Site icon politcom

ԼՂ հիմնախնդրից մինչև խաղաղության պայմանագիր

2021-09-01-SurenSurenyanc

Քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը Sputnik Արմենիայի եթերում նշել է, որ ՌԴ ԱԳ նախարարի ելույթից հասկանալի էր, որ հայ-ռուսական հարաբերությունների ամրապնդման գործում ռուսական քաղաքական էլիտան որոշակի ակնկալիքներ ունի Արարատ Միրզոյանից։

Հայաստանի և Ռուսաստանի արտգործնախարարների բանակցությունները Մոսկվայում հետաքրքիր էին թե՛ Հայաստանի նորանշանակ նախարարի ընդունելության, թե՛ արցախյան հիմնախնդրի շեշտադրման տեսանկյունից: Sputnik Արմենիայի հետ զրույցում նման կարծիք հայտնեց քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը:

Նրա խոսքով` Սերգեյ Լավրովի ելույթում նկատելի էր, որ հայ-ռուսական հարաբերությունների ամրապնդման գործում ռուսական քաղաքական էլիտան որոշակի ակնկալիքներ ունի Արարատ Միրզոյանից։

«Ստույգ չեմ կարող ասել, թե դրանք ինչ ակնկալիքներ են, բայց նկատելի էր, որ նրա նշանակմանը ռուսական կողմը դրական է վերաբերվում»,- ասաց նա։

Ինչ վերաբերում է ԼՂ հիմնախնդրին, ապա, ըստ քաղաքագետի, ակնհայտ է, որ Երևանն ու Մոսկվան հավատարիմ են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության շրջանակում բանակցությունները վերականգնելուն։ Պաշտոնական Մոսկվան հակված է մտածելու, որ Ղարաբաղյան հակամարտության քաղաքական կարգավորման հարցը լուծված չէ: Սուրենյանցը համոզված է, որ հակամարտության լուծումը գտնվում է Մոսկվայի ձեռքում, քանի որ Ռուսաստանն ամենամեծ ազդեցությունն ունի տարածաշրջանում:

«Վերջին պատերազմից հետո ԼՂ կարգավորման գործընթացը շատ բազմաշերտ է դարձել։ Այստեղ կարևոր դեր ունի Մինսկի խմբի համանախագահությունը որպես ֆորմալ ինստիտուտ, և իհարկե չենք կարող անտեսել նաև Թուրքիայի աճող գործոնը և ռուս-թուրքական հարաբերություններն այս համատեքստում»,-ասում է փորձագետը:

Հնարավոր է` մինչև տարեվերջ նոր եռակողմ հանդիպում լինի. ռուս փորձագետ

Անդրադառնալով Միրզոյանի այն հայտարարությանը, թե Հայաստանը չի բանակցում Ադրբեջանի հետ «խաղաղության պայմանագիր» կնքելու շուրջ` Սուրենյանցը նշեց, որ իշխանությունների այս դիրքորոշման վերաբերյալ հայ հասարակության ու քաղաքական ուժերի շրջանում կա կոնսենսուս։

Քաղաքագետը, սակայն վստահ չէ, որ Հայաստանը կկարողանա ամբողջությամբ և հաջողությամբ առաջ տանել Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի որոշման օրակարգը միջազգային ասպարեզում:

«Վստահ չեմ, որ Հայաստանն ունի բավականաչափ սուբյեկտիվություն կարգավիճակի հարցում լիարժեք արտաքին աջակցություն ստանալու համար: Բացի այդ` եռակողմ ձևաչափով որոշ քննարկումներ են ընթանում`ենթակառուցվածքների ապաշրջափակման, սահմանազատման և սահմանագծման շուրջ, որին Հայաստանը ուղղակի կամ անուղղակի մասնակցում է: Հիմա այդ գործընթացի անունը կդնենք «խաղաղության գործընթաց», թե կարգավորման գործընթաց, դա արդեն խնդրի այլ կողմն է», – ընդգծեց Սուրենյանցը:

Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագրի շուրջ բանակցություններ չեն ընթանում. Միրզոյան

Սուրենյանցի կարծիքով` Ռուսաստանի համար առաջնային խնդիրը շարունակում է մնալ ենթակառուցվածքների ապաշրջափակումը: Ահա այստեղ է, որ Հայաստանը պետք է առաջ տանի իր օրակարգը և բացառի ցանկացած «միջանցքային» տրամաբանություն:

Հիշեցնենք` օգոստոսի 30-31-ը Հայաստանի ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը աշխատանքային այցով Ռուսաստանի Դաշնությունում էր: Սա Միրզոյանի՝ որպես արտգործնախարար, առաջին արտասահմանյան այցն էր։

Կարդալ

Բաժանորդագրվեք մեզ Youtube-ում

Exit mobile version