«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը

«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է քաղաքագետ, «Դեմոկրատական այլընտրանք» կուսակցության քաղաքական խորհրդի նախագահ Սուրեն Սուրենյանցը

-Պարո՛ն Սուրենյանց, ինչպե՞ս եք գնահատում Ալիևի հրավերով Ադրբեջանում հավատարմագրված դեսպանների այցը Շուշի:

– Ադրբեջանը տարիներ շարունակ շատ ակտիվ դիվանագիտական ջանքեր էր գործադրում, և սպասելի էր, որ այդ մեծ գործընթացների համատեքստում Իլհամ Ալիևը նման այց կկազմակերպեր: Սա ունի և՛ քարոզչական, և՛ դիվանագիտական բաղադրիչ: Ալիևը փորձում է նաև ներդրումներ ներգրավել, ինչն ակնհայտ է, որովհետև Ադրբեջանում սոցիալական լարվածություն կա:

Ալիևի նախաձեռնությունը կարելի է մասամբ կամ ամբողջովին տապալված համարել, որովհետև, ըստ իս, այդ այցը հատուկ կազմակերպվել էր ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների դեսպանների համար, որոնք մերժել են այդ հրավերը:

-Համանախագահ երկրների դեսպանների կողմից Ալիևի հրավերի մերժումը սպասելի՞ էր:

-Ֆրանսիայի և ԱՄՆ-ի պարագայում կանխատեսելի էր, որովհետև պաշտոնական Փարիզն ու Վաշինգտոնը նոյեմբերի 9-ից հետո բազմիցս, ուղղակի կամ անուղղակի հայտարարել են, որ իրենց համար ընդունելի չէ ստեղծված իրավիճակը Լեռնային Ղարաբաղի շուրջ:

Ինչ վերաբերում է Ռուսաստանին, պետք է լրացուցիչ վերլուծություններ արվեն: Իմ նախնական եզրակացությունն այն է, որ, ըստ երևույթին, ռուս-ադրբեջանական հարաբերություններում տարաձայնություններ կան այսօր:

-Պարո՛ն Սուրենյանց, իսկ այդ հնարավոր տարաձայնությունները այս դեպքից հետո ի՞նչ ընթացք կստանան:

-Դժվարանում եմ ասել, որովհետև Մոսկվան պարբերաբար Հայաստանի հաշվին զիջումներ է անում Ադրբեջանին, և կրկին երկուսի հարաբերությունները վերադառնում են բնականոն հուն:

Հնարավոր է, որ հարաբերություններն ավելի սրվեն, որովհետև Ռուսաստանի ու Ադրբեջանի հարաբերությունները սկզբունքային բնույթ ունեն:

Համենայնդեպս, գիտենք, որ մեծ հաշվով գործ ունենք ռուս-թուրքական համաձայնությունների հետ և շատ դժվար է դրանք կանխատեսել, քանի որ այդ համաձայնությունները միայն Հարավային Կովկասով չեն պայմանավորված:

Այսինքն՝ ռուս-թուրքական հարաբերություններից են բխում Բաքվի և Մոսկվայի հարաբերությունները:

– Պարո՛ն Սուրենյանց, փաստորեն արձանագրում եք, որ Ալիևի նախաձեռնությունը ձախողվեց, քանի որ հիմնական թիրախը Մինսկի համանախագահ երկրներն էին, որոնք չե՞ն այցելել Շուշի:

-Մեծ մասով ձախողվեց, որովհետև, այո՛, եթե համանախագահ երկրների դեսպանները չեն մասնակցում Ալիևի քարոզչական-դիվանագիտական շոուին, դա մեսիջ է այն մասին, որ նրանք Լեռնային Ղարաբաղի խնդիրը կարգավորված չեն համարում, իսկ սա մեծ ապտակ է Բաքվին:

-Այս պարագայում Հայաստանի ղեկավարության քայյլերը որո՞նք պետք է լինեն: Արտաքին գործերի նախարարությունը պե՞տք է դատապարտող հայտարարությամբ հանդես գար:

– Մենք տխուր իրականության մեջ ենք, որ, ըստ էության, չունենք արտգործնախարարություն:

Ունենք միջազգային դրական ազդակներ, բայց Հայաստանի սուբյեկտայնությունն այնքան ոչնչացված վիճակում է, որ դժվարությամբ ենք կապիտալացնում այդ դրական ազդակները: Չգիտեմ՝ մեր դիվանագիտությունը կարո՞ղ է օգտվել այս ամենից, թե՞ ոչ, բայց եթե ես լինեի իշխանության փոխարեն, ոչ այնքան կդատապարտեի այցելողների վարքագիծը, որքան կակտիվացնեի դիվանագիտական ջանքերը Մինսկի խմբում:

Ակնհայտ է, որ Լեռնային Ղարաբաղի հարցի կարգավորումը կախված է համանախագահ երկրներից, և մենք պետք է վաղուց միակողմանի քաղաքականությունը մի կողմ դնեինք և շատ ակտիվ աշխատեինք Մինսկի խմբի համանախագահ երկրների հետ:

Վերջին օրերին Ադրբեջանում տեղի ունեցածն ազդակ էր, որ Մինսկի խմբի համանախագահությունը այս հարցում ավելի համերաշխ է պաշտոնական Երևանի դիրքորոշման հետ: Մեր դիվանագիտությունը պետք է շատ ակտիվ լինի այս իրավիճակը ի նպաստ Հայաստանին օգտագործելու համար, բայց դրա համար առաջին հերթին պետք է բարձրացնել երկրի սուբյեկտայնությունը, որովհետև այսօր Հայաստանը իր ոչնչացված սուբյեկտայնությամբ, արտաքին քաղաքականության զրոյական մակարդակով, ոչ կոմպետենտ վարքագծով գործընթացներից ընդհանրապես դուրս է մնացել:

– Պարո՛ն Սուրենյանց, ձեր նշած այդ սուբյեկտայնության բարձրացման համար անհրաժեշտ քայլերը որո՞նք են:

– Նախ՝ պետք է բարձրացնել կառավարման որակը թե՛ ներքին, թե՛ արտաքին քաղաքականության ոլորտում: Պետք է վարել շատ ակտիվ նախաձեռնողական քաղաքականություն, որը կունենա բազմավեկտոր արտաքին քաղաքականության բաղադրիչ:

Սրա համար, իհարկե, ժամանակ է պետք, բայց դեռևս նախնական քայլեր էլ չեմ տեսել այս ուղղությամբ: Բաքվում համանախագահ երկրների դեմարշը կապիտալացնելու համար պաշտոնական Երևանը պարտավոր է ավելի կոմպետենտ, բազմավեկտոր արտաքին քաղաքականություն իրականացնել:

– Համանախագահ երկրների՝ ձեր բնորոշմամբ դեմարշը ավելի շատ բխում է սեփակա՞ն շահերից, թե՞ Հայաստանի շահը նկատի է առնվել այնուամենայնիվ:

– Քաղաքականության մեջ ես ռոմանտիկայի չեմ տրվում, եթե այսօր Հայաստանը չի կարողանում իր շահերը ձևակերպել, շատ դժվար է ակնկալել, որ ուրիշները պետք է առաջնորդվեն Հայաստանի շահերով:

Այդ երկրները նախ՝ հավատարիմ են մնացել միջնորդի իրենց առաքելությանը, և երկրորդ՝ նրանցից յուրաքանչյուրը մեր տարածաշրջանում և դրանից բխող հարցերում ունի իր շահը:

– Պարո՛ն Սուրենյանց, եթե համանախագահ երկրների դեսպաններն այցելեին Շուշի, դա ի՞նչ ցույց կտար:

– Մասնակցությունը, իհարկե, ոչինչ չէր արձանագրի, բայց շատ ավելի անբարենպաստ ֆոն կլիներ Հայաստանի և Արցախի համար, բայց մեկ այցով հեռուն գնացող հետևություններ չի կարելի անել: Նման այցերը կամ դրանց բացակայությունը սովորաբար բխում է արտաքին քաղաքական օրակարգերից, եթե դեսպանները մերժել են Ալիևի հրավերը, նշանակում է՝ նրանց պատկերացումները Բաքվի պատկերացումների հետ չեն համընկնում, ինչը դրական է Հայաստանի համար:

– Իսկ մյուս երկրների դեսպանների այցելությունը Շուշի ի՞նչ կարող է տալ Ադրբեջանին՝ Արցախի հարցի կարգավորման շրջանակներում:

– Չթերագնահատենք, այնուամենայնիվ այնպիսի երկրների ներկայացուցիչներ են այցելել, որոնք կարող են որոշակիորեն ազդել միջազգային հանրության, ներդրումների հոսքի վրա:

Բայց Լեռնային Ղարաբաղի հետ կապված՝ մնում եմ այն կարծիքին, որ առաջնային դերակատարություն ունի համանախագահ երեք երկրի վարքագիծը, միջազգային կառույցներում նրանք են ստեղծում օրակարգ, որով ԼՂ-ի հարցի շուրջ այս կամ այն միջազգային կառույցում ձևավորվում է կարծիք:

Քրիստինե Աղաբեկյան

MediaLab.am

Բաժանորդագրվեք մեզ Youtube-ում Subscribe

նման նյութեր