Ճգնաժամի ուրվականը․ թշնամուս անգամ չէի ցանկանա նման խորհրդարան

Այսօր ԱԺ-ում տեղի ունեցող իրադարձություններն ինդիկատորային են, որոնք հեռուն գնացող հետևություններ անելու հնարավորություն են տալիս։
ԱԺ-ն աշխատանքային ողջ օրվա ընթացքում չկարողացավ ընտրել ԱԺ երրորդ փոխնախագահին, որը սահմանադրորեն պատկանում է ընդդիմությանը։
Իշխան Սաղաթելյանը երկու անգամ չընտրվեց խորհրդարանի փոխխոսնակի պաշտոնում՝ ստանալով 53 և 49 ձայներ։
Վաղն առավոտյան ՀՅԴ Հայաստանի ԳՄ ներկայացուցիչը, երրորդ փորձով, ըստ ամենայնի, կընտրվի ԱԺ փոխնախագահ։
Սակայն դա չէ խնդիրը։
Խորհրդարանական անցուդարձի այսօրվա դրվագը բացահայտում է այս ԱԺ-ի քաղաքական, բարոյական նկարագիրը։
«Հայաստան» դաշինքի բարձրացրած աղմուկը մեծ է, բայց խորհրդարանական հիմնական ընդդիմադիր ուժի մոտ բացակայում է կոնցեպտուալ մոտեցումը, սկզբունքայնությունը։
Օրինակ, հասկանալի չէ՝ եթե «Հայաստան» դաշինքը պաշտոնների խնդիրը չի կարևորում, ապա ինչո՞ւ փոխնախագահի պաշտոնի համար չառաջադրեց իր կալանավորված պատգամավորներից մեկի թեկնածությունը՝ դրանով իսկ ՔՊ-ին զրկելով մանևրելու հնարավորությունից։ Նույն հետևողականությամբ, մի քանի անգամ առաջադրեիք, դիցուք, Մխիթար Զաքարյանի թեկնածությունը ու ստիպեիք, որ խորհրդարանական մեծամասնությունն, ի վերջո, ընտրեր նրան՝ խորհրդարանական ճգնաժամից խուսափելու համար։ Այդ քայլով զորեղ աջակցություն հայտնած կլինեիք Զաքարյանին, միևնույն ժամանակ՝ սկզբունքային քաղաքական ուժի իմիջ ձեռք կբերեիք։
Մեծ իմաստով՝ «Հայաստան» դաշինքը սկզբունքային քաղաքական ուժ կլիներ, եթե ԱԺ աշխատանքներին չմասնակցեր՝ մինչև վերականգնված չլինեին իր երկու կալանավորված պատգամավորների իրավունքները։
Հիմա գանք խորհրդարանական մեծամասնությանը։
Մանր ժուլիկությունը, մանիպուլյացիան, քինախնդրությունը այս իշխանության, նրա մեծամասնության վարքագծի անքակտելի մասն են։ Անիմաստ է այս մարդկանցից այլ բան ակնկալելը, հավանաբար, Նիկոլ Փաշինյանին ու նրա թիմին ոչ թե արդյունավետ կառավարումն է հուզում, այլ, ասենք, Սաղաթելյանին ու «Հայաստան» դաշինքին նվաստացնելու «հաճույքը»։
Եթե չլինեն նախկինները, Նիկոլ Փաշինյանն ու նրա թիմը ունեն զրո ասելիք։ Եթե չլինեն Փաշինյանն ու «քայլողները», զրո ասելիք ունեն Ռոբերտ Քոչարյանի ու Սերժ Սարգսյանի թիմերը։
Սակայն ունենք այն, ինչ ունենք․ այսօրվա խորհրդարանը կազմված է հենց այս երեք ուժերից՝ համապարփակ ճգնաժամի խորհրդանիշներից։ Թշնամուս անգամ չէի ցանկանա նման խորհրդարան։

Բաժանորդագրվեք մեզ Youtube-ում Subscribe

նման նյութեր