Հետո էլ զարմանում ենք, թե ինչու է Աստված մեզ լքել

Հասարակական գործիչ Կարեն Հեքիմյանը իր ֆեյսբուքյան էջում գրել է․

Ուզում եմ հասկանալ. ի՞նչն է մեզ զարմացնում կամ զայրացնում ստեղծված նոր իրավիճակում: Ի՞նչը չգիտեինք, որ նոր իմացանք: Փաշինյան Նիկոլի՞ն չգիտեինք: Նոյեմբերի 9(10)-ի կապիտուլյացիայի մասի՞ն չգիտեինք: Հունվարի 11-ի մասի՞ն չգիտեինք: Դրանց հետևանքների մասի՞ն չգիտեինք: Հունիսի 20-ի ընտրությունների մասի՞ն չգիտեինք: Դրանց արդյունքների մասի՞ն չգիտեինք:
Ոչ: Բոլորն ամեն ինչ գիտեին: Մի մասը չէր հավատում: Մյուս մասն ուշ է հասկացել: Էն մի մասի համար էլ ամեն ինչ միևնույնն է: Այդ մասերի հանրագումարը շատ մեծ թիվ է: Դա հայ հասարակության զգալի մեծամասնությունն է:
Ի դեպ, միշտ էլ այդպես է եղել: Հայ հասարակության զգալի մեծամասնությունը հետադիմական է: Այն հասկանում, հավատում, հետաքրքրվում կամ դատապարտում է չարիքը միայն վերջինիս անբուժելի դառնալուց հետո: Այդպես է եղել կոմունիստների, Տեր-Պետրոսյան Լևոնի, Քոչարյանի Ռոբերտի, Սարգսյան Սերժի օրոք: Այդպես է նաև այժմ: Հենց դա է պատճառը, որ, ի տարբերություն այլ ժողովուրդների, հայաստանցիների մեծամասնությունը որևէ իրադարձությանը չի խառնվում և հույսը միշտ դնում է բացառապես Աստծո վրա: Իսկ ամենահետաքրքիրն այն է, որ այդ նույն մեծամասնությունը, որը հույսը դնում է Աստծո վրա, Աստծո գոյությանն էլ չի հավատում: Հակառակ դեպքում, այն շատ արագ կհասկանար և կդատապարտեր չարիքը մինչև դրա արմատավորումը:
Ի՞նչ ասեմ: Հենց այսպես էլ ապրում ենք: Անհավատ և չարիքի մեջ: Հետո էլ զարմանում ենք, թե ինչու է Աստված մեզ լքել:

Բաժանորդագրվեք մեզ Youtube-ում Subscribe

նման նյութեր