Site icon politcom

Փաշինյանի իներցիան, որ տանելու է փակուղի

ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի որոշմամբ՝ Արմեն Գրիգորյանն ազատվել է Անվտանգության խորհրդի քարտուղարի պաշտոնից։
Նիկոլ Փաշինյանի մեկ այլ որոշմամբ՝ Արմեն Գրիգորյանը նշանակվել է արտաքին գործերի նախարարի առաջին տեղակալ։
Ըստ ամենայնի հաստատվում է ԶԼՄ-ներում տեղ գտած այն տեղեկությունը, թե Գրիգորյանը նշանակվելու է ԱԳ նախարար ու այսօր արձանագրվել է բազմափուլ այդ գործընթացի ընդամենն առաջին քայլը։
Առհասարակ՝ եթե դիտարկենք Փաշինյանի առաջին հետընտրական նշանակումները, դժվար չէ նկատել, որ հանրային ուղերձներն անտեսվել են։ Քարոզարշավի ողջ ընթացքում Փաշինյանն ընտրողներին խոստանում էր ավելի արդյունավետ կառավարում, ինչն, անշուշտ, անհնար է, եթե չի վերանայվում անցած երեք տարիների կադրային քաղաքականությունը։ Ի վերջո, Փաշինյանը հասարակությունից բոնուս է ստացել՝ նաև իր լուզեր թիմը փոխելու համար։
Ընտրություններից հետո Փաշինյանը երեք առանցքային կադրային նշանակում է արել, որոնցից որևէ մեկը լավատեսություն չի ներշնչում։
ԿԳՍՄ նախարարի պաշտոնում Արայիկ Հարությունյանը հասարակության կողմից ամենահաճախ քննադատվող պաշտոնյաներից մեկն էր ու պատահական չէ, որ պատերազմից հետո նա պաշտոնանկ արվեց՝ ժողովրդի դժգոհությունը մասամբ մեղմելու համար։ Հիմա արդեն պարզ է, որ սա իշխանության ընդամենը տակտիկական նահանջն էր, որովհետև Հարությունյանն այլևս վարչապետի աշխատակազմի ղեկավարն է։
Կամ՝ ի՞նչ բացատրություն կարող է ունենալ Արգիշտի Քյարամյանի նշանակումը ՔԿ ղեկավարի պաշտոնում։ Ինչպե՞ս կարող է պատերազմի օրերին ԱԱԾ տնօրենի պաշտոնից ազատված մարդը նշանակվել նման պաշտոնի ու առհասարակ՝ ո՞րն է Քյարամյանի «հմայքը», որ, անտեսելով քաղաքացիական սեգմենտի հետևողական քննադատությունները, Փաշինյանը նրան պահում է իշխանության բուրգում։
Նույնը վերաբերում է Արմեն Գրիգորյանին։
Եթե պարտված երկրում ԱԽ քարտուղարը պաշտոնանկ չի արվում և նշանակվում է պատասխանատու այլ պաշտոնում, նշանակում է՝ իշխանությունը հետևություններ չի արել պատերազմից կամ նպատակ ունի շարունակել պատերազմի հետևանքների ֆորմալացումը։
Սակայն խնդիրը միայն կադրային քաղաքականությունը չէ։
Զարմանում ես, որ մի կողմից իշխանությունը խոսում է ԱԺ ընտրություններում ստացած վստահության ուժեղ մանդատի մասին, մյուս կողմից՝ 2008-ի Հանրային խորհրդի անալոգիայով ստեղծվում է արտախորհրդարանական ուժերին միավորող ինչ-որ ձևաչափ։ Եթե Սերժ Սարգսյանը Վազգեն Մանուկյանին ու Հանրային խորհուրդն էր օգտագործում Լևոն Տեր-Պետրոսյանի դեմ, ապա հիմա Փաշինյանն արհեստականորեն փորձում է հակակշիռ ստեղծել խորհրդարանական նոր ընդդիմությանը։
Ընտրություններից հետո միակ բանը, որ իշխանության մոտ ստացվում է՝ դա ձերբակալություններն ու կալանավորումներն են։ Սյունիքի մի քանի համայնքապետեր, որոնք մաս էին կազմում «Հայաստան» դաշինքին, կալանավորված են։
Խնդիր չկա՝ եթե կա հանցագործություն, ապա պետք է լինեն նաև կալանավորումներ ու դատավճիռներ։ Ամբողջ խնդիրն այն է, սակայն, որ այս պարագայում կարծես գործ ունենք ընտրողական արդարադատության հետ, ինչի հետևանքով տպավորություն է, թե թիրախավորվում է ընդդիմադիր հայտնի դաշինքը։
Բացի այդ, Փաշինյանի քաղաքական օրակարգը հիմա սպասարկում է դատական նույն համակարգը, որն ընդամենն ամիսներ առաջ «խաղեր» էր «տալիս»՝ մտածելով, որ պատերազմից հետո երկրում իշխանափոխությունն անխուսափելի է։ Այնպիսի տպավորություն է, որ շուտով քաղաքական իշխանությունն ու դատական համակարգը կգտնվեն «համերաշխ համակեցության» մեջ, ինչի հետևանքով Փաշինյանը դարձյալ կմոռանա դատա-իրավական բարեփոխումների մասին։
Փաշինյանի մոտ իներցիան շարունակվում է, որ տանելու է փակուղի։ Մնում է կանխատեսել ժամկետները։

Բաժանորդագրվեք մեզ Youtube-ում

Exit mobile version