ՄԽ համանախագահության հայտարարություն՝ հայկական դիվանագիտության պարտության մասին

ՄԽ համանախագահության հայտարարություն՝ հայկական դիվանագիտության պարտության մասին
ԵԱՀԿ ՄԽ համանախագահության երեկվա հայտարարությունն արտաքուստ ստանդարտ միջնորդական փաստաթուղթ է հիշեցնում ավանդական կոչերով՝ իրավիճակը հանդարտեցնելու և բանակցություններին վերադառնալու կոչերով։
Սակայն, ըստ իս, համանախագահության երեկվա հայտարարությունը հայկական կողմի համար մի քանի վտանգավոր ուղերձներ է պարունակում, որը մի կողմից, վկայում է մեր դիվանագիտության ձախողման, մյուս կողմից՝ ռուսական ծրագրի շուրջ միջազգային կոնսենսուսի մասին։
«Համանախագահները կոչ են անում Հայաստանին և Ադրբեջանին անհապաղ հանդարտեցնել իրավիճակը, ձեռնպահ մնալ սադրիչ հռետորաբանությունից և գործողություններից, ամբողջությամբ կատարել նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության և հրադադարի համաձայնեցման այլ պայմանավորվածությունները»,- ասված է փաստաթղթում։
Եթե նկատեցիք, նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունից բացի՝ հիշատակվում է «այլ պայմանավորվածությունների» մասին։ Լեգիտիմ իրավունք ունենք մտածելու, որ միջազգային դիտորդներն ակնարկում են, որ «այլ պայմանավորվածությունների» չկատարողը հենց պաշտոնական Երևանն է՝ դրանից բխող հետևանքներով։
Եթե մենք ունենք նորմալ խորհրդարանական ընդդիմություն, ապա նրա առաջին պահանջն իշխանություններից պետք է լինի «այլ պայմանավորվածությունների» բացահայտումը, որպեսզի հասկանանք, թե ինչի մասին է համանախագահության ակնարկը։
Սակայն ավելի վտանգավոր ուղերձներ է պարունակում ԵԱՀԿ ՄԽ համանախագահության լակոնիկ հայտարարության հաջորդ հատվածը։
«Նրանք(համանախագահները) կրկնում են իրենց հովանու ներքո ուղիղ երկկողմ խորհրդակցություններ կազմակերպելու առաջարկը, որպեսզի կողմերը վերանայեն և համատեղ համաձայնեցնեն կառուցվածքային օրակարգը` արտացոլելով իրենց առաջնահերթությունները` առանց նախապայմանների», – ասված է հայտարարության մեջ:
Այլ խոսքով՝ միջնորդները ֆորմալիզացնում են պատերազմի հետևանքով ստեղծված նոր-ստատուս քվոն, այսինքն՝ ընդունում են, որ պատերազմի միջոցով լուծվել են մի շարք հարցեր։ Հայտարարության տեքստում, ի դեպ, բացակայում են ԼՂ-ին կամ նրա կարգավիճակին վերաբերող հիշատակումները, ինչը հենց մեր կողմից հիշատակված «նոր-ստատուս քվոյի» հետևանք է։
Մյուս կողմից, համանախագահներն, ըստ էության, առաջարկում են ձևավորել բանակցային նոր օրակարգ։ Սա մի պնդում է, որ շատ նման է Ադրբեջանի առաջ քաշած օրակարգին։
Մինսկի խմբի համանախագահության երեկվա հայտարարությունը հաստատում է այն պնդումը, որ պատերազմում կրած պարտությունից հետո Հայաստանն այլևս վճռորոշ դեր չի խաղում բանակցային գործընթացում։

Մյուս կողմից, առնվազն խոցելի են դառնում ԼՂ խնդրի միջազգայնացման ջատագովների պնդումները, որովհետև երեկվա փաստաթղթով ՄԱԿ ԱԽ երեք անդամներ, ըստ էության, կոնսենսուսի են եկել ռուսական ծրագրի հարցում՝ Մոսկվային վերապահելով առաջնային դերակատարություն կարգավորման գործընթացում։
Ուզենք, թե ոչ, սա է ռեալ պոլիտիկը, ինչը ենթադրում է, որ Հայաստանը վստահելի ու կանխատեսելի հարաբերություններ պետք է ունենա Ռուսաստանի հետ՝ ձգտելով նաև ուղղակի բանակցություններ վարել Բաքվի ու Անկարայի հետ։ Սա է մեր երկրի սուբեկտությունը վերականգնելու, արտաքին քաղաքականության դիվերսիֆիկացիային հասնելու էվոլուցիոն, դժվարին, սակայն անխուսափելի ճանապարհը։

նման նյութեր