Site icon politcom

Պուտինի ակնարկը և Երևանի «եվրոպական հովերը»

Անդրադառնալով Պուտին-Ալիև երեկվա հանդիպմանը՝ «Դեմոկրատական այլընտրանք» կուսակցության նախագահ Սուրեն Սուրենյանցը ՖԲ իր էջում գրել է․

Դիվանագիտության մեջ արտահայտությունները, տերմինները չափազանց կարևոր են։ Դրանցով քաղաքական լիդերները արտահայտում են իրենց դիրքորոշումները տարբեր հարցերի վերաբերյալ։
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ կայացած հանդիպման ժամանակ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը կարևորել է «իրավիճակի կարգավորումը տարածաշրջանում»:
Ուշադրություն դարձրեք՝ խոսվում է ոչ թե ԼՂ խնդրի, այլ իրավիճակի կարգավորման մասին։
Այս տերմինաբանությունը միանգամայն բխում է պաշտոնական Բաքվի հռետորաբանությունից, որը համարում է, թե ԼՂ խնդիր գոյություն չունի, այն լուծվել է պատերազմի ժամանակ ու հարկ է կենտրոնանալ հետպատերազմյան հարցերի վրա։
Ո՞րն է ռուսական մոտեցման մոտիվացիան։
Արդյո՞ք մեր դիվանագիտության ձախողումը ու հայ-ռուսական հարաբերություններում առաջացած «ճեղքերը» թե՞ տարածաշրջանում վերջին օրերին դրսևորված արևմտյան ակտիվությունը Մոսկվայի ու Բաքվի համար ձևավորել է ընդհանուր օրակարգ, ինչի մասին, ի դեպ, ակնարկում են ռուսաստանյան փորձագիտական շրջանակները։ Խոսքն այն մասին է, որ Արցախում ռուսական խաղաղապահների և ԼՂՀ բեկորների ժամանակավոր կարգավիճակի հարցը կարող է լուծվել ռուս-ադրբեջանական երկկողմ համաձայնությունների դաշտում՝ գործընթացից փաստացի դուրս թողնելով Հայաստանին ու արևմտյան համանախագահությանը։
Մյուս կողմից, ակնհայտ է, որ Մոսկվան չի ցանկանա, գոնե այս փուլում, հրաժարվել ՄԽ համանախագահության ձևաչափից՝ ըստ անհրաժեշտության դա հակակշռելով տարածաշրջանում Թուրքիայի օրակարգին։ Այլ խոսքով, Մոսկվան տարածաշրջանում զուգահեռաբար օգտագործում է թե Թուրքիայի հետ իր հարաբերությունների և թե ՄԽ գործիքակազմը։
Իհարկե, այս բոլոր հացերի մասին հետաքրքիր կլիներ իմանալ պաշտոնական Երևանի դիրքորոշումները, սակայն Հայաստանի իշխանություններն այս պահին կարծես թե տարված են միայն «եվրոպական հովերով»՝ նախաձեռնողական պրագմատիկ քաղաքականություն վարելու փոխարեն հույսերը դնելով արևմտյան մայրաքաղաքներից հնչող ազդակների վրա

Բաժանորդագրվեք մեզ Youtube-ում

Exit mobile version