Փաշինյանի արհեստական երկընտրանքը

Անշուշտ, դրական է, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կառավարության նիստերի մեկնարկին հանդես է գալիս արտաքին ու ներքին քաղաքականության հարցերի վերաբերյալ ուղերձներով։ Սակայն ֆորմալիզմից բացի՝ այդ ուղերձները պետք է ունենան նաև հստակ օրակարգ, բովանդակություն։
Խոստովանենք՝ երկրորդ բաղադրիչը Փաշինյանի մոտ, որպես կանոն, բացակայում է։
Հրադադարի խախտումների նախաձեռնող կողմի նույնականացումը և այդ սադրիչ գործողության հասցեական դատապարտումը էական նշանակություն ունի իրադրության հետագա դեէսկալացիայի և կայունացման համար, երեկ կառավարության նիստի մեկնարկին հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ նշելով՝ նման գործառույթը դժվար է պատկերացնել առանց միջազգային մոնիթորինգի մեխանիզմի գործարկման։
«Ասել եմ, որ կարծում եմ, որ դա պիտի լինի ՀԱՊԿ դիտորդական առաքելություն, իսկ, եթե ՀԱՊԿ-ի համար դա ընդունելի չէ, այլընտրանքը մնում է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության դիտորդական առաքելությունը։ Վերադառնալով Ադրբեջանի հետ խաղաղ բանակցությունները վերսկսելու ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության կոչին՝ ուզում եմ ընդգծել, որ Հայաստանը պատրաստ է բանակցային գործընթացում ներգրավվել թե՛ բարձր, թե՛ բարձրագույն մակարդակում, և մենք սպասում ենք կոնկրետ առաջարկների», – ասել է Փաշինյանը։
ՀԱՊԿ-ն ու ԵԱՀԿ-ն հակադրելու կամ ԼՂ հարցում ռուսական ու արևմտյան օրակարգերի արհեսատական երկընտրանք գեներացնելու առաջին փորձը չէ, որ կատարում է Փաշինյանը։ Սա վկայում է այն մասին, որ Հայաստանի գործող վարչապետն անցած երեք տարիներին այդպես էլ չի ընկալել ԼՂ խնդրի, հակամարտության էությունը, նույնիսկ չի ընկալել այն ակնհայտ ճշմարտությունը, որ ԵԱՀԿ ՄԽ համանախագահության վերջին հայտարարության մեջ արևմտյան համանախագահները ևս, ըստ էության, կոնսենսուսի են եկել, այսպես կոչված, ռուսական օրակարգի շուրջ։
Ավելի զավեշտալի է այն իրողությունը, որ Հայաստանի ինքնիշխանությունն էապես սահմանափակած, սահմանների պաշտպանությունն, ըստ էության, ամբողջովին Ռուսաստանին զիջած վարչապետն արդեն որերորդ անգամ իր խոսքում քողարկված շանտաժ է անում Մոսկվայի հասցեին՝ բովանդակային հարթության վրա վերջինիս սպառնալով ԼՂ խնդրի միջազգայնացմամբ։ Ընդ որում, նույնիսկ նման հեռանկարի պարագայում Փաշինյանն, ըստ էության, չունի կոնցեպտուալ լուծումներ ու լավագույն դեպքում՝ սահմանափակվում է ընդհանրական բնույթի, կարգախոսային ձևակերպումներով։
Եթե ներքաղաքական հարցերում նման մանիպուլյացիաները կարող են որոշակի դիվիդենտներ ապահովել, ապա արտաքին քաղաքականության ոլորտում այս ամենը նմանվում է արկածախնդրության, որն ավելի մեծ ռիսկեր է ծնում Հայաստանի անվտանգության համար։
Հայաստանը համոզված է, որ տարածաշրջանում երկարատև խաղաղության, կայունության, անվտանգության ու տնտեսական զարգացման համար առանցքային են հարևան երկրների հետ բնականոն հարաբերությունների հաստատումը և/կամ զարգացումը, հայտարարել է Փաշինյանը՝ ընդգծելով՝ սահմանակից երկրների հետ հարաբերությունների խորացումը կամ կարգավորումը կառավարության արտաքին քաղաքականության կարևոր ուղղություններից է լինելու։
Այս թեզն, իհարկե, ռացիոնալ է, սակայն դարձյալ կարգախոսային, որովհետև Փաշինյանն այդպես էլ չի որոշակիացնում՝ պատրա՞ստ է իր իշխանությունն ուղղակի երկխոսություն սկսել Ադրբեջանի ու Թուրքիայի հետ՝ դա իմպերատիվ համարելով Հայաստանի սուբեկտության, ինքնիշխանության վերականգնման համար։
Եթե Փաշինյանից այս հարցի վերաբերյալ հստակ պատասխան չստացվի, ստիպված ենք արձանագրել, որ գործող իշխանությունը խաղադրույք է կատարում ժամանակ ձգձգելու մարտավարության վրա, ինչն ակնհայտորեն ձախողված է՝ հաշվի առնելով Հայաստանի զարգացման սահմանափակ ռեսուրսները։
Ստեղծված պատային իրավիճակը Հայաստանը կարող է հաղթահարել միայն պրոակտիվ արտաքին քաղաքականության, որոշ դեպքերում՝ ոչ ստանդարտ լուծումների միջոցով։

Բաժանորդագրվեք մեզ Youtube-ում Subscribe

նման նյութեր