Լուզեր իշխանությո՞ւն, թե՞ վերջացած պոպուլիստներ

Լուզեր իշխանությո՞ւն թե՞ վերջացած պոպուլիստներ

Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը «Ազատություն» ռադիոկայանին տված երեկվա հարցազրույցում ԱԳ նախկին նախարար Արա Այվազյանին մեղադրել էր գերիներին վերադարձնելու հարցը տորպեդահարելու, ստելու մեջ:
«Այվազյանը, լինելով պաշտոնյա, մեր գործընկերներին ասում էր, որ մենք չունենք ականապատ դաշտերի այն քարտեզները, որոնք արդեն փոխանցել ենք: Երբ Այվազյանը հրաժարական տվեց, հնարավորություն ստեղծվեց լուծել այս հարցը: Նա ոչ միայն ստում էր, այլև տորպեդահարում էր», – ասել էր Գրիգորյանը:
Հայաստանի պաշտոնաթող արտգործնախարար Արա Այվազյանը NEWS.am-ի խնդրանքին ի պատասխան չի մեկնաբանել Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանի հայտարարությունները՝ միաժամանակ դրանք որակելով «անհեթեթ զրպարտություններ»:
Նիկոլ Փաշինյանի թիմի ներկա և նախկին պաշտոնյաների հեռակա մեղադրանքների բովանդակությանն անդրադառնալ չենք ցանկանում՝ վստահ լինելով, որ ժամանակն է ամենամեծ դատավորը, որն, ի վերջո, ամեն բան դնելու է իր տեղը՝ պատմության համար արձանագրելով իշխանության հավաքական ու նրա յուրաքանչյուր ներկայացուցչի անհատական պատասխանատվությունը։
Բայց մեկ այլ հանգամանքի մասին լռել չեն կարող։
Մենք մառազմատիկ իրականության մեջ ենք ապրում։ Երբ նոյեմբերի 9-ի եռակողմ խայտառակ հայտարարությունից հետո Արա Այվազյանը ԱԳ նախարար նշանակվեց, անխտիր բոլորը այս նշանակումը քննադատում էին։
Բայց այն ժամանակ Այվազյանը Փաշինյանի «սրտի նախարարն» էր ու դարձավ «բոբո», երբ սկանդալային հայտարարությամբ հրաժարական տվեց։
Հիմա իշխանությունը` ԱԽ քարտուղարի բերանով ասում է, որ Այվազյանը տապալել է գերիների վերադարձման գործընթացը։
Լավ, այս ինչ անմեղսունակ վիճակ է. փաստորեն այս իշխանությունը, եթե հավատանք ԱԽ քարտուղարին, լուզերների մագնիս է ու «դավաճան» են դառնում նրա պեղած բոլոր կադրերը` Վանեցյան, Գասպարյան, Այվազյան…
Ընդ որում, սկզբում Վանեցյանն, օրինակ, Փաշինյանի ու նրա շրջապատի համար հակակոռուպցիոն պայքարի առաջամարտիկ էր, հետո դարձավ Սերժ Սարգսյանի «տան տղա», Գասպարյանը մի գեներալ էր, որի շուրջ հյուսվում էր Տավուշի հերոսամարտը, հետո դարձավ «նախկիններին» ծառայող «թույլիկ» գեներալ, Այվազյանն էլ «փայլուն» նախարար էր իր պաշտոնանկությունից ընդամենը մեկ շաբաթ առաջ, հետո դարձավ «շարքային սաբոտաժնիկ»։
Փաստորեն՝ այս իշխանությունը «լուզերների», «դավաճանների» մագնիս է, կամ էլ` գործ ունենք վերջացած պոպուլիստների հետ, որոնք պիտակավորում են ցանկացած մեկին, ով որևէ սկզբունք ունի ու այլևս չի ցանկանում մնալ «իզմ»-երից զուրկ անսկզբունքների նավի վրա։

նման նյութեր