«Դեմոկրատական այլընտրանք» կուսակցության Քաղաքական խորհրդի հայտարարությունը

«Դեմոկրատական այլընտրանք» կուսակցության Քաղաքական խորհրդի հայտարարությունը
«Դեմոկրատական այլընտրանք» կուսակցությունը 2020թ-ի նոյեմբերի 9-ի ամոթաբեր, նվաստացուցիչ եռակողմ հայտարարությունից հետո «Դեմոկրատական այլընտրանք» կուսակցությունն առաջինն էր, որ 2020թ-ի նոյեմբերի 12-ին հանդես է եկել ԱԺ արտահերթ ընտրությունների անցկացման պահանջով՝ դա համարելով քաղաքական համապարփակ ճգնաժամը հաղթահարելու միակ օրինական միջոց։
Արտահերթ ընտրությունները համարելով քաղաքական ճգնաժամի հաղթահարման պարտադիր պայման, այնուամենայնիվ՝ դեռևս 2021թ-ի մայիսի 24-ին «Դեմոկրատական այլընտրանք» կուսակցությունը հրապարակային հայտարարությամբ արձանագրեց, որ ընտրական գործընթացին ուղեկցող քաղաքական միջավայրն ամենևին էլ չի նպաստելու ներքին ու արտաքին անվտանգային ռիսկերի չեզոքացմանը և հայտարարեց, թե չի մասնակցելու ընտրություններին։
2021թ-ի հուլիսի 17-ին, ՍԴ որոշմամբ, ընտրական գործընթացը ստացավ իրավական հանգուցալուծում։
«Դեմոկրատական այլընտրանք» կուսակցությունը արձանագրում է․
1․ Ի գիտություն ենք ընդունում ՀՀ ԿԸՀ 2021թ հունիսի 27-ի և ՀՀ ՍԴ 2021թ-ի հուլիսի 17-ի որոշումները։ Միով բանիվ, արձանագրում ենք, որ հունիսի 20-ի ընտրությունները միայն ֆորմալ առումով էին ազատ ու մրցակցային, իսկ բովանդակային հարթության վրա հասարակությունը չի ունեցել իրական ընտրության հնարավորություն՝ կաշկանդվելով «կապիտուլյանտ» իշխանության և «կոռումպացված նախկինների» փոխադարձ ագրեսիվ քարոզչության, վարչական ու կորպորատիվ ռեսուրսի չարաշահման բազմաթիվ փաստերով։
2․ Գործող իշխանության մեխանիկական վերարտադրությունը և հին համակարգի լեգիտիմացումը՝ որպես խորհրդարանական ընդդիմություն, միայն խորացնելու է ներքաղաքական ճգնաժամը՝ ճանապարհ բացելով ներքին ցնցումների ու արտաքին ճնշումների համար։ Պատահական չէ, որ գործող իշխանության ապիկար անգործության պայմաններում այս օրերին շարունակվում է անսքող ոտնձգությունը Հայաստանի տարածքային ամբողջականության նկատմամբ։ Խորապես համոզված ենք, որ իշխանության վերարտադրության ու խորհրդարանական այսպիսի խճանկարի ձևավորման հարցում գոյություն ուներ արտաքին քաղաքական կոնսենսուս, ինչը նոր անվտանգային ռիսկեր է ծնում Հայաստանի համար։ Եթե առաջիկա ամիսներին Հայաստանի քաղաքական ղեկավարությունը գնա երկրի ինքնիշխանությունը ու տարածքային ամբողջականությունը, Արցախի ինքնորոշման հեռանկարը վտանգող լուծումների(այդ թվում՝ տխրահռչակ «Զանգեզուրի միջանցքի» տրամաբանությամբ լուծման)՝ խորհրդարանական ընդդիմության «անհոգության» պայմաններում, ապա նման հեռանկարի ողջ պատասխանատվությունը՝ Նիկոլ Փաշինյանից ու նրա թիմից զատ, ընկնելու է նաև խորհրդարանական ընդդիմության վրա,
3․ 2021թ-ի հունիսի 20-ի արտահերթ ընտրությունները, դժբախտաբար, ավելի են խորացնելու քաղաքական ճգնաժամը՝ դառնալով յուրօրինակ թեստ վերջին երեսուն տարիների քաղաքական համակարգի, մտքի ֆիասկոյի համար։ Նոր ԱԺ-ն լինելու է ժամանակավոր, քաղաքական տեսանկյունից՝ թույլ և ամուլ ու ունենալու է սահմանափակ առաքելություն։ Սակայն այս դժվարին ճանապարհն անցնել է պետք՝ գործող իշխանության քաղաքական սնանկությունն ամբողջովին բացահայտելու, «ընդդիմադիր ազդեցիկ» առաջնորդների միֆը կոտրելու համար։ Միայն այսօրվա քաղաքական կոնյուկտուրայի այսպիսի էպիկրիզը, միֆերի վերջնական կործանումը կարող են քաղաքական առողջ զարգացումների նախադրյալներ ստեղծել։ Սա է պատերազմի պարտության հետ առերեսվելու, դրանից դասեր քաղելու, հանրային տրամադրությունների բնական սեգմենտացիային հասնելու բազմափուլ, դժվարին ու փշոտ ճանապարհը։
«Դեմոկրատական այլընտրանք» կուսակցությունը հայտարարում է, որ․
– Գործելու է ընդդիմադիր դաշտում՝ որևէ ձևաչափում հնարավոր չհամարելով համագործակցությունը գործող իշխանության հետ՝ նրան համարելով երկրի ինքնիշխանության, Արցախի փաստացի կորստի հիմնական պատասխանատուն,
– Նորընտիր ԱԺ-ի ընդդիմադիր դաշինքների մեջ նույնպես չենք տեսնում գործընկեր ուժեր՝ նրանց նույնացնելով քսանամյա անփառունակ իշխանավարման հետ, որոնց խորհրդանիշներն են դարձել Հոկտեմբերի 27-ի ու Մարտի 1-ի ոճրագործությունները,
– Իրեն համարում է ինքնիշխան Հայաստանի, բազմավեկտոր, հավասարակշռված արտաքին քաղաքականության, հարևան երկրների հետ արժանապատիվ երկխոսության ու բնականոն հարաբերությունների հաստատման, եվրոպական չափանիշներին համապատասխան ներքին բարեփոխումների իրականացման օրակարգի, 88-ի համազգային շարժման արժեքային համակարգի կրողը ու այդ հենքի վրա փորձելու է կոնսոլիդացնել քաղաքական ուժերին ու հասարակական տարբեր սեգմենտներին։
«Դեմոկրատական այլընտրանք» կուսակցությունը համոզված է, որ ընտրությունների արդյունքում երկրում ձևավորված քաղաքական միջավայրը միայն խորացնելու է ճգնաժամը՝ ժամանակի ընթացքում գրեթե անխուսափելի դարձնելով նոր արտահերթ ընտրությունների անցկացումը, ինչպես նաև նպաստելու է քաղաքական և հանրային կոնսենսուսին՝ կիսանախագահական կառավարման համակարգին վերադառնալու հարցում։ Համախոհ քաղաքացիների ու քաղաքական ուժերի մասնակցությամբ լայն կոնսոլիդացիա ստեղծելով՝ մտադիր ենք ակտիվ մասնակցել քաղաքական գործընթացին, բոլոր մակարդակի ընտրություններին։
Մենք մերժում ենք Նոյեմբերի 9-ն ու Հոկտեմբերի 27-ը։
Մեր ընտրությունը Սեպտեմբերի 21-ն է։
«Դեմոկրատական այլընտրանք» Կուսակցության
Քաղաքական խորհուրդ
19․07․2021

նման նյութեր