«Հայաստանն»՝ առանց Քոչարյանի

«Հայաստանն»՝ առանց Քոչարյանի

«Հայաստան» դաշինքը հայտարարություն է տարածել, որում ասվում է, որ դաշինքը որոշել է վերցնել պատգամավորական մանդատները՝ ստանձնելով նաև խորհրդարանում պայքարը շարունակելու պատասխանատվությունը: Այս որոշումից մեկ օր առաջ էլ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը հայտարարություն էր տարածել՝ բավականին օբյեկտիվորեն բացատրելով, թե ինչու է անձնապես հրաժարվում մանդատից։
Երկուսն էլ կանխատեսելի որոշումներ էին, այնուամենայնիվ առաջանում են մի քանի հարցեր։
«Հայաստան» դաշինքում հիմնականում միավորված են մարդիկ, ովքեր անցած տարվա նոյեմբերից կատեգորիկ դնում էին Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջը՝ նրա իշխանության պարագայում հրաժարվելով անգամ ընտրություններին մասնակցելու գաղափարից։
Այս մարդկանց «սկզբունքայնությունն», իհարկե, տևեց մինչև այն պահը, երբ հայտարարվեց արտահերթ ընտրությունների անցկացման օրը։ Նրանք ոչ միայն մասնակցեցին ընտրություններին, այլ ինչպես տեսնում ենք՝ մեծ սիրով վերցնում են մանդատները և, ըստ ամենայնի, չեն հրաժարվելու նաև ԱԺ փոխնախագահի ու հանձնաժողովի երկու նախագահների պաշտոններից, որոնք, ըստ օրենքի, պատկանում են ընդդիմությանը։
Հիմա լեգիտիմ հարց՝ արդյո՞ք կարելի է հավատալ «սկզբունքայնության» այսպիսի հետագիծ ունեցող ընդդիմությանը, որ ինքը լինելու է արմատական ու չի համագործակցելու գործող իշխանության հետ։ Հնարավո՞ր է՝ «Հայաստան» դաշինքը փոխի իր դիրքորոշումը, եթե, օրինակ՝ մոսկովյան ինչ-որ շրջանակներ, տարբեր պատճառներով, որոշեն, որ ճիշտը Քոչարյանի ու Փաշինյանի թիմերի կոալիցիան է։ Իհարկե, նման սցենարն այսօր տեսական է թվում, բայց հեռանկարի համար կարող է իրական դառնալ, եթե նկատի ունենանք այն հանգամանքը, որ նոր ԱԺ-ում ներկայացված բոլոր երեք ուժերն, ըստ էության, իրենց օրակարգն առնվազն համաձայնեցնում են Մոսկվայի հետ։
Երկրորդ հարցն այն է, թե ինչքանով «Հայաստան» դաշինքը կարող է ԱԺ-ում պահպանել իր միասնությունը, եթե նկատի ունենանք այն հանգամանքը, որ ՀՅԴ-ի ու «Վերածնվող Հայաստանի» միակ «մերանը» Քոչարյանն է, որը փաստորեն հրաժարվում է մանդատից։ Համարձակվում ենք պնդել, որ «Հայաստան» դաշինքը՝ որպես միասնական միավոր, կդադարի գոյություն ունենալ հենց այն օրը, երբ Քոչարյանը կլքի քաղաքականությունը։
Մեր վերջին հարցադրումը վերաբերում է հենց այս հարցին։
Արդյո՞ք Քոչարյանը՝ խորհրդարանից դուրս գտնվելով, կարող է պահպանել իր ազդեցությունը դաշինքի նկատմամբ, թե՞ երկրորդ նախագահն այլևս նման օրակարգ չունի, որովհետև կորցրել է իշխանության գալու մոտիվացիան ու շանսը։

Հ․ գ- ի դեպ, երեկ հայտարարություն էր տարածել նաև «Պատիվ ունեմ» դաշինքը, սակայն այն վերաբերում էր ոչ թե մանդատները վերցնել-չվերցնելու խնդրին, այլ սահմանային ճգնաժամին։ «Պատիվ ունեմ»-ից հայտնում են, որ այս պահին դաշինքը քննարկում է պատգամավորական մանդատները վերցնել-չվերցնելու հարցը։ Չնայած՝ մի քանի մանդատ ունենալն այս դաշինքի համար արդեն իսկ ձեռքբերում է ու խիստ կանխատեսելի է, որ Վանեցյանն ու նրա թիմը նույնպես ջանասիրաբար լծվելու են խորհրդարանական գործունեությանը։

նման նյութեր