Site icon politcom

1995թ սկսած գիտակցաբար ընտրում ենք ապաքաղաքական խորհրդարաններ և գոհ ենք մեր ընտրությունից

Հանրային գործիչ Կարեն Հեքիմյանն իր ֆեյսբուքյան էջում գրում է․

Նորանկախ Հայաստանը, բացառությամբ 1990-95 թթ, չի ունեցել քաղաքական խորհրդարան:
Նորընտիր խորհրդարանը ևս քաղաքական չէ: Վերջինիս կազմում կա միայն մեկ դասական քաղաքական միավոր՝ ՀՅԴ: Այն էլ ոչ ինքնուրույն ՝ դաշինքի կազմում: Բացի սոցիալիստական ուղղվածություն ունեցող ՀՅԴ-ից, խորհրդարանում կան թվով 2 կուսակցականացված և անհայտ գաղափարախոսություն կրող կազմակերպություններ, ինչպես նաև թվով 3 անհատի շուրջ ինքնակազմակերպված խմբավորումներ: Այսինքն, չկան աջեր, լիբերալնել, ազգայնականներ, պահպանողականներ, դեմոկրատներ, կանաչներ և այլն (միգուցե նրանք կան, սակայն չգիտեն դրա մասին): Դրա փոխարեն կա անգաղափար խմբավորում, որն ամեն գնով ցանկանում է իշխանությունը պահել, ինչպես նաև մեկ այլ խմբավորում, որը դեմ է առաջին խմբավորման իշխանությանը:
Մեծ հաշվով, նման խորհրդարան կարող էր նաև չլինել: Երկրորդ խմբավորումը կարող էր նաև չվերցնել մանդատները, ստեղծելով շարունակական սահնանադրական ճգնաժամ: Սակայն այդպես չեղավ: Երկրորդ խմբավորումը նախընտրեց պահպանել առաջին խմբավորման իշխանության շարունակականությունը: Մնացածը տեխնիկայի գործ է:
Արդյունքում, հարկատուներս ունեցանք թվով յոթերորդ ապաքաղաքական խորհրդարանը:
Այժմ, ի՞նչ է մեզ սպասվում: Ոչինչ էլ չի սպասվում: Խորհրդարանական ուժերն իրենք անգամ չգիտեն դա: Ամեն ինչ կախված է վերջիններիս տիրոջ քմահաճույքից: Մեզ ուրախացնում են, մենք ուրախանում ենք և երջանկանում:
Ինչքա՞ն կարող է տևել այս ֆարսը: Չգիտեմ: Պարզ է միայն, որ այս ամենից հետո մենք այլ երկրում ենք ապրելու: Միգուցե այդ երկիրը Հայաստան կոչվի: Սակայն, այն չի լինելու մեր իմացած Հայաստանը: Ինչու՞: Որովհետև մենք 1995 թ սկսած գիտակցաբար ընտրում ենք ապաքաղաքական խորհրդարաններ: Եվ գոհ ենք մեր ընտրությունից:

Բաժանորդագրվեք մեզ Youtube-ում

Exit mobile version