ԿԸՀ-ն ամփոփեց, «Հայաստանն» ընդվզեց․․․

ԿԸՀ-ն ամփոփեց «Հայաստանն» ընդվզեց․․․

ԿԸՀ արտահերթ նիստի ընթացքում ամփոփվեցին հունիսի 20-ին կայացած ԱԺ արտահերթ ընտրությունների վերջնական արդյունքները:
Միանգամից նկատենք, որ վերջնական արդյունքները գրեթե չեն տարբերվում նախնականից, ըստ այդմ՝ նոր ԱԺ-ն կունենա 107 մանդատ, որից 71-ը բաժին կհասնի Նիկոլ Փաշինյանի ՔՊ-ին, 29-ը՝ Ռոբերտ Քոչարյանի «Հայաստան» դաշինքին և 7-ը՝ Սարգսյան-Վանեցյան տանդեմի «Պատիվ ունեմ» դաշինքին։
Սակայն այս ընտրություններն էապես տարբերվում են 2018-ի խորհրդարանական ընտրություններից՝ անկախ այն հանգամանքից, որ ՔՊ-ն դարձյալ ունի բացարձակ մեծամասնություն։
Նախ՝ ՔՊ-ի հաղթանակը պակաս համոզիչ է ու երեք տարում նա կորցրել է մոտ 200 հազար ձայն։
Բացի այդ, ԱԺ անցած երկու ընդդիմադիր ուժերը հայտարարում են, որ չեն ընդունում խորհրդարանական ընտրությունների լեգիտիմությունը, «Հայաստան» դաշինքը հունիսի 20-ի ընտրությունների արդյունքները վիճարկելու է ՍԴ-ում։
Բացարձակապես նպատակ չունենք մանրամասն կանգ առնել խնդրի իրավական բաղադրիչի վրա, իհարկե՝ ունենալով մեր կարծիքը։
Տեղի ունեցած ընտրությունները հեռու են կատարյալ համարվելուց, դրանք մրցակցային էին, բայց ազատ չէին՝ դասական իմաստով, սակայն չենք կարծում, որ արձանագրված խախտումները կարող են ազդել ընտրությունների արդյունքների վրա ու համարյա համոզված ենք, որ բավարար չեն այն հիմքերը, որոնք ՍԴ-ին թույլ կտան՝ անվավեր ճանաչել ընտրությունները։
Մյուս կողմից, ինչ էլ որոշի ՍԴ-ն՝ դրանից քաղաքական իրողությունները չեն փոխվում։ Այս ընտրություններն ամենևին էլ չեն նպաստել քաղաքական ճգնաժամի հաղթահարմանը, հանրային համերաշխության հաստատմանը, ավելին՝ հակադրության ռեժիմը մեդիա հարթակից, փողոցներից տեղափոխվել է խորհրդարան՝ նրան դարձնելով Հայաստանի քաղաքական համակարգի ճգնաժամի հայելին։
Ընտրություններից հետ մենք չունենք ավելի որակյալ իշխանություն, ավելի ռացիոնալ ընդդիմություն, ավելի կոնսոլիդացված հասարակություն, իսկ երկրի առջև ծառացած մարտահրավերները միայն ահագնանում են։
Սարերի հետևում չեն ճգնաժամի ավելի խորացումն ու նոր արտահերթ ընտրությունների պահանջն ու սա ամենևին էլ հոռետեսական կանխատեսում չէ։

նման նյութեր