Ի՞նչ է կատարվում Ոսկեպարում․ Մոսկվայի ու Երևանի տարբեր տեքստերը

Տավուշի մարզի Ոսկեպարում հայտնվել է ռուսական խաղաղապահ ուղեկալ։ Ոսկեպարի հարևանությամբ գտնվում է Վերին Ոսկեպարը և սովետական Ադրբեջանի անկլավներից մեկը, որը հիմա գտնվում է Հայաստանի վերահսկողության ներքո։
Հայաստանի ՊՆ-ն հայտարարում է, որ Ոսկեպարում տեղակայվել են Ռուսաստանի սահմանապահներ։
Ռուսաստանի ԱԳՆ-ն հայտարարում է, որ Ռուսաստանը չի կարող սահմանապահներ տեղակայել հայ-ադրբեջանական սահմանին։
Ռուսաստանում և Հայաստանում պատկան որևէ մարմին, բնականաբար, չի բացատրում տեքստային ու բովանդակային այս տարբերությունը։ Վերջապես, ե՞րբ են նորընտիր պատգամավորները պահանջելու, որ Փաշինյանը բացահայտի, թե ի՞նչ նկատի ունեին ԵԱՀԿ ՄԽ համանախագահները, երբ վերջին հայտարարության մեջ խոսում էին նոյեմբերի 9-ի և «այլ պայմանավորվածությունների» մասին։
Գուցե այս բացահայտումներն օգնեն, որպեսզի հասկանանք, թե ինչ է կատարվում Տավուշում և առհասարակ՝ տարածաշրջանում, հայ-ռուսական կամ հայ-ադրբեջանական հարաբերություններում, ԼՂ խնդրի կարգավորման գործընթացում, եթե, իհարկե, նման գործընթաց առհասարակ գոյություն ունի։
Ոսկեպարում տեղի ունեցող զարգացումների վերաբերյալ պատկան մարմինները պետք է հանդես գան սպառիչ պարզաբանումներով։ Մի կողմից, թվում է՝ տեղի է ունենում այն, ինչի մասին վերջերս խոսել էր վարչապետ Նիկոլ Փաշինյանը, այսինքն՝ հայ-ադրբեջանական սահմանին տեղակայվում են ռուսաստանցի սահմանապահներ, մյուս կողմից՝ Ռուսաստանի ԱԳՆ-ն հայտարարում է, որ Ռուսաստանը չի կարող սահմանապահներ տեղակայել հայ-ադրբեջանական սահմանին։
Նման հակասությունների համատեքստում հնչում են տարաբնույթ վարկածներ, որ խճճված սխեմայով տրվել է Տավուշի անկլավների հանձնման գործընթացի մեկնարկը։ Մենք պնդում չենք անում, ընդամենը հնչեցնում ենք լեգիտիմ մտահոգություն։

Բաժանորդագրվեք մեզ Youtube-ում Subscribe

նման նյութեր