Իշխանության բարոյական անկումը

Արդեն լուծարված ԱԺ-ն երեկ թերևս վերջին նիստն անցկացրեց և ընդունեց իմքայլական պատգամավորներ Վիկտոր Ենգիբարյանի և Նիկոլ Բաղդասարյանի հեղինակած «Պետական պաշտոններ և պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» օրենքում փոփոխություններ կատարելու նախագիծը:

Նախագծով առաջարկվում է պատգամավորական ծախսերի համար հատկացվող ամսական գումարը 50 հազար դրամից դարձնել 250 հազար դրամ։

Այսպիսով` Նիկոլ Փաշինյանը «պողպատյա մանդատի» շրջանակներում առաջինը քողարկված ձևով բարձրացրեց իրեն հնազանդ ԱԺ-ի պատգամավորների աշխատավարձը` 600 հազարից ավելի «Պողոսներին» տված խոստումները թողելով «օդից կախված»:

«Իզմ»-եր չունեցող իշխանություններն իրենց թիմերին կոնսոլիդացնում են միայն ու բացառապես բարձր ռոճիկով ու պարգևավճարներով, մանավանդ, որ առջևում սպասվում են արտաքին քաղաքական «բարդ ու զգայուն» լուծումներ։

Որևէ մեկը չի վիճում, որ բարձրաստիճան պաշտոնյաները պետք է պատշաճ վարձատրվեն՝ կոռուպցիոն ռիսկերից ապահովագրվելու նպատակով, սակայն իշխանությունը պետք է ունենա առաջնահերթություններ՝ որևէ որոշում ժամանակին ու որոշակի չափանիշների ու սկզբունքների հիման վրա կայացնելու համար։

Օրինակ, երբ երեկ կառավարությունում քննարկվում էր ուսուցիչների աշխատավարձերի բարձրացման հարցը, Փաշինյանն արդարացիորեն ասել է․ «2022-ի սեպտեմբերի 1-ից բարձրացնելու ենք այն ուսուցիչ-դաստիարակների աշխատավարձերը, որոնք անցած կլինեն ատեստավորում և հաստատած կլինեն իրենց որակավորումները»։

Զարմանալի է, որ այս չափանիշը չի գործում բարձրաստիճան պաշտոնյաների մասով։ Նրանք նույնիսկ պարգևավճարներ են ստանում այն պարագայում, երբ նրանց կառավարման արդյունավետությունը մոտ է զրոյի։

Սակայն պատգամավորների աշխատավարձերի քողարկված բարձրացումն ունի նաև բարոյական բաղադրիչ։

Ինչքան բարոյականությունից հեռու պետք է լինի մի իշխանություն, որը նման օրինագիծ քննարկի մեկ օր անց այն ողբերգությունից, երբ Երեւանից ընդամենը 60 կմ հեռավորության վրա զինծառայող է սպանվում…

 

Բաժանորդագրվեք մեզ Youtube-ում Subscribe

նման նյութեր