Փաշինյանի պլանը չաշխատեց․ իշխանության սադրանքը

Երեկ ԱԺ-ում մեկնարկեց կառավարության ծրագրի քննարկումը։
Վստահ եմ՝ որևէ մեկը չի հիշելու ոչ Նիկոլ Փաշինյանի ելույթի բովանդակությունը, ոչ էլ ծրագրի առաջնային դրույթները։ Պատճառը միայն այն չէ, որ դրանք ամբողջովին զուրկ են բովանդակությունից, ուղղակի ԱԺ-ն երեկ «եռում» էր միանգամայն այլ հարցով։
Երբ նախօրեին «Հայաստան» խմբակցության անդամ, բժիշկ Արմեն Չարչյանը կալանավորվեց, իշխանությունը, թերևս, հույս ուներ, որ ընդդիմությունը բոյկոտելու է խորհրդարանական քննարկումները, ինչը թույլ կտար՝ անցնցում, իշխանության սցենարով արագ քննարկել ու ընդունել կառավարության ծրագիրը։
Իշխանության այս սցենարը չաշխատեց, ինչից հետո անձամբ Նիկոլ Փաշինյանը, իսկ նրա ցուցումով նաև խորհրդարանի նախագահ Ալեն Սիմոնյանն ակնհայտորեն դիմեցին սադրանքների։
Առիթ ունեցել եմ ասելու` պատգամավոր Աննա Մկրտչյանի գործունեությամբ հիացած չեմ։
Բայց չեմ կարծում, թե երեկ իրավաչափ էր նրա նկատմամբ սանկցիա կիրառելը «կապիտուլյանտ» բառի կամ այն բանի համար, երբ նա բարձրաձայնում է Փաշինյանին ուղեկցող թիկնապահների ստվար բանակի մասին։
Աննան կարող է ավելի քաղաքական բառապաշար օգտագործել, սակայն դրանից նոյեմբերի 9-ի փաստաթուղթը հաղթական չի դառնում կամ Նիկոլին սպասարկող թիկնազորի թիվը չի պակասում։
Նիկոլ Փաշինյանը նայում է հայելու մեջ ու կոտրում է այն` իր դեմքի աղավաղումները փոխելու համար։
Կամ, ի՞նչ է նշանակում ՊՊԾ աշխատակիցների բիրտ գործողությունների խրախուսումը նիստերի դահլիճում՝ ընդդիմադիր պատգամավորների նկատմամբ։
Որևէ խորհրդարան քաղաքական, բարոյական հարթությունների վրա ոչնչանում է, երբ համազգեստավոր մարդիկ են «կարգավորում» դրա «կայունությունը»՝ քաղաքական երկխոսության, մշակույթի փոխարեն։
Երկրում արմատավորվում է կառավարման ավտորիտար մշակույթ՝ Փաշինյանի լուսանկարների, նրա հանդեպ թիմակիցների քծնանքի, իրավապահների ոչ համարժեք գործողությունների դրվագներով։
Նիկոլ Փաշինյանը կարծում է՝ «փայլուն» կառավարիչ է, հակառակ պարագայում` հունիսի 20-ին իր իշխանությունը չէր վերարտադրվի։
Փաշինյանի վերջին թիրախը ժողովուրդն է, վերջում նա է մեղադրվելու պատերազմի պարտության, ապաշնորհ կառավարման համար…
Ժողովրդի «մեղքն» այն է, որ Քոչարյանի վերադարձի հարցում ունեցած ֆոբիայի պատճառով ընտրել է Փաշինյանին։

Բաժանորդագրվեք մեզ Youtube-ում Subscribe

նման նյութեր