Անբովանդակ հաղթանակի ուրվականը․ ճգնաժամը կխորանա

Այս օրերին հաղթանակի խրախճանքի մեջ միայն իշխանության թիմն է, որտեղ ոգևորությունը միախառնված է ներքին գզվռտոցի, պաշտոններն իրար մեջ անելու գործընթացի հետ։
Հասարակությունը դրական սպասումների դաշտից դուրս է։ Մի կողմից, ժողովրդի մեծամասնությունը համարում է, որ իր գործն արել է՝ կանխելով նախկինների վերադարձն իշխանություն, մյուս կողմից՝ գիտակցում է, որ Նիկոլ Փաշինյանի թիմը երկիրը ճգնաժամից դուրս բերելու պոտենցիալ, կարողություն չունի։ Ինչպե՞ս կարող է ոգևորված լինել նման հասարակությունը, չմտածել արտագաղթի մասին։
Իրականում այս ընտրություններում ռացիոնալ որևէ բան չի հաղթել, չնայած ոգևորությանը՝ չի հաղթել նաև հեղափոխության թիմը, համենայն դեպս՝ բովանդակային հարթության վրա։
Եթե հեղափոխության հաղթանակից ավելի քան երեք տարի հետո ԱԺ-ում ինստիտուցիոնալիզացվում են մերժվածները՝ որպես խորհրդարանական ընդդիմություն, ապա սա արդեն հեղափոխության օրակարգի պարտություն է։
Եթե գործող խորհրդարանի քաղաքական խճանկարն արտահայտում է այն տոտալ հակադրությունը, բևեռացումը, որը պատճառ էր դարձել վերջին ամիսների ներքաղաքական ճգնաժամի, այլ խոսքով՝ նորընտիր ԱԺ-ն ճգնաժամի մոդել է, ապա ի՞նչ հաղթանակի մասին է խոսքը։
Նիկոլ Փաշինյանի նախընտրական և հետընտրական հիմնական հանրահավաքները զուրկ էին էներգետիկայից, ռացիոնալ հաղթանակի բաղադրիչից․ պատճառը շատ պարզ է՝ մարդիկ ոչ թե վստահության քվե են տվել Փաշինյանին, այլ կանխել են Քոչարյանի վերադարձը, այլ խոսքով՝ հաղթել է երկրորդ նախագահի հակավարկանիշը, որը տոկոսային հարաբերակցությամբ ամենաբարձրն էր։
Նման իրավիճակում իշխանության վստահության մանդատը չի կարող ամուր լինել, ինչի մասին երեկ ակամայից խոստովանեց նաև ՔՊ անդամ Հովիկ Աղազարյանն՝ ասելով, թե հասարակությունն իրենց մանդատ է տվել ոչ թե հինգ, այլ երկու տարվա համար։
Սակայն օբյեկտիվ այս պատկերը չի նշանակում, թե ամուր են Ռոբերտ Քոչարյանի ու նրա «Հայաստան» դաշինքի դիրքերը։
Նրանք էլ ստացել են «անտինիկոլի» ձայները, կարճ ասած՝ հավաքվել է մարդկանց խումբ, որն արագ հաղթանակի, իշխանության բաժնետոմսերը կիսելու նպատակ ուներ։ Հիշո՞ւմ եք դաշինքին մաս կազմող «Վերածնվող Հայաստան» կուսակցության ղեկավար Վահե Հակոբյանի թևավոր դարձած խոսքերը, թե իրենք նման չեն ընդդիմության։
Այո, այսպիսի ընդդիմություն իրապես չի լինում, որի բազմաշերտ ներկայացուցիչներին կոնսոլիդացնում է միայն արագ իշխանության գալու գաղափարը։
Նիկոլ Փաշինյանն այս ընտրությունների նոմինալ հաղթողն է, սակայն իշխանության ճգնաժամն ավելի կահագնանա, եթե իշխանությունը չունենա ռացիոնալ օրակարգ։ Այս պահին նման նշույլ անգամ չկա։
Ռոբերտ Քոչարյանն իր թիմի միասնականությունը պահելու խնդիր ունի։ Եթե նույնիսկ օբյեկտիվ է նոր արտահերթ ընտրությունների թեզը, դա Քոչարյանը շրջանառու դարձրեց՝ ոչ թե քաղաքական հաշվարկների ու վերլուծությունների հիման վրա, այլ սեփական թիմը կոնսոլիդացնելու, սպասման ռեժիմի մեջ դնելու իմպերատիվով։
Սա այն է, որ պետք է իմանալ հունիսի 20-ի ընտրությունների ու դրա «հաղթողների» մասին։

Բաժանորդագրվեք մեզ Youtube-ում Subscribe

նման նյութեր