Հերթական խաբկանք եւ ծանր իրականություն

Հերթական խաբկանք եւ ծանր իրականություն

Տպավորությունը, որ փոխանցում են մի շարք հայ փորձագետներ, թե Ռուսաստանի եւ Ադրբեջանի միջեւ «սուր հակասություններ կան,»՝ հիմք ընդունելով ադրբեջանական մամուլի որոշ հրապարակումներ, ամենայն հավանականությամբ կամ իրականությունից կտրված են, կամ հետապնդում են մանիպուլյատիվ նպատակներ: Ադրբեջանը չմասնակցեց Կիեւում կազմակերպված «Ղրիմյան պլատֆորմին» եւ այդ հարցում վերջնականապես համերաշխվեց Ռուսաստանի հետ: Սա ավելին է, քան կարելի էր պատկերացնել՝ նկատի ունենալով, որ Կիեւում էր Թուրքիայի արտգործնախարարը, իսկ Ուկրաինան անկախությունից ի վեր ԼՂ հարցում Ադրբեջանի սկզբունքային դաշնակիցն էր թե քաղաքական, թե գործնական աջակցության առումով:
Ինչպես ցույց է տալիս Հայաստանի եւ Ռուսաստանի արտգործնախարարների՝ օգոստոսի 31-ի համատեղ մամուլի ասուլիսի վերլուծությունը, պաշտոնական Մոսկվան ռազմագերիների, ԼՂ կարգավորման բանակցությունների վերսկսման եւ հայ-ադրբեջանական սահմանազատման եւ սահմանագծման հարցերում ունի Ադրբեջանի տեսակետներին բավական ընդգծված ունիսոն մոտեցումներ:
Այս իրողությունը պետք է դիտարկել աշխարհաքաղաքական նոր ձեւավորվող իրավիճակում Ռուսաստանի ամբիցիոզ ձգտումների ընդհանուր համատեքստում՝ ուշադրության կենտրոնում ունենալով դեռեւս 2001թ. հունվարին ՌԴ եւ Ադրբեջանի միջեւ ստորագրված ,,Բաքվի հռչակագիրը,,: Դրանում արձանագրված է, որ երկու երկրները ,,գիտակցում են պատասխանատվությունը Կովկասի ներկայի եւ ապագայի համար,,: Հետեւում է, որ Կովկասյան տարածաշրջանում Ռուսաստանը ռազմավարական է դիտարկում Ադրբեջանի հետ հարաբերությունները, որոնք փորձում է համադրելի դարձնել Հայաստանի նկատմամբ իր դաշնակցային պարտավորություններին:
Որքանո՞վ ապագայում գործնականում կմարմնավորվի  այդ քաղաքականությունը՝ դժվար է կանխատեսել: Ակնառու է ընդհանուր միտումը՝ պոստխորհրդային տարածքում Ռուսաստանը փորձում է վերահաստատել ռազմա-քաղաքական դոմինանտություն: Անոնսավորվել է, որ սեպտեմբերի 9-ին կկայանա ՌԴ եւ Բելառուսի նախագահների այս տարվա ընթացքում արդեն հինգերորդ հանդիպումը, որից հետո կողմերը կստորագրեն «Տնտեսական ինտեգրացիայի մասին» մեծ համաձայնագիր:
Հայաստանի հետ հարաբերությունների աստիճանական կարգավորման պատրաստակամության մասին հայտարարությանը զուգահեռ Թուրքիայի նախագահ Էրդողանը նաեւ ասել է, որ պատրաստվում է ուղեւորվել Մոսկվա՝ ՌԴ նախագահի հետ բանակցությունների: Նա խոսել է նաեւ Հարավային Կովկասի «ռուս-թուրքական պլատֆորմին Վրաստանի ներգրավման,» եւ խնդիրը Իրանի նոր նախագահ Ռեիսիի հետ համաձայնեցնելու մտադրության մասին:
Այս համատեքստում ԼՂ քաղաքական կարգավորման, մանավանդ Արցախի վերջնական կարգավիճակի սահմանման ներառմամբ, բանակցային գործընթացի ռեստարտի մասին թե փորձագիտական, թե քաղաքական գնահատումները չարդարացված են: ՌԴ արտգործնախարար Լավրովը միանշանակորեն բացառեց մոտ ապագայում նման գործընթացի հավանականությունը՝ շեշտադրելով, որ պետք է կատարվեն արդեն իսկ ձեռք բերված պայմանավորվածությունները: Իսկ առանց Ռուսաստանի մոդերացիայի ԱՄՆ-ը եւ Ֆրանսիան սեպարատ գործընթաց չեն կարող սկսել: Առնվազն այն հիմնավորմամբ, որ ոչ Հայաստանը, ոչ, մանավանդ, Ադրբեջանը դրան չեն գնա:
Մեծ քաղաքականության հաշվարկով, կարելի է հուսալ, գործընթացը հնարավոր է պահել կառավարելիության ռեժիմում եւ բացառել որեւէ էական ֆորս-մաժոր: Հայ-ադրբեջանական սահմանին, իհարկե, լարվածությունը պահպանվելու է, ինչպես նաեւ՝ ռուս խաղաղապահների պատասխանատվության գոտում:  Ներկայումս լրջագույն մարտահրավեր է Արցախի ներքին իրավիճակի կառավարումը:
Կան նախանշաններ, որ Արցախում նոր դիսկուրս ձեւավորելու ուղղությամբ քայլեր են ձեռնարկվում: Ասպարեզ են իջնում «շարժում»-ներ եւ «նախաձեռնություն»-ներ, ինչպես նաեւ ոչ ֆորմալ խմբեր եւ խմբավորումներ: Շրջանառության է դրվում «ազգային-ազատագրական պայքարի» թեզը՝ ներկայիս իրավիճակը պրոյեկտելով 1991 թվականի հետ: Դա քաղաքագիտական նոնսենս է: Երեսուն տարի առաջ ԽՍՀՄ-ը փլուզվում էր, այսօր Ռուսաստանը «բարձրացել է ծնկաչոք» դրությունից:
Գոյության իրավունք  է ստանում նաեւ «Հայաստանի միջոցով Ադրբեջանի անհնազանդությունը պատժելու» թեզը, որ զուգահեռաբար առաջ են մղում որոշ ռուս վերլուծաբաններ, քաղաքական գործիչներ (Զատուլին, Ժիրինովսկի եւ այլն): Ոչ ոք, սակայն, չի նկատում կամ չի ուզում տեսնել, որ նույն քարոզչությունը տանում է նաեւ Ադրբեջանի այսպես կոչված «ընդդիմությունը»:
Կարելի է վստահության մեծ հավանականությամբ ասել, որ Ադրբեջանի «հակառուսականությունը» եւ Ռուսաստանի «հակաադրբեջանականությունը» քարոզչա-տեղեկատվական ծուղակ է, որին գիտակցված, թե ոչ՝ էական չէ, տրվում են նաեւ ներարցախյան քաղաքական որոշակի շրջանակներ: Ստեղծված չափազանց բարդ իրավիճակում, իհարկե, դժվար է ուղղակի հակազդել նման տրամադրություններին եւ ձեռնարկումներին: Դա հղի է բաց ապակայունության սպառնալիքով:
Այդուհանդերձ, Արցախի ռուսական վերահսկողությունը կատարված փաստ է, որ կարող է տեւել դեռ երկար: Ուստի ներքին կառավարելիությունը ոչ միայն պետական համակարգը ցնցումներից զերծ պահելու, այլեւ առհասարակ Արցախը պահպանելու հրամայական է: Ըստ երեւույթին, լայն համաձայնությունը դրան հասնելու միակ հնարավորությունն է, եթե, իհարկե, ներարցախյան քննարկումների եւ ընդհանուր հայտարարի գալու ռեսուրս դեռ կա: Իսկ եթե չկան, պետք է հրամայաբար գտնվեն: Նույնիսկ՝ ստեղծվեն:

նման նյութեր