Ընտրություններն ավարտվեցին, ճգնաժամը՝ ոչ

ԱԺ արտահերթ ընտրություններն ավարտվեցին։
Դրականն այն է, որ ի հեճուկս հոռետեսական կանխատեսումների հետընտրական բախումներ, կարծես թե, տեղի չունեցան։ Դրական է նաև այն, որ պրիմիտիվ ռևանշիզմն աջակցություն չունեցավ՝ չնայած երկրորդ և երրորդ նախագահներն այլևս հանրային վստահության մանդատով ֆորմալացրեցին իրենց ընդդիմադիր կարգավիճակը։
Սակայն ընտրությունների բացասական հետևանքներն ավելի շատ են։
Նիկոլ Փաշինյանն իր իշխանությունը վերարտադրեց՝ առանց ռացիոնալ ծրագիր ունենալու, զրո քաղաքական պատասխանատվությամբ ու ապագայի տեսլականի բացակայությամբ։ Իշխանության վերարտադրության համար Նիկոլ Փաշինյանը պարտական է, առաջին հերթին, ոչ թե մեր հասարակությանը, այլ՝ արտաքին քաղաքական կոնսենսուսին։ Կարճ ասած՝ չեմ կարծում, թե այս ընտրություններն ավելացրեցին Փաշինյանի թիմի պոտենցիալը կամ նրա լեգիտիմությունը՝ անկախ նույնիսկ ընտրություններում ստացած նրա քվեներից։ Գոնե ինձ համար ակնհայտ է, որ երեկվա ընտրություններում ավելի շատ պարտվել է նախկին համակարգն՝ իր հայտնի դեմքերով, քան հաղթել են Փաշինյանն ու նրա թիմը։
Այսօրվա իրավիճակը շատ նման է 2017-ի խորհրդարանական ընտրություններից հետո ձևավորված համատեքստին։ ՀՀԿ-ին ու Սերժ Սարգսյանին թվում էր՝ երկարաժամկետ կտրվածքով լուծել են իշխանության հարցը, բայց արտաքին աշխարհում սպառվում էր ներսից ճաքեր տված համակարգի «առաքելությունը»։
Հիմա իրավիճակին դրամատիզմ է հաղորդում նաև պարտության դառնությունը, որն ամեն օր ավելի է խորանում Նիկոլ Փաշինյանի ներկայությամբ։
Մենք ունենք իշխանություն, որն իր թվացյալ հաղթանակի ստվերում հրճվում է Հայաստանի պարտության էլեկտորալ կապիտալիզացիայի վրա։
Մենք ունենք պարտված ընդդիմություն, որն իրականությունից փախուստի ճանապարհին հակադրվում է հանրությանն ու արտաքին կոնսենսուսին։
Մենք ունենք հասարակություն, որի ընտրությունը չունի արժեքային բաղադրիչ․․․
Մնում է գուշակել, թե քանի ամսից է տեղի ունենալու նոր արտահերթը։

Բաժանորդագրվեք մեզ Youtube-ում Subscribe

նման նյութեր