Site icon politcom

Սուրեն Սուրենյանցը Sputnik Արմենիայի եթերում

2021-08-18-SurenSurenyanc

«Այնպիսի տպավորություն է, որ գործ ունենք երկու տարբեր Հայաստանի հետ». Սուրեն Սուրենյանց

Քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը Sputnik Արմենիայի եթերում անդրադարձել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի կողմից գործադիրի նիստում ներկայացված կառավարության ծրագրի դրույթներին, որոնք վերաբերում են նաև ազգային անվտանգությանն ու արտաքին քաղաքականությանը։

Կառավարության ծրագրի չափելիությունը դարձյալ մշուշոտ է, այսինքն` այն բավականին հեռու է կոնկրետությունից, և պետք է նկատի ունենալ, որ կառավարության ծրագիրը կազմված է «Քաղաքացիական պայմանագրի» ծրագրի հիման վրա, որն էլ լիովին համարժեք չէ երկրի առջև ծառացած խնդիրներին, Sputnik Արմենիայի հետ զրույցում նման համոզմունք հայտնեց քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը։

«Հիշենք վարչապետի «ճանապարհային քարտեզը», որում մատնանշված հիմնական խնդիրը գերիների վերադարձի հարցն էր, որը սակայն լուծված չէ, ուստի ծրագրի մյուս դրույթների մասին խոսելը նույնիսկ լուրջ չէ։ Այնպիսի տպավորություն է, որ գործ ունենք երկու Հայաստանի հետ. մեկը պատրանքային Հայաստանն է, որը ստեղծում է իշխանությունը, մյուսն այն Հայաստանն է, որի հետ առերեսվում ենք իրական կյանքում` սահմաններին առկա լարվածություն, խորացող աղքատություն, անվտանգային ռիսկեր»,– նշեց քաղաքագետը։

Սուրենյանցի կարծիքով` իշխանությունն ըստ էության իրական որևէ կապ չունի իրական պրոբլեմների հետ, համենայն դեպս նախորդ երեք տարիներին չի կարողացել համոզել, որ ի զորու է գույքագրել ՀՀ–ի առջև ծառացած խնդիրները և մատնանշել դրանց լուծման ուղիները, հետևաբար կառավարության ծրագրից դուրս և նրա համատեքստում առանձնապես լավատեսություն չկա, որ կադրային այս բազայով ու մոտեցումներով իշխանությունը կարող է Հայաստանում առաջացած համապարփակ ճգնաժամը հաղթահարել։

Ըստ Սուրենյանցի` կարելի է թղթի վրա գրել շատ գեղեցիկ կարգախոսներ, բայց դրանք կյանքի չեն կոչվի, քանի որ չկա կադրային համապատասխան բազա, անվտանգության ռիսկերի ճիշտ հաշվարկում և այդ ռիսկերը չեզոքացնելու մեխանիզմներ։

Քաղաքագետի խոսքով` ծրագրի հնգամյա ժամկետը կանխորոշված է օրենքով, իշխանությունը ուզի թե չուզի՝ ներկայացնում է հինգ տարվա ծրագիր, սակայն Սուրենյանցը վստահ է, որ այս խորհրդարանը հինգ տարի չի պաշտոնավարի, այսինքն` ամբողջական մանդատով երկիրը չի կարողանալու կառավարել, հետևաբար Հայաստանում 2,5 տարի հետո տեղի են ունենալու արտահերթ ընտրություններ։ Ըստ նրա` Նիկոլ Փաշինյանն ունի չիրացված արտաքին քաղաքական օրակարգ, որի պատճառով ձևավորվեց արտաքին քաղաքական կոնսենսուս նրա իշխանության վերարտադրության հարցում, բայց այդ օրակարգի սպառվելուց հետո Հայաստանը կրկին կանգնելու է արտահերթ ընտրությունների հրամայականի առջև։

Բաժանորդագրվեք մեզ Youtube-ում

Exit mobile version