Site icon politcom

«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է քաղաքագետ, «Դեմոկրատական այլընտրանք» կուսակցության քաղաքական խորհրդի նախագահ Սուրեն Սուրենյանցը

«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է քաղաքագետ, «Դեմոկրատական այլընտրանք» կուսակցության քաղաքական խորհրդի նախագահ Սուրեն Սուրենյանցը

– Պարո՛ն Սուրենյանց, Արցախի Հանրապետությունում նախագահի հրաժարականի պահանջով բողոքի ակցիաներ են: Ինչպե՞ս եք գնահատում այս գործընթացը:

– Չանդրադառնալով Արայիկ Հարությունյանի գործունեությանը, որի նկատմամբ ես ինքս շատ մեծ վերապահումներ ունեմ, սակայն խնդիրն այստեղ նրա անձը չէ կամ գործունեության դրական և բացասական ենթատեքստերը, խնդիրն ավելի խորքային է:

Նախագահական ինստիտուտը մնացել է Արցախի սահմանափակ սուբյեկտայնության խորհրդանիշներից մեկը: Վստահ չեմ, որ այս պայմաններում Արայիկ Հարությունյանի հնարավոր հրաժարականից հետո Արցախում հնարավոր կլինի ընտրություններ անցկացնել: Եթե նույնիսկ ինչ-որ կերպ անցկացվեն, դրանք կճանաչվե՞ն ինչ-որ մեկի կողմից, այդ թվում՝ Մինսկի խմբի համանախագահ երկրների:

Ճիշտ է, նրանք դե յուրե միշտ էլ չեն ճանաչել ընտրությունները, բայց փաստացի ընդունել են, որ Արցախն ունի նախագահ ու իր իշխանությունները:

Այսինքն՝ մտավախություն ունեմ, որ Հարությունյանի հրաժարականից հետո Արցախում տեղի չեն ունենա նախագահական ընտրություններ, քանի որ դրանց անցկացումը հնարավոր չի լինի մի շարք օբյեկտիվ և սուբյեկտիվ պատճառներով, որի հետևանքով մեծ ռիսկեր կան, որ Արցախում կհաստատվի ադրբեջանական կամ ռուս-ադրբեջանական համատեղ կառավարում, ինչը նշանակում է էական հարված Արցախի սուբյեկտայնության գաղափարին:

– Արցախի խորհրդարանի պատգամավորների գոնե մի մասը ձեր նշած այս վտանգները արդյոք չի՞ տեսնում, կարծում եք, նրանք իսկապե՞ս խնդրահարույց ոչինչ չեն տեսնում այստեղ, թե՞, տեսնելով հանդերձ, նոր նախագահ են ցանկանում ունենալ:

– Յուրաքանչյուրն ունի իր պատկերացումներն ու արժեհամակարգը: Ես կարծում եմ՝ այս հուզումների, ակցիաների իրական կազմակերպիչներն ամենևին էլ այդ պատգամավորները չեն: Նրանք այս գործընթացում զուտ արտաքին տեսանելիություն ապահովող սուբյեկտներ են: Խորապես վստահ եմ:

 Դե, ինչպես հավաստիացնում են, այդ ակցիաները ինքնաբուխ են և կապ չունեն քաղաքական որևէ ուժի հետ, դուք դա բացառո՞ւմ եք:

– Չեմ բացառում, որ Արայիկ Հարությունյանի նկատմամբ կան դժգոհություններ, որ Արայիկ Հարությունյանը նույնացվում է Նիկոլ Փաշինյանի հետ, և Արցախում նրա նկատմամբ օբյեկտիվորեն կարող է լինել շատ մեծ դժգոհություն:

Այդ օբյեկտիվ շերտը կա, բայց դրանց կողքին պետք է նկատի ունենանք բոլոր այն մարտահրավերները, որոնց մասին արդեն խոսեցի:

Ինքնաբուխ լինելու մասով էլ, այնուամենայնիվ, որոշ կասկածներ ունեմ: Այո՛, օբյեկտիվ հիմքեր կան, բայց դրանց զուգահեռ գործընթացն ունի ստվերային մոդերատորներ, որոնք կարող են լինել թե՛ Հայաստանում, թե՛ օտար կենտրոններում:

 Պարո՛ն Սուրենյանց, իսկ ձեր նշած ստվերային մոդերատորները ավելի հավանական է՝ որ Հայաստանի՞ց կլինեն, թե՞ դրսից:

– Պետք է նայել, թե արտաքին որ կենտրոններին է ձեռնտու Արցախի սուբյեկտայնության՝ անգամ փշրանքների վերացումը, որովհետև այս իրավիճակում գրեթե բացառում եմ Արցախում արտահերթ ընտրությունների անցկացումը կամ դրանց փաստացի ճանաչումը միջազգային խաղացողների կողմից:

Ադրբեջանը միանգամից առիթից օգտվելու է, հայտարարելու է, որ դե յուրե իրեն պատկանող տարածքում անցկացված ընտրությունները օրինական չեն, ինքը չի ճանաչում և այլն:

Վիճակը կայունանալուց հետո կարելի է թե՛ Արայիկ Հարությունյանի հրաժարականը պահանջել, թե՛խորհրդարանի արձակումը, բայց ոչ այս պահին:

– Ի՞նչ նկատի ունեք, երբ ասում եք՝ վիճակը կայունանա, այսինքն՝ ի՞նչ պիտի լինի, որ համարեք կայուն վիճակ է Արցախում:

– Գոնե պետք է հարցի կարգավորման բուն գործընթացը մտնի հունի մեջ, տեսնենք, որ կա քաղաքական դիսկուրս, գործընթաց, այդ համատեքստում հնարավոր կլինի Արցախում նաև ընտրություններ կազմակերպել:

Այս պահին Հարությունյանի հրաժարականը միայն օգտակար է լինելու Բաքվի իշխանություններին, գուցե որոշակի պլաններ նաև ռուսական կողմը ունի, բայց դա չի բխում հայկական շահերից:

– Հնարավոր համարո՞ւմ եք, որ այս ակցիաները ուղղորդվում են հենց Արցախից՝ որոշ ուժերի կողմից:

– Իհարկե, այն ուժերի կողմից, որոնք սերտորեն առնչվում են Հայաստանի որոշ հայտնի ուժերի հետ, որոնք էլ առնչվում են ռուսական որոշ հայտնի շրջանակների հետ:

– Իսկ Արցախի և Հայաստանի Հանրապետությունների իշխանությունների առնչությունը Ստեփանակերտում ընթացող գործընթացներին բացառո՞ւմ եք:

– Իհարկե շատ հավանական չեմ համարի, բայց չեմ բացառի, որ կարող են նաև իրենք այս ամենը բեմականացրած լինել՝ հաշվի առնելով Նիկոլ Փաշինյանի իշխանության արկածախնդիր լինելու բնույթը:

Եթե նրանք են մոդերատորները, ապա այն գնահատականները, որ հնչեցրի, վերաբերում են նաև նրանց:

– Պարո՛ն Սուրենյանց, կարծում եք, որ այդ ուժերը, գիտակցելով հնարավոր վտանգները, այնուամենայնիվ, գնում են նման քայլի, որ ի՞նչ լինի:

– Գիտեք՝ ոմանց հետաքրքրում է սեփական իշխանության հաստատումը միայն, իսկ այդ ճանապարհին իրենք պատրաստ են բազմաթիվ կարմիր գծեր անցնել:

Բայց չպետք է մոռանանք, որ Արցախը դեռևս չկայունացող առաջնագիծ է, և այնտեղ ֆորսմաժորային որևէ զարգացում նոր ռիսկեր է առաջացնում Արցախի սուբյեկտայնության ոչնչացման ճանապարհին:

Պնդում եմ, որ Արայիկ Հարությունյանի հրաժարականից հետո ինստիտուցիոնալ հիմքեր չեմ տեսնում նոր արտահերթ ընտրությունների կազմակերպման համար:

Բաժանորդագրվեք մեզ Youtube-ում

Exit mobile version