Հեռու չէ այն օրը, երբ Պուտինը կկրկնի Բայդենի բառերը, բայց Հայաստանի մասով

Պետության ղեկավարները հեռացել են երկրից, բանակը հանձնվել է, ամերիկացի զինծառայողները չպետք է կռվեն և զոհվեն Աֆղանստանի համար պատերազմում, եթե հենց աֆղանստանցի զինվորները չեն ուզում կռվել», – ասել է ԱՄՆ նախագահ Ջո Բայդենն՝ աֆղանական իրադարձությունների առթիվ ուղերձով դիմելով ամերիկացիներին:
Այս հոդվածը որևէ կապ չունի Աֆղանստանի, Բայդենի ուղերձի կամ գլոբալ քաղաքականության հետ։
Մենք խոսում ենք պետության ձախողված մոդելի մասին, որի պարագայում անգամ դաշնակիցները ուրիշի պետությունը կառուցելու, այն անվտանգ պահելու, նրա կայունության համար զոհեր տալու առաքելություն չունեն։
Մոտավորապես նույն տեքստերը, ինչ երեկ հնչեցրել է Բայդենը, Հայաստանի հասարակությունը ստանում է ՀԱՊԿ-ից, Մոսկվայից, այլ փաթեթավորմամբ՝ աշխարհի այլ կենտրոններից։
Թշնամին նենգ է՝ դա վաղուց է հասկանալի։
Բայց ես հրաժարվում եմ հասկանալ այն իշխանությանը, որի հանցավոր անտարբերության հետևանքով մենք ունեցանք այսքան խոցելի սահմաններ, անվտանգային նորանոր ռիսկեր։
«Արցախ մերն է և վերջ»-ից՝ մինչև խայտառակ պարտություն, որը մեկ բառով կարելի է կոչել արկածախնդրություն։
Մատղաշ կյանքերը զոհաբերվում են՝ Ալիևի նենգության ու Փաշինյանի արկածախնդրության հետևանքով։
Բայց դարձյալ կրկնեմ, որ մենք օտարներից դժգոհելու իրավունք չունենք, առնվազն այնքան ժամանակ, քանի դեռ այս իշխանության դեմքով արկածախնդրությունն է մեր ընտրությունը։
Հայաստանն այլևս հոգ չի տանում իր պաշտպանության մասին՝ դա ուղղակի կամ անուղղակի համարելով ռուսների առաքելությունը։ Մոսկվան դա կանի այնքան ժամանակ, քանի ձեռնտու է իր շահերին։
Հայաստանն այլևս չունի ինքնուրույն արտաքին քաղաքականություն և Թուրքիայի ու Ադրբեջանի հետ ուղիղ բանակցություններ վարելու փոխարեն՝ խցկվել է ռուս-ադրբեջանական հակասությունների հորձանուտ։ Արտաքուստ շահեկան այս մարտավարության սնանկությունն ամբողջովին կբացահայտվի, երբ Մոսկվան ու Բաքուն լուծեն իրենց խնդիրները, բնականաբար՝ համաձայնությունների գալով մեր շահերի հաշվին։
Փաշինյանի իշխանության արկածախնդրության համատեքստում հեռու չէ այն օրը, երբ Պուտինի կկրկնի Բայդենի բառերը, բայց Հայաստանի մասով։

Բաժանորդագրվեք մեզ Youtube-ում Subscribe

նման նյութեր