Site icon politcom

Եթե սահմանազատումն իրականացվելու է շանտաժով, ապա արդյունքը կանխատեսելի է. Սուրենյանց

2021_08_21_SurenSurenyanch

Քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը Sputnik Արմենիայի եթերում անդրադարձել է Հանրային հեռուստատեսությամբ ՀՀ Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանի հարցազրույցի հիմնական դրույթներին, որոնք առնչվում են անվտանգությանը, սահմանազատմանն ու խաղաղության հնարավոր պայմանագրին։

Մինչև 44-օրյա պատերազմը և դրա անփառունակ վերջաբանը Հայաստանը շատ մեծ դեր ուներ Լեռնային Ղարաբաղի խնդրի կարգավորման գործընթացում և կարող էր իր օրակարգն առաջ տանել։ Այդ ժամանակ Հայաստանի իշխանությունն իսկապես փորձում էր հիմնախնդիրը դուրս դնել հայ-ադրբեջանական համատեքստից` դա ներկայացնելով որպես ինքնորոշման իրավունքի, Արցախի ժողովրդի ազատ կամարտահայտման հարց։ Sputnik Արմենիայի հետ զրույցում քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը, վերլուծելով ՀՀ Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանի վերջին հարցազրույցը, այսպես սկսեց իր խոսքը։

Նրա խոսքով` պատերազմից հետո իրավիճակն ամբողջովին փոխվել է, և զուտ տեսական ճշմարտությունները, որ հնչում են Հայաստանի իշխանության առաջին դեմքերի շուրթերից, արժանահավատ կարող են դիտվել միայն մեր հասարակության համար։

Նշենք, որ օգոստոսի 20–ին Հանրային հեռուստաընկերության եթերում ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանն ասել է, որ այս պահին սահմանազատման և սահմանագծման աշխատանքների քննարկումներում Արցախի հարց գոյություն չունի։ Նրա խոսքով` սահմանազատումն ու սահմանագծումը տեղի է ունենալու առանց Ղարաբաղյան հարցի, քանի որ Ղարաբաղյան հարցի համար կա մեկ ֆորմատ` ԵԱՀԿ Մինսկի խմբի ձևաչափը։

«Այժմ արդեն մեծ հարց է` դեմարկացիան ու դելիմիտացիան արդյո՞ք հնարավոր է արցախյան հարցից տարանջատել, կամ մեր երկիրը համարժեք ռեսուրս և դիվանագիտական ներուժ ունի այդ հարցերը տարանջատելու համար։ Ակնհայտ է, որ, օրինակ, Ադրբեջանը այդ խնդիրը հետապնդում է նաև Լեռնային Ղարաբաղի հիմնախնդիրը լուծելու համար։ Մեր իշխանությունը միանգամայն հակառակն է պնդում, բայց նրա փաստարկները շատ թույլ են։ Տեսականորեն, իհարկե, Արմեն Գրիգորյանի հնչեցրածը ճիշտ է, բայց նա մնացել է այն իրականության մեջ, որն առկա էր մինչև 44-օրյա պատերազմը, մինչդեռ հիմա ՀՀ–ից դիվանագիտական մեծ ջանքեր են պահանջվելու իր օրակարգն առաջ տանելու համար»,– ասաց քաղաքագետը։

Սուրենյանցի կարծիքով` դեմարկացիայի և դելիմիտացիայի մասին խոսելը ժամանակավրեպ է այնքան ժամանակ, քանի դեռ ադրբեջանական զինուժը գտնվում է ՀՀ սուվերեն տարածքում և մեր հայրենակիցներից շատերը պատանդի կարգավիճակով գտնվում են Բաքվի բանտերում։ Ըստ նրա` եթե դեմարկացիան և դելիմիտացիան իրականացվելու են շանտաժի պայմաններում, ապա արդյունքը կանխատեսելի է, և եթե Հայաստանը չի կարողանում իր գերեվարված քաղաքացիների և սուվերենության, սահմանների անքակտելիության հարցերը լուծել, ապա ինչ երաշխիք կա, որ կարող է իր օրակարգն առաջ տանել սահմանազատման գործընթացում։

Ի՞նչ խնդիրներ են լուծում ադրբեջանցիները ՀՀ սահմաններում. Կութ այցելած փորձագետի դիտարկումը

Քաղաքագետի դիտարկմամբ` եթե արցախյան հարցի կարգավորումը շաղկապվում է խաղաղության պայմանագրի կնքման հետ, ինչը ճիշտ է, հետևաբար շատ տրամաբանական կլինի, որ հայ–ադրբեջանական երկխոսության տիրույթում գտնվող բոլոր հակասական հարցերը լուծվեն մեկ միասնական ու ամբողջական փաթեթով։
Նշենք, որ հայ-ադրբեջանական սահմանին իրավիճակը սրվել է Արցախյան պատերազմի հետևանքով առաջացած սահմանազատման և սահմանազատման խնդիրների ֆոնին։

Լարվածության առաջին օջախը մայիսի 12-ին էր. այն ժամանակ ադրբեջանական զինուժը ներխուժեց Հայաստանի ինքնիշխան տարածք՝ Սյունիքի մարզի Սև լճի շրջանում։

Հայաստանը խաղաղության պայմանագիր կնքելու որևէ առաջարկ չի ստացել. ԱԽ քարտուղար

Հուլիսի 14-ին Ադրբեջանն էսկալացիայի գնաց արդեն Նախիջևանի ուղղությամբ։ Հարձակման ենթարկվեցին Արարատի մարզի Երասխ գյուղի մոտակայքում գտնվող հայկական դիրքերը։ Այստեղ փոխհրաձգության ընթացքում հայ զինվոր զոհվեց, ավելի ուշ վիրավորվեց Երասխի գյուղապետը։ Միջադեպերը պարբերական բնույթ են կրում։

Կարդալ ավելին

Բաժանորդագրվեք մեզ Youtube-ում

Exit mobile version