Իշխանությունը պետք է ջանքեր գործադրի՝ գոնե նոր մանդատը չտապալելու համար

«Դեմոկրատական այլընտրանք» կուսակցության նախագահ Սուրեն Սուրենյանցն իր ֆեյսբուքյան էջում գրում է․

Այս թեմային կրկին անդրադառնում եմ, որովհետև իշխանության պատասխանատուները շարունակում են գեներացնել նույն վտանգավոր թեզը։
Քիչ առաջ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը «Ազատության» եթերում դարձյալ անուղղակիորեն առաջ էր տանում այն թեզը, թե վերջին ընտրությունների արդյունքներն, ըստ էության, զրոյացրել են իշխանության պատասխանատվությունը պատերազմի ու դրա հետևանքների հարցում։
Չկա նման բան ու չի կարող լինել։
Նախ՝ քաղաքական կատեգորիաներով դժվար է բացատրել վերջին ընտրություններում Նիկոլ Փաշինյանի ու ՔՊ-ի հաղթանակը, եթե նույնիսկ գլխավոր ընդդիմության դերում հանդես էին գալիս հին համակարգի հետ ասոցացվող, քաղաքական բովանդակություն չունեցող ուժեր։
Երկրորդ՝ եթե նույնիսկ հազար անգամ էլ Նիկոլ Փաշինյանն ու նրա թիմը հաղթեն ընտրություններում, ապա նրանք են 44-օրյա պատերազմի պարտության հիմնական պատասխանատուները ու մեղավորները՝ դրանից բխող քաղաքական, գուցե նաև իրավական հետևանքներով։ Սա քաղաքագիտական աքսիոմ է։
Եվ վերջապես՝ եթե հասարակությունը այլընտրանք չի ունեցել ու անգամ պարտված պատերազմից հետո իր քվեն տվել է ՔՊ-ին, ապա դա ոչ թե սրբագրում է պատերազմի պարտության պատասխանատվությունը, այլ Փաշինյանի թիմի վրա դնում է պատերազմի հետևանքների հաղթահարման փուլի պատասխանատվությունը։ Ըստ այդմ, իշխանությունը պետք է ջանքեր գործադրի՝ գոնե նոր մանդատը չտապալելու համար, այլ խոսքով՝ չավելացնի իր մեղքերը։

Բաժանորդագրվեք մեզ Youtube-ում Subscribe

նման նյութեր