Site icon politcom

Վաղարշակը գնաց, Արշակը եկավ

Երեկ աշխատանքից ազատվել է ՊՆ նախարար Վաղարշակ Հարությունյանը, իսկ ԳՇ պետի տեղակալ Արշակ Կարապետյանը նշանակվել է ՊՆ առաջին փոխնախարար՝ կառավարության ձևավորման փուլում նախարար նշանակվելու հեռանկարով։
Խոստովանենք՝ Վաղարշակ Հարությունյանը թույլ, բնավորություն չունեցող նախարար էր, որի պաշտոնանկությունը կարող էր տեղի ունենալ ցանկացած պահի։
Հարությունյանի նախարարական «բնավորության» բացակայությունը պարզ էր դեռ 1999-2000թթ-ին ու ավելի ակնհայտ դարձավ հիմա ու պատահական չէ, որ երկու դեպքում էլ նա, այսպես ասած, անցումային նախարարի կարգավիճակում մնաց՝ պաշտոնավարելով մի քանի ամիս։
Բայց այստեղ առաջանում են մի քանի հարցեր, որոնց պատասխաններ տալ դժվարանում ենք։
Այս օրերին Հայաստանի սահմաններում խիստ լարված վիճակ է, ի՞նչն էր խանգարում, որպեսզի Վաղարշակ Հարությունյանը առավելագույնը մեկ ամիս էլ պաշտոնավարեր ու փոխարինվեր նոր կաբինետի ձևավորման գործընթացում։ Թերևս, համաձայն կլինեք, որ սա ավելի բնական ու ինստիտուցիոնալ լուծում կլիներ։
Իսկ գուցե Հարությունյանն ու քաղաքական ղեկավարությունը տարբեր դիրքորոշումնե՞ր են ունեցել սահմանային ճգնաժամի ու դրա հանգուցալուծման ուղիների վերաբերյալ։ Հարցը, թեև հռետորական չէ, սակայն գրեթե վստահ ենք, որ պատասխան չենք ստանալու։
Թե՞ Հայաստանի անվտանգային համակարգն այնպիսի անմխիթար վիճակում է գտնվում կամ այնքան է հանձնված երրորդ երկրի ողորմածությանը, որ ամենևին էլ կարևոր չէ, թե ՊՆ նախարարը կարող է փոխվել սահմանային ճգնաժամի օրերին։
Արշակ Կարապետյանին, իհարկե, հաջողություն ենք մաղթում իր նոր պաշտոնում, սակայն հարցեր կան նաև նրա անձի հետ կապված։
Մի փոքր տարակուսելի է, որ 2016-ին ԳՇ հետախուզության պետ աշխատած ու Ապրիլյանից հետո պաշտոնանկ եղած սպան կարող է ՊՆ նախարար նշանակվել։ Հուսանք՝ նրա միակ «արժանիքը» Քոչարյանի դեմ տված ցուցմունքը չէ։
Ամեն դեպքում՝ աչքի է զարնում գործող իշխանության կադրային բանկի աղքատությունը․ նույն կադրերը տեղապտույտի մեջ են՝ իշխանության տարբեր կաբինետներում։

Բաժանորդագրվեք մեզ Youtube-ում

Exit mobile version