Փաշինյանի ուղերձը, Էրդողանի օպերատիվ արձագանքը

Օրեր առաջ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը խոսել էր Հայաստանի հետ հարաբերությունները կարգավորելու հեռանկարի մասին։
ՀՀ կառավարության օգոստոսի 27-ի նիստի ընթացքում վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ տարածաշրջանային խաղաղության առումով Թուրքիայի կողմից որոշակի դրական ազդակներ կան։ «Մենք այդ ազդակները կգնահատենք և դրական ազդակներին դրական ազդակով կպատասխանենք»,- ասել էր ՀՀ վարչապետը։
Երեկ, ինչպես հաղորդում է «ՌԻԱ նովոստի» գործակալությունը, Թուրքիայի նախագահը Չեռնոգորիայում լրագրողների հետ զրույցում, անդրադառնալով Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությանն այն մասին, որ տարածաշրջանում խաղաղության առումով Թուրքիայի կողմից դրական ազդակներ կան, ասել է, որ Թուրքիան պատրաստ է Հայաստանի հետ հարաբերությունների աստիճանական կարգավորմանը։
Էրդողանն ասել է, որ տարածաշրջանին կառուցողական մոտեցում է պետք։ «Եթե նույնիսկ կան տարաձայնություններ, հարևանների հետ հարաբերությունները պետք է զարգացնել տարածքային ամբողջականությունը և ինքնիշխանությունը հարգելու հիման վրա։ Մենք կարող ենք աստիճանաբար կարգավորել հարաբերությունները Հայաստանի հետ, որի նոր կառավարությունը հայտարարել է այդ ուղղությամբ շարժվելու պատրաստակամության մասին»,- ասել է Էրդողանը։
Փոխադարձ պոզիտիվ հայտարարություններ են, ինչն, անշուշտ, ողջունելի է։
Մնում ենք այն հաստատ համոզմանը, որ Հայաստանի առաջնահերթությունն այժմ ինքնիշխանության ու սուբեկտության վերականգնումն է, ինչն անհնար է առանց հարևան երկրների հետ ուղղակի երկխոսության և Ռուսաստանի հետ կանխատեսելի հարաբերությունների հաստատման։
Մեր հիմնական մտավախությունն այն է, որ Հայաստանի իշխանությունը չունի կոնցեպտուալ ծրագրեր ու պրոֆեսիոնալ հատկանիշներ՝ տարածաշրջանային քաղաքականության այս օրակարգը, Հայաստանի սուբեկտության վերականգնման օրակարգերը սպասարկելու համար։
Ինչևէ, առայժմ սպասենք զարգացումներին, մանավանդ, երեկ երեկոյան ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանն «Ազատության» եթերում հասկացրեց, որ գործընթացը դեռևս հրապարակային հայտարարությունների մակարդակում է, այլ խոսքով՝ Երևանն ու Անկարան առայժմ շոշափում են միմյանց տրամադրությունները։

Բաժանորդագրվեք մեզ Youtube-ում Subscribe

նման նյութեր