելու հնարավորություն ունեցող Լևոն Տեր-Պետրոսյանի ՀԱԿ-ը Հ1-ի բանավեճերը բոյկոտեցին, հիմնականում՝ Փաշինյանի անձով պայմանավորված։

Դժվար է ասել՝ ինչքանով է մոտիվացված այս մարտավարությունը, մանավանդ, օրինակ, արմատական ընդդիմության համարում ունեցող նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը երեկ մասնակցում էր հեռուստաբանավեճին ու անկաշկանդ քննադատում էր Փաշինյանին։

Սակայն ավելի կարևոր է փաստի արձանագրումը․ ընտրական այս գործընթացում ծրագրային, քաղաքական բանավեճ տեղի չունեցավ։ Ընդ որում, տեղի չունեցավ ոչ միայն Հանրայինի եթերում, այլ նաև ողջ քարոզչության ընթացքում։

Քաղաքական հիմնական դերակատարները զբաղված էին միմյանց վարկաբեկելով, կոշտ հռետորաբանությամբ ու էսկալացիան մեծ հավանականությամբ փոխադրվելու է տեղամասեր, հետո գուցե՝ փողոցներ ու հրապարակներ։ Այնպիսի տպավորություն է, որ հունիսի 20-ին գործընթացը ոչ թե ավարտվելու է, այլ նոր միայն մեկնարկելու է։

Բաժանորդագրվեք մեզ Youtube-ում

Exit mobile version