ՔՊ-ն պետությունից վե՞ր․ խեղված պատկերացում պետության մասին

Անշուշտ, երկրի ղեկավարի իրավունքն է՝ ձևավորել իր աշխատակազմը, բայց մենք կարծիք արտահայտելու իրավունք ունենք, որովհետև այս մարդիկ աշխատավարձ են ստանում մեր հարկերի հաշվին։
Նիկոլ Փաշինյանն իր աշխատակազմի ղեկավարներին, ինչպես և մյուս պաշտոնյաներին, փոխում է սեզոնային ձեռնոցի տրամաբանությամբ։
Երեք տարիների ընթացքում նա փոխել է աշխատակազմի երեք ղեկավար։
Անհայտ է, թե ո՞ր արժանիքի համար Էդուարդ Աղաջանյանը հեղափոխությունից հետո հայտնվեց այդ պաշտոնում ու որ թերության համար ազատվեց աշխատանքից(չնայած՝ Աղաջանյանի անվան շուրջ սկանդալներն այնքան շատ էին, որ նա պաշտոնանկ արվելու հազար պատճառ ուներ)։
Կամ՝ եթե Արսեն Թորոսյանը հետպատերազմյան հանրային ցասումը զսպելու նպատակով ազատվեց առողջապահության նախարարի պաշտոնից, ինչո՞ւ նշանակվեց վարչապետի աշխատակազմի ղեկավար։ Իսկ հիմա ինչո՞ւ է ազատվում պաշտոնից ու առավել ևս՝ ինչո՞ւ է այդ պաշտոնում նշանակվում Արայիկ Հարությունյանը, որը ամենաքննադատված սուպերնախարարն էր, հետո անհասկանալի գլխավոր խորհրդական։
Սա՞ է «պողպատե հեղափոխության» տրամաբանությունը, թե՞ այն վիճելի ելույթները, որոնք Նիկոլ Փաշինյանը վերջին օրերին արտասանում է պետական տարբեր գերատեսչություններում։
«Կառավարման ամբողջ համակարգի նպատակը շատ հստակ է՝ իրագործել առաջիկա 5 տարիների ընթացքում այն, ինչ գրված է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախընտրական ծրագրում, որը հաստատված է Հայաստանի Հանրապետության քաղաքացու քվեով: Եվ, հետևաբար, պետական կառավարման համակարգում պետք է աշխատեն մարդիկ, ովքեր հավատում են այդ ծրագրին, ովքեր այդ ծրագիրը համարում են իրենց աշխատանքային ուղեցույցը, և սա կարևոր նախապայման է»,- երեկ ասել է Նիկոլ Փաշինյանը, երբ վարչապետի աշխատակազմին էր ներկայացնում նոր ղեկավար Արայիկ Հարությունյանին։
Ընտրության արդյունքները, քաղաքական կոնյուկտուրան կարող են ազդել կառավարության կազմի, նախարարների նշանակման վրա, բայց չեն կարող կառավարման ամբողջ համակարգի կադրային քաղաքականությունը, գործունեությունը կանխորոշել։
Կառավարման համակարգը պարտավոր է գործել ոչ թե իրար հաջորդող կառավարող կուսակցությունների ծրագրերով, այլ Սահմանադրությամբ ու օրենքներով, զարգացման կարճաժամկետ ու երկարաժամկետ ծրագրերով։ Եթե, իհարկե, մենք դեմոկրատական երկիր ենք ու, ասենք, չենք ուզում վերականգնել սովետների միության կառավարման տրամաբանությունը, որտեղ անգամ Սահմանադրության ուժով արձանագրված էր կոմունիստական կուսակցության բացառիկ դերը։ Եթե ՔՊ-ն պետությունից վեր է, ապա Նիկոլ Փաշինյանը խեղված պատկերացում ունի պետության մասին, համենայն դեպս՝ սահմանադրական այսօրվա կարգավորումների համատեքստում։
Քաղաքական խտրականությունը տեղ չի կարող ունենալ ժողովրդավարական համակարգերում, պետական ծառայողը պարտավոր չէ կուսակցական կոնկրետ դիրքորոշման ու ծրագրի կրող լինել, նա պարտավոր է օրենքով սահմանված կարգով բարեխիղճ կատարել իր աշխատանքը՝ ապահովագրված լինելով քաղաքական ճնշումներից ու հարկադրանքից։
Սա է դեմոկրատական պետության հիմնական հատկանիշը, որի հետ, կարծես, հակադրության մեջ է մտնում «պողպատե հեղափոխության» փիլիսոփայությունը։

Բաժանորդագրվեք մեզ Youtube-ում Subscribe

նման նյութեր