Նիկոլի օրակարգը․ նա ուժեղ է միայն «նախկինների» դաշտում

Այսօր կառավարությունը խորհրդարանին է ներկայացնելու իր գործունեության հնգամյա ծրագիրը։ Աշխարհի զարգացած երկրներում նման նախաձեռնությունները, որպես կանոն, ուղեկցվում են քաղաքական երկխոսության միջավայրով, որովհետև կառավարությունները շահագրգիռ են լինում, որպեսզի իրենց ծրագրերի շուրջ ձևավորվի հնարավորինս լայն քաղաքական կոնսոլիդացիա։
Այս հարթության վրա Հայաստանը, թերևս, տրենդից դուրս է, որովհետև դասական քաղաքականության կանոնները մեր երկրում չեն աշխատում։
«Իզմիրլյան» ԲԿ նախկին տնօրեն, «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմեն Չարչյանը երեկ կալանավորվեց։
Իրավական տեսանկյունից՝ դատարանի այս որոշումը խիստ վիճահարույց է, եթե չասենք՝ խախուտ է։
Անկախ այն հանգամանքից՝ ինչքանով է իրավաչափ Չարչյանին առաջադրված մեղադրանքը, նրան կալանքի տակ առնելու հիմքերը պարզապես բացակայում են, մանավանդ, որ նախաքննությունն ավարտվել է ու գործը դատաքննության փուլում է։
Մյուս կողմից, Սահմանադրության 96-րդ հոդվածը ենթադրում է, որ պատգամավորն ազատությունից կարող է զրկվել միայն ԱԺ համաձայնությամբ։
Սակայն Հայաստանում անիմաստ է խոսել իրավունքի ու նրա իմպերատիվի մասին, երբ ակնհայտորեն գործ ունենք քաղաքականապես մոտիվացված որոշման հետ։ Կարևոր չէ՝ ես ինչպես եմ վերաբերում Չարչյանին կամ «Հայաստան» դաշինքին․ դասական չափանիշներով պատգամավորի կալանավորումը քաղաքական է։
Արդյո՞ք հակասություն չկա իշխանության վարքագծի մեջ, որը, մի կողմից, ամեն օր խոսում է տոլերանտության անհրաժեշտության մասին, մյուս կողմից՝ ինքն է դառնում քաղաքական հակադրություն հրահրողը։
Այս հարցը լեգիտիմ կլիներ, եթե խոսեինք ռացիոնալ կառավարության մասին, մինչդեռ Փաշինյանի թիմի «կենսունակությունը» միայն հակադրության ռեժիմն է․ գործող վարչապետը ուժեղ է միայն «նախկինների», նրանց «քլնգելու» դաշտում։
Այսօր խորհրդարանում տեսնելու ենք «սև-սպիտակ» փաստարկմամբ գզվռտոց, գերիշխող են դառնալու «կապիտուլյանտ» ու «թալանչի» արտահայտությունները ու այս «աղմուկի» մեջ կառավարությունն անցկացնելու է իր հիմնազուրկ, բաժակաճառ ու կենաց հիշեցնող, երկրի զարգացման հետ աղերս չունեցող ծրագիրը։

Բաժանորդագրվեք մեզ Youtube-ում Subscribe

նման նյութեր