Site icon politcom

Դառը ճշմարտություն՝ անկախ գործող իշխանության ներկայացուցիչների հոխորտանքներից

«Աֆղանստանը դաս է բոլոր ժողովուրդների, բոլորիս համար․ ամերիկացիները կարող են օգնել, եթե դու ցույց ես տալիս պայքարելու կամք»,- Աֆղանստանում ծավալվող դրամատիկ իրադարձությունների վերաբերյալ գրել է Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սահակաշվիլին։
«Վարդերի հեղափոխության» առաջնորդն այս դեպքում միանգամայն ճիշտ է ու եթե անգամ նրա բերած օրինակը համահարթեցնենք ու չտարածենք միայն Աֆղանստանի ու ամերիկյան աջակցության վրա։
Օրինակ, երբ Հայաստանի էլիտան, հասարակությունը չկարողացան կապիտալացնել արցախյան առաջին պատերազմի հաղթանակը պետական, քաղաքական մակարդակում, դրա համար ամենևին էլ պետք չէ մեղավորներ փնտրել Ռուսաստանում, ԵԱՀԿ համանախագահությունում կամ առհասարակ՝ երկրից դուրս։ Որևէ մեկը մեղավոր չէ մեր այն մոլորության կամ քաղաքական անպատասխանատվության համար, երբ մեզ համոզել էինք, թե ստատուս-քվոյի պահպանումը բխում է միջազգային խաղացողների օրակարգից։ Չկար ու չէր կարող լինել նման բան։
Երբ Նիկոլ Փաշինյանն՝ իր արկածախնդիր վարքագծով, լեգիտիմացնում էր Ադրբեջանի՝ պատերազմ սանձազերծելու ցանկությունը, դարձյալ արտաքին աշխարհում որևէ մեկը մեղավոր չէր, որովհետև միջազգային խաղացողներից որևէ մեկը հրապարակավ կամ քողարկված չի աջակցել փաշինյանական ավանտյուրային։
44-օրյա պատերազմի հետևանքով Հայաստանի սուբեկտությունը ոչնչացված է ու պաշտոնական Երևանն, ըստ էության, որևէ ազդեցություն չունի ԼՂ խնդրի ու հարակից գործընթացների վրա։ Սա է դառը ճշմարտությունը, որի անտեսումը մեզ բերելու է նոր փորձությունների։
Այս համատեքստում օբյեկտիվ է, որ Ալիևի նախօրեի վերջնագրային խոսույթը հասցեագրված է ոչ թե Երևանին, այլ Մոսկվային։ Ցավոք, Հայաստանի ու Արցախի հետ կապված հարցերը կախված են ոչ այնքան մեր դիվանագիտության, ԶՈւ ջանքերից, որքան՝ ռուս-ադրբեջանական հարաբերությունների դինամիկայից։
Սա է ճշմարտությունն՝ անկախ գործող իշխանության ներկայացուցիչների հոխորտանքներից։
Մենք չենք ցանկանում պայքարել մեր ինքնիշխանության համար ու այս պարագայում որևէ մեկին դժվար է մեղադրել։
Երբ պաշտոնական Երևանն օտարում է ինքնիշխանության բոլոր հատկանիշները՝ սահմանի պահպանությունը վերապահելով Ռուսաստանին, ջանքեր չգործադրելով ինքնուրույն արտաքին քաղաքականություն իրականացնելու, հարևան երկրների հետ սեփական հարցերը լուծելու ուղղությամբ, ստիպված ենք արձանագրել, որ մեր պետությունը բովանդակային հարթության վրա խորը ճգնաժամի մեջ է։

Բաժանորդագրվեք մեզ Youtube-ում

Exit mobile version