Հեղափոխությունը խժռում է իր զավակներին․ հերթը հասավ Հայ Մարությանին

Հայաստանի ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը Հանրային հեռուստատեսության եթերում կադրային ջարդ է խոստացել։
Եթե խոսքը ՔՊ-ի լուզեր կադրերից ազատվելու և որակապես նոր կառավարություն ձևավորելու մասին է, ապա այդ ջարդը նույնիսկ կարելի է ողջունել։
Բայց իշխանության կադրային բանկը ներառված է ՔՊ նախընտրական ցուցակում, որը, մեղմ ասած, կրեատիվ որեւէ լուծում չունի։
Ուրեմն, լավատեսության հիմքեր չկան, մանավանդ, որ իշխանության ու Փաշինյանի ընտանիքին պատկանող թերթի քննադատության թիրախում «դասալիք» Հայկ Մարությանն է ու «անհնազանդ» համայնքապետերը, որոնցից շատերն ընդգրկված են եղել «Հայաստան» կամ «Պատիվ ունեմ» դաշինքներում։
Այսինքն, Գրիգորյանի ասած «կադրային ջարդը», ամենայն հավանականությամբ, քաղաքական հաշվեհարդար է կամ քաղաքական վենդետա այն ՏԻՄ ղեկավարների, տնօրենների հանդեպ, որոնք հանդգնել են չաջակցել Փաշինյանի «հաղթանակին»:
Իր կառավարման առաջին եռամյակում Փաշինյանը թաղեց Արցախն ու Հայաստանի անկախությունը, հիմա «հուղարկավորվելու» հերթում ժողովրդավարությունն է։
Այս թեզը հիմնավորող բազմաթիվ փաստեր կարող ենք բերել, բայց թերևս կանգ առնենք այն զարգացումների շուրջ, որոնք տեղի են ունենում Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանի շուրջ։
Երկու օր առաջ վարչապետի գլխավոր խորհրդական Արայիկ Հարությունյանն ակնարկել է, որ իրենք դժգոհ են Մարությանից ու նրանից «ազատվելու» լուծումներ են գտնում։
Փաշինյան-Մարության հակասությունների մասին ակտիվ լուրեր շրջանառվեցին պատերազմից հետո։ Ըստ շրջանառվող վարկածի՝ Մարությանը բացասական վերաբերմունք ունի նոյեմբերի 9-ի պայմանագրի հանդեպ ու դրանով է պայմանավորված նրա քաղաքական սահմանազատումը Փաշինյանի թիմից։
Իհարկե, նման բան կարող է լինել, եթե նկատի ունենանք այն հանգամանքը, որ պատերազմից հետո մի քանի պատգամավորներ, մի շարք պաշտոնյաներ լքեցին գործող իշխանությունը։
Մյուս կողմից, կա վարկած, որ Երևանում ապօրինի կառույցները հայտնվել են Փաշինյանի թիմի նախընտրական «խոստումների» շրջանակում ու Մարությանի վերջին օրերի ակտիվ պայքարը ապօրինի կառույցների դեմ պատճառ է դարձել, որ նա այլևս անհանդուրժելի դառնա ՔՊ վերնախավի կողմից։
Իհարկե, շատ հավանական է այն պնդումը, որ խորհրդարանական ընտրություններում հաղթանակ տանելուց և «պողպատե» մանդատ ստանալուց հետո Փաշինյանը պարզապես քաղաքական վենդետա է իրականացնում իշխանության տարբեր օղակներում հանգրվանած «անհնազանդների» նկատմամբ՝ որպես նշանային թիրախ ընտրելով Մարությանին։ Ընդ որում, Երևանի գործող քաղաքապետից ուզում են ազատվել ոչ թե վատ կառավարելու, Երևանի զարգացումը տապալելու, այլ բացառապես քաղաքական նպատակներով՝ ՔՊ-ի վերարտադրությանը չնպաստելու համար։
Հեղափոխությամբ իշխանության եկածները շատ արագ վերածվում են դիկտատուրայի, եթե չեն ունենում ռացիոնալ օրակարգ, երկրի զարգացման տեսլական։ «Գիլյոտինը» կամ «մուրճը» դառնում են քաղաքական կատեգորիա, երբ վերջանում են իշխանության երկարաձգման ռացիոնալ ռեսուրսները ու հասարակությանը «տեսարաններով» կերակրելու անհրաժեշտություն է առաջանում։

Բաժանորդագրվեք մեզ Youtube-ում Subscribe

նման նյութեր