ՀԱՊԿ-ն երբեք Հայաստանի անվտանգության երաշխավոր չի եղել. ո՞րն է լուծումը

Հայաստանի հարավում իրավիճակի սրումը` կապված Ադրբեջանի հետ նոր սահմանի հաստատման հետ, «սահմանային միջադեպ» է և չի համապատասխանում հավաքական պաշտպանության մասին ՀԱՊԿ կանոնադրության դրույթներին: Այդ մասին, ինչպես փոխանցում էՏԱՍՍ  գործակալությունը, լրագրողներին ասել է կազմակերպության գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասը:

«Պետք է հասկանալ, որ ՀԱՊԿ ներուժն օգտագործվում է միայն [անդամ երկրներից մեկին ուղղված] ագրեսիայի, հարձակման դեպքում: Այստեղ գործ ունենք, ըստ էության, սահմանային միջադեպի հետ: Փա՛ռք Աստծո, զոհեր չկան, կրակոցներ չկան: Սա սահմանային միջադեպ է, այն պետք է լուծվի, և մենք կողմ ենք այն խաղաղ ճանապարհով լուծելուն», – ասել է նա:
ՀԱՊԿ-ն երբեք Հայաստանի անվտանգության երաշխավոր չի եղել։ Ես այդպես եմ մտածել միշտ` այն օրից, երբ Հայաստանը դարձել է այդ կազմակերպության անդամ։
Այս հարցում իմ «աչքերը բացվել» են ավելի վաղ, քան ՀԱՊԿ-ն իր ոչ համարժեք վարքագծով պարբերաբար զարմացնում էր Հայաստանի հասարակությանը։
ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի նախօրեին արած հայտարարությունը, որն ինձ ամենեւին չի զարմացրել, շատերին մղել է «արկածախնդիր» հանգուցալուծումների։
Այո, ՀԱՊԿ-ոչ միայն չի երաշխավորում Հայաստանի անվտանգությունը, այլ նաեւ խեղդում է մեր երկրի ինքնիշխանությունը։ Սա փաստ է, բայց նաեւ արկածախնդրություն է օրակարգ բերելը` այս պահին ՀԱՊԿ-ն լքելու պահանջը։
Դրա հետեւանքով առաջացած անվտանգային նոր ռիսկերը Հայաստանն այս պահին կառավարել չի կարող։
Այո, իմ պատկերացրած Հայաստանը տեղ չունի ՀԱՊԿ-ում, բայց դա կարող է տեղի ունենալ միայն այն պարագայում, երբ․
-ներքին բարեփոխումների արդյունքում կվերացվի օտար միջամտության համար պարարտ հող հանդիսացող համակարգը,
– Հայաստանը կվարի դիվերսիֆիկացված արտաքին քաղաքականություն,
– Հայաստանը կանխատեսելի ու բնականոն հարաբերություններ կունենա իր բոլոր հարեւան երկրների, այդ թվում` Թուրքիայի եւ Ադրբեջանի հետ,
– Հայ- ռուսական հարաբերություններն իրապես ռազմավարական ու գործընկերային կլինեն` կարիք չունենալով այլ հարթակների, որոնք էությամբ կայսերական նախագծեր են։
Ահա, քայլերի այսպիսի ամբողջությունից հետո կարելի է օրակարգ բերել ՀԱՊԿ-ից հեռանալու հարցը։

Բաժանորդագրվեք մեզ Youtube-ում Subscribe

նման նյութեր