«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է Սուրեն Սուրենյանցը

«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է քաղաքագետ, «Դեմոկրատական այլընտրանք» կուսակցության խորհրդի նախագահ Սուրեն Սուրենյանցը

– Պարո՛ն Սուրենյանց, Ադրբեջանի ղեկավարը շարունակում է իր զավթողական ոճի հայտարարությունները, բայց պաշտոնական Երևանն այդպես էլ չի արձագանքում Իլհամ Ալիևի այդ հայտարարություններին։ Ո՞րն է լռության պատճառը։

– Ընդհանուր առմամբ՝ բացատրում եմ Հայաստանի իշխանության ոչ ադեկվատությամբ։ Մենք ունենք երկու տարբեր իրականությամբ ապրող Հայաստան․ մեկում իշխանությունը պատրանք է ստեղծում, թե կյանքն ընթանում է բնականոն հունով, նախարարներ են նշանակվում, պաշտոնյաներ, պատրաստվում են ՏԻՄ ընտրությունների, իսկ մյուս Հայաստանը սահմանամերձ գյուղերում է, առաջնագծում, որտեղ անընդհատ հնչում են կրակոցներ, ունենում ենք զոհեր։ Տպավորություն է, որ երկրորդ Հայաստանում իշխանություն չկա, բացակա է։

Երբեմն-երբեմն լսում ենք Նիկոլ Փաշինյանի ինչ-որ հայտարարություններ՝ գործադիրի նիստի ժամանակ, որոնք ավելի շատ հարցեր են առաջացնում, քան տալիս պատասխաններ եղած հարցերին։ Երբեմն էլ այդ հայտարարությունները ծիծաղելու աստիճան պրիմիտիվ են, օրինակ՝ երբ Փաշինյանը պարբերաբար ասում է, եթե ՀԱՊԿ-ն այսինչ բանը չանի, կդիմենք ԵԱՀԿ-ին, դա ինձ մոտ պրիմիտիվության տպավորություն է թողնում, որովհետև չի կարելի ռուսների հետ այդպիսի քողարկված շանտաժով խոսել, դա լուրջ չէ։

Լռության առաջին պատճառը թերևս այս է՝ Հայաստանի իշխանության անադեկվատությունը։ Բացի այս, Հայաստանի իշխանությունը չունի արտաքին քաղաքականության որևէ կոնցեպցիա, այդ թվում՝ Լեռնային Ղարաբաղի հարցում։ Այս իշխանությունը նաև տակավին չի հասկացել Լեռնային Ղարաբաղի խնդրի էությունը, որովհետև չի կարելի այս հարցում հակադրել Ռուսաստանի ու Ֆրանսիայի շահերը, ՀԱՊԿ-ի և ԵԱՀԿ-ի, ընդհակառակը՝ պետք է խուսափել նման սուր անկյուններից։

– Գուցե Նիկոլ Փաշինյանի հայտարարություննե՞րն են հիմք տալիս Իլհամ Ալիևին նման հայտարարություններով հանդես գալու, այսինքն՝ երբ Հայաստանն ասում է՝ կդիմենք ՀԱՊԿ-ին, ԵԱՀԿ-ին, այս կամ այն երկրին, Ալիևն էլ տեսնում է, որ Հայաստանն ի վիճակի չէ ինքնուրույն իր սահմանները պաշտպանելու, հետևաբար իրեն թույլ է տալիս գնալով ընդլայնել տարածքների ցանկը, որոնք, իր համոզմամբ՝ Ադրբեջանին են պատկանում։

– Ձեր հարցադրումը մասամբ է ճիշտ, որովհետև Ալիևն իր խոսքը բացարձակապես Նիկոլ Փաշինյանին չէ, որ հասցեագրում է։ Ինձ համար ակնհայտ է, որ Ալիևը Նիկոլ Փաշինյանին նույնիսկ զրուցակից չի համարում։ Ալիևի օրեր առաջ տված հարցազրույցի ողջ տողատակը ուղղված էր Ռուսաստանին։

Ակնհայտ է, որ ռուս-ադրբեջանական հարաբերություններում ինչ-որ խնդիրներ են ծագել, և Ալիևը փորձում է հրապարակային ճնշման միջոցով ազդել Ռուսաստանի դիրքորոշումների վրա կամ Ռուսաստանին հակել փոխզիջումների։

Ցավոք սրտի, այս իշխանություններն այնպիսի արտաքին քաղաքականություն վարեցին, որ հիմա Լեռնային Ղարաբաղի խնդրի կարգավորման գործընթացում Հայաստանի դերակատարությունը գրեթե հավասարված է զրոյի։

Մեր դիվանագիտությունից ու զինուժից գրեթե ոչինչ կախված չէ, ցավոք սրտի, մենք ռուս-ադրբեջանական հարաբերությունների դինամիկայից ենք փորձում պատկերացում կազմել, թե ինչ զարգացումներ կլինեն։

– Պարո՛ն Սուրենյանց, դրսի համար է՞լ է՝ ի դեմս Ադրբեջանի պարզ, որ, ինչպես ասում եք՝ Հայաստանի զինված ուժերն ու դիվանագիտությունը վճռորոշ դեր չունեն հարցերի կարգավորման գործում։

– Բայց նոյեմբերի 9-ից հետո դա ինչ-որ մեկի մոտ կասկա՞ծ է առաջացնում։ Ճիշտ է, սա ֆորմալ առումով կապիտուլյացիա չէր, բայց բովանդակային առումով՝ ոչ միայն տարածքներ կորցրեցինք, այլ նաև Հայաստանի ինքնիշխանությունը այնքան սահմանափակվեց, որ մեր գրեթե բոլոր սահմանների պաշտպանությունը հանձնում ենք Ռուսաստանին, արտաքին քաղաքականությունն աչքի է ընկնում զրո նախաձեռնությամբ ու ակտիվությամբ։

Պաշտպանությունն ու արտաքին քաղաքականությունը երկրի ինքնիշխանության հիմնական հատկանիշներն են, եթե դրանցից երկիրը օտարվում է՝ կորցնում է իր սուբյեկտությունը։ Եթե մենք՝ քաղաքացիներս, սա հասկանում, տեսնում, գիտակցում ենք, բնականաբար, արտաքին բոլոր խաղացողները սա հասկանում են։ Ցավոք սրտի, սա իրականություն է, և սա մենք պետք է խոստովանենք, որպեսզի կարողանանք լուծումներ գտնել, եթե այս իրականությունն անտեսենք՝ շատ վտանգավոր տեղ կհասնենք։

– Իսկ ինչո՞ւ իշխանությունը չի խոստովանում ձեր նշած իրականությունը, այլ փորձում է, կրկին ինչպես դուք եք ասում՝ ստեղծել այլ Հայաստանի պատրանք։

– Որպես պատմաբան՝ մի աքսիոմատիկ ճշմարտություն ասեմ՝ աշխարհի ոչ մի արկածախնդիր իշխանություն իր պաշտոնավարման և երկրի անվտանգային ռիսկերի մասին ադեկվատ կարծիք երբեք չի էլ ունեցել։ Նրանք միայն ձախողումներից ու իշխանությունից հեռանալուց հետո են հասկացել, թե ինչ մեծ անվտանգային ռիսկեր են առաջացրել իրենց երկրի համար։ Իսկ գործող իշխանությունը իր ինտելեկտուալ ռեսուրսով, բնականաբար, չի կարող հասկանալ իրավիճակի լրջությունն ու խորությունը։

– Ասում եք, որ Ադրբեջանի ղեկավարի բոլոր հայտարարություններն ուղղված են ՌԴ նախագահին։ Եթե այդպես է, ապա մինչև ե՞րբ է Ալիևը շարունակելու նմանատիպ հայտարարություններով հանդես գալ։

– Քանի դեռ Հայաստանի ղեկավարությունը ադեկվատ արտաքին քաղաքականություն չի վարում։ Երբ թշնամին հասկանում է, որ Ռուսաստանի վրա ճնշում գործադրելով՝ կարող է Հայաստանից զիջումներ կորզել, բնականաբար, շարունակելու է այդ քաղաքականությունը, քանի դեռ Երևանից նրան թույլ են տալիս։ Պետք է պրագմատիկ արտաքին քաղաքականություն վարել։

– Իսկ հույս կա՞, որ նման քաղաքականություն կվարի գործող իշխանությունը։

– Այս իշխանությունից նման լավատեսական հույսեր չունեմ։ Եթե նկատել եք, երկար լռությունից հետո այսօր ռեպլիկով հանդես է եկել նաև առաջին նախագահը։ Հասկացողների համար՝ փորձագիտական ու քաղաքական մակարդակում զարգացումներին տիրապետողներին, նա ասել է ամեն ինչ, այսինքն՝ համարենք հորդորել է, որ իշխանությունները վերջ տան արկածախնդրությանը արտաքին քաղաքականության մեջ, իսկ եթե վերջ են տալիս արկածախնդրությանը, ազնիվ են լինում նաև սեփական ժողովրդի հետ։

– Սահմանային այս լարվածությունը, պարո՛ն Սուրենյանց, լայնամասշտաբ պատերազմի վերածվելու նախադրյալներ ունի՞։

– Լայնածավալ պատերազմի, իհարկե՝ ո՛չ։ Մենք հիմա գործ ունենք սողացող պատերազմի հետ, որը շատ ավելի վտանգավոր երևույթ է մեր տիպի երկրների համար, քան լայնածավալ պատերազմը։ Որովհետև վերջինի դեպքում հասարակությունը մոբիլիզացվում է, իսկ այս պարագայում անընդհատ լարվածությունը ստիպում է մարդկանց լքել իրենց բնակավայրը, զոհվում են երիտասարդ զինվորներ, ինչը մեծ ողբերգություն է երկրի համար։

– Իսկ Ադրբեջանը կկարողանա՞ Ռուսաստանին, ինչպես ասում եք՝ ճնշելու միջոցով Հայաստանից ստանալ այն, ինչ ուզում է։

– Շատ մեծ դժվարություն կունենամ կանխատեսել ռուս-ադրբեջանական հարաբերությունների տրամաբանությունը, որովհետև չկա բավարար ինֆորմացիա, բայց որպեսզի չկարողանա իր նպատակին հասնել, Հայաստանի արտաքին քաղաքականությունը պետք է ադեկվատ լինի, այսինքն՝ մենք ոչինչ չենք անում, որ խանգարենք Բաքվի օրակարգին։

Քրիստինե Աղաբեկյան

MediaLab.am

Բաժանորդագրվեք մեզ Youtube-ում Subscribe

նման նյութեր