Օպերացիա «Ջամիլ Բաբաեւ»

Օպերացիա «Ջամիլ Բաբաեւ»
Ջամիլ Բաբաեւը թշնամական բանակի զինծառայող է, ձերբակալվել է Արցախի Մարտակերտ քաղաքում: Ադրբեջանի ՊՆ մեկնաբանությամբ՝ նա ինքնակամ լքել է Գյանջայի զինվորական հոսպիտալի հոգեբուժական բաժանմունքը: Ինչպե՞ս է «հոգեկան հիվանդը» Գյանջայից հատել ղարաբաղա-ադրբեջանական զորքերի շփման գիծը եւ հայտնվել Մարտակերտում, ըստ պաշտոնական հաղորդագրության՝ հետաքննում են Ադրբեջանի ՊՆ-ն, ռազմական ոստիկանությունը եւ զինդատախազությունը: Ինչու՞ է Բաբաեւը հատել շփման գիծը, ի՞նչ հանձնարարություն է ունեցել, ի՞նչ է հասցրել անել եւ էլի ինչ պիտի աներ՝ կպարզի Արցախում սկսված քննությունը: Դատարանը Բաբաեւին կալանավորելու որոշում է ընդունել: Ավելի հետաքրքրական է Բաբաեւի գործի քաղաքական համատեքստը, որի շուրջ հարցադրումներ անում է ադրբեջանական մամուլը՝ հղելով «հանրային տրամադրություններին՝ «ով եւ որ երկրի քրեական օրենսգրքով է պատրաստվում դատել Բաբաեւին» եւ «իսկ ու՞ր է նայում Ռուստամ Մուրադովը»:
Ստացվում է, որ «Ջամիլ Բաբաեւ» օպերացիան կազմակերպվել է, որպեսզի նման «անհանգստություններ հնչեցնելու» առի՞թ ստեղծվի: Թվում է, պետք է բացառել, որ Բաբաեւը հետախուզական առաջադրանք է ունեցել: Արցախի ամբողջ տարածքը ռուս-թուրքական համատեղ մոնիտորինգային կենտրոնի դիտարկման տակ է: Ջամիլ Բաբաեւը թշնամական կողմի համար «լակմուսի» դեր է ունեցել: Այն իմաստով, որ եթե նա ձերբակալվի, ապա ինչպե՞ս կվարվեն ռուս խաղաղապահները: Արցախի պատկան մարմինների վրա ճնշու՞մ կգործադրեն, զինծառայողին կվերցնեն իրենց հսկողության տա՞կ, կկապվեն Ադրբեջանի ՊՆ հետ եւ կվերադարձնեն «մոլորված հոգեկան հիվանդի՞ն»: Թշնամին, այսպիսով, իրականացրել է քաղաքական «ստուգողական կրակոց»: Եւ հիմա գեներացնում է «հանրային արդարացի դժգոհություն»՝ զարգացնելով Իլհամ Ալիեւի մտավարժանքները, թե «չկա Արցախ, չկա Արցախի Քննչական կոմիտե»: Եւ խնդիր է դնում, որ ԼՂ-ում ռուսական խաղաղապահ ուժերի հրամանատար Ռուստամ Մուրադովը «պետք է հնարավորը եւ անհնարինն անի, որպեսզի Ջամիլ Բաբաեւը վերադառնա հայրենիք»:
Սադրա՞նք է: Անշուշտ: Թշնամու համար իդեալական կլիներ, եթե Արցախի իշխանությունների եւ ռուս խաղաղապահների միջեւ «սեւ կատու» անցներ: Ավելի մեծ կլիներ նրա հաճույքը, եթե Բաբաեւի վերադարձի որոշում կայացվեր՝ անտեսելով Արցախի պատկան մարմինների դիրքորոշումը: Ահա այդ դեպքում Իլհամ Ալիեւը լուրջ հաղթաթուղթ կունենար՝ հայտարարելու, որ «չկա Լեռնային Ղարաբաղ»: Այսօր նրա այդ կարգի հայտարարություններն Ադրբեջանում ոչ ոք լուրջ չի ընդունում: Եվրոպայում ադրբեջանական վտարանդիության շրջանում նույնիսկ «նոլդու՞, Փաշինյանի» փոխարեն հարցնում են՝ «նոլդու՞, Իլհամ»: Այսինքն՝ ի՞նչ եղավ, որտե՞ղ է հաղթանակ ասվածը: Կարելի է անգամ զգուշորեն ենթադրել, որ թշնամական մամուլում Բաբաեւի գործով Ռուստամ Մուրադովին արվող հարցադրումները, ի մասնավորի՝ «ինչու՞ մինչեւ հիմա Ղարաբաղում հայկական զորք կա եւ դեռ կրակում է ադրբեջանական դիրքերի ուղղությամբ»՝ ավելի շատ եւ ամենից առաջ հենց Իլհամ Ալիեւին են հասցեագրվում: Ադրբեջանում, ըստ երեւույթին, անցել է էյֆորիայի առաջին ալիքը, եւ հանրային-քաղաքական դիսկուրս է սկսվում, թե ի՞նչ է սպասվում առաջիկայում, ինչպե՞ս է կարգավորվելու Լեռնային Ղարաբաղի խնդիրը: Քարոզչությունը՝ քարոզչություն, Շուշիում կազմակերպվող բեմականացված միջոցառումները՝ միջոցառում, բայց մարդիկ, ինչպես ասում են՝ «խոտ չեն արածում»:
Նոյեմբերի 9-ի եռակողմ Հայտարարությունը ԼՂ թեման չի փակում, Արցախում 120 հազար հայ է ապրում, իշխանության համակարգը, բանակը, մյուս ուժային կառույցները կազմալուծված չեն: Բաբաեւի գործն այս իմաստով քննություն է նաեւ հայկական կողմերի համար: Անկասկած է, որ հարցը զինվորականների մակարդակից բարձրանալու է, կարող է հասնել ընդհուպ մինչեւ Ռուսաստանի եւ Ադրբեջանի նախագահների քննարկման: Եւ, տրամաբանորեն դատելով՝ կարող ենք եզրակացնել, որ Իլհամ Ալիեւը փորձելու է նոյեմբերի 9-ի Հայտարարության սեփական մեկնաբանությունը լեգիտիմացնել: Ջամիլ Բաբաեւի նկատմամբ մի քանի հոդվածներով քրեական գործի հարուցումը, նրա կալանավորումը լիովին հաշվարկվա՞ծ է: Արցախի իշխանություններն, իհարկե, հարցի լայն հանրայնացումից հետո չէին կարող «հենց այնպես» վերցնել եւ թշնամական բանակի զինծառայողին հանձնել ռուս խաղաղապահներին, որպեսզի նրանք էլ իրենց հերթին նրան հանձնեին Ադրբեջանին: Բայց դրանից, թվում է, մեծ քարոզչության թեմա ստեղծելու անհրաժեշտություն էլ չկա: Ավելի ցանկալի կլիներ, եթե առիթն օգտագործվեր, որպեսզի Ադրբեջանի եւ Արցախի պատկան մարմինների միջեւ շփումներ սկսվեին: Գրեթե ակնհայտ է, որ «Ջամիլ Բաբաեւ» օպերացիան մշակել են թշնամական կողմի հատուկ ծառայությունները, իսկ բուն նպատակն, ինչպես ասվեց, քաղաքական է՝ «ստուգողական կրակոց»՝ պարզելու, թե Ռուսաստանն ինչպե՞ս է ընդունում Արցախում իշխանության, այդ թվում՝ դատական, մարմինների, ՊԲ, ուժային մյուս կառույցների գոյության փաստը: Ռուստամ Մուրադովին արված հարցադրումը՝ «ու՞ր եք նայում, պարոն գեներալ,», ուղղված է ՌԴ նախագահ Պուտինին: Այս մարտահրավերը հաղթահարելու համար դիվանագիտական լուրջ ջանքեր եւ քաղաքական ճկունություն են պահանջվելու:
Վահրամ Աթանեսյան

նման նյութեր