Պողոս Նուբար փաշայի սինդրո՞մ

Եթե չեմ սխալվում, 1919-ի ամռանը բանաստեղծ Վահան Թեքեյանը գործուղվել է Երեւան՝ կառավարության հետ բանակցելու, որպեսզի անկախ եւ միացյալ հռչակված Հայաստանի վարչապետի պաշտոնը փոխանցվի Պողոս Նուբար փաշային, երեւանյան իշխանություններն էլ զբաղվեն միայն օրախնդիր հարցերով: Առաջարկությունն, իհարկե, մերժվել է: Բայց դա չի խանգարել, որ Պողոս Նուբար փաշան Փարիզում ձեւավորի հաշտության բանակցությունների ազգային պատվիրակություն եւ պաշտոնական Երեւանի հետ հավասարի իրավունքով փորձի առաջ մղել հայկական Դատի իր տեսլականը: Ըստ երեւույթին, այդ ճակատագրական փուլում թույլ տված սխալները մի որոշակի մասով նաեւ այդ երկվությամբ պիտի բացատրել, երբ մեծ տերությունները չէին կողմնորոշվում, թե ի վերջո ո՞վ եւ ի՞նչ մանդատով է ներկայացնում հայ ժողովրդին: Առաջին հանրապետության շրջանում անգամ փորձ է արվել ձեւավորել Արեւմտյան Հայաստանի խորհուրդ եւ վտարանդի կառավարություն: Համենայն դեպս, հրավիրվել եւ գումարվել է արեւմտահայության լիազոր ներկայացուցիչների համագումար: Եղել է նաեւ այնպես, որ Երեւանը դժկամությամբ է ընդունել թիֆլիսցի կառավարիչներին՝ հիմնավորելով, թե նրանք երկրից եւ ժողովրդից անիրազեկ են: Բայց սա ինչու՞ եմ հիշում: Սեպտեմբերի 1-2-ին Ստեփանակերտում կատարվածն աննախադեպ էր: Տասնհինգ տարի Արցախի խորհրդարանի պատգամավոր եմ եղել, արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ, պաշտոնական-արարողակարգային միջոցառումների «խոհանոցին» ներսից եմ տեղյակ: Մշտապես մի սկզբունք է գործել՝ Հայաստանի Ազգային ժողովի նախագահը ձեւավորվել է Արցախ գործուղվող բազմակուսակցական պատվիրակություն եւ պաշտոնական նամակով նրանց անուն առ անուն ներկայացրել արցախցի պաշտոնակցին: Հիմա նայում եմ ԱՀ ԱԺ հատուկ նիստի կադրերը: Դահլիճի մի հատվածում Հայաստանի ԱԺ փոխնախագահի գլխավորությամբ ՔՊ-ական պատվիրակությունն է, մյուսում նստած են «Հայաստան» եւ «Պատիվ ունեմ» դաշինքի պատգամավորները:
Ալեն Սիմոնյա՞նն է թերացել՝ մեկ միասնական-բազմակուսակցական պատվիրակություն չի՞ ձեւավորել, թե՞ ընդդիմադիրները չեն ցանկացել «կապիտուլյանտների» հետ նույն շարքում լինել: Ինչ էլ որ պատասխանեն, դառը նստվածքը կմնա. արցախցին տեսավ, որ Հայաստանում միասնականություն չկա, նույն խորհրդարանի տարբեր խմբակցության պատգամավորները միմյանց հետ պարզ մարդկային շփումներ անգամ չունեն: Տեսավ նաեւ թշնամին: Արցախցին դառնացավ, թշնամին հրճվեց: Եւ եթե մինչ այդ բողոքավոր էր, թե ինչու՞ են Երեւանից պաշտոնյաներ այցելում Ստեփանակերտ, այդ տեսարանից հետո հաճույքից  կթուլանա: Չէ՞ որ Բաքվում էլ արձանագրեցին, որ «Հայաստան» եւ «Պատիվ ունեմ» դաշինքի պատգամավորները քաղաքական խորհրդատվություններ ունեցան Արցախի ԱԺ ընդդիմադիր ուժերի հետ, բայց Ազատ հայրենիք եւ Միասնական հայրենիք կուսակցություններից պատգամավորների հետ չհանդիպեցին: Բաքվում տեսան եւ արձանագրեցին, որ այն ժամին, երբ նախագահ Արայիկ Հարությունյանն այցելել է Ստեփանակերտի հուշահամալիր, նախկին նախագահները «Եվրոպա» հյուրանոցում բացում էին ՀՅԴ Հայ դատի Ստեփանակերտի գրասենյակը՝ Հայաստանի ԱԺ ընդդիմադիր խմբակցությունների ներկայացուցիչների հետ:
Լավ, ի՞նչ անուն տալ սրան: Պողոս Նուբար փաշայի սինդրո՞մ: Հայկական հիվանդությու՞ն, երբ քաղաքական ուժերն առանձին-առանձին ասում են, որ Արցախի ապագայի երաշխիքն ազգային միասնությունն է, բայց, պարզվում է, իրենք այնքան են բաժանված եւ հակադրված, որ նույնիսկ Արցախում, գոնե հանուն նրա, որ արցախցուն հույս ներշնչեն, մեկ դահլիճում կողք-կողքի կանգնելու եւ արարողակարգային ձեռքսեղմում փոխանակելու հանդուրժողականություն իսկ չունեն: Բա եղա՞վ: Տասը ամիս է՝ միմյանց անասելին ասում եք, իրար բզկտում, հոշոտում, նույնիսկ մեռածներին չեք խնայում՝ մեկդ մյուսին արժանի եք: Բայց գոնե զգոնություն ունենայիք, գիտակցեիք, որ թշնամի՜ն է ձեր ամեն քայլին հետեւում: Երկօրյա արցախյան անցուդարձն ի՞նչ ասաց թշնամուն: Միայն մի բան՝ «հայերը պառակտված են ոչ միայն Երեւանում,այլեւ Ստեփանակերտում»: Դա՞ էր նպատակը: Ամբիոնից ճարճատուն բառերը ոչ մի նշանակություն չունեն, եթե ասվածը գործնականում չի դրսեւորվում: Ես չեմ հիշում, որ Հայաստանի Ազգային ժողովից պատվիրակություն ժամանի Արցախ եւ նախագահական չայցելի, երկրի ղեկավարի հետ քննարկում չունենա: Հիմա ի՞նչ է պատահել: Դիմել են՝ Արայիկ Հարությունյանը մերժե՞լ է: Անհավատալի է: Հետո՞: Չէ՞ր կարելի Արցախի նախագահի հետ հուշահամալիր այցելել: Իսկ զոհվածների հիշատակին հարգանքի տուրք մատուցելուց հետո՝ որեւէ շինհրապարակ: Չէ՞ր կարելի հայտարարել, որ ընդդիմությունը նախաձեռնում է փախստականների համար գոնե տասը տուն կառուցել: Գոնե մի դպրոց մտնեին, առաջին դասարանցիներին ողջունեին: Ստացվեց, որ եկան, Պողոս Նուբար փաշա խաղացին եւ վերադարձան Երեւան: Որպեսզի Ազգային ժողովի հաջորդ լիագումար նիստին շշանետման նոր «մրցու՞յթ» անցկացնեն: Նախորդը, երեւում է, այնքան էլ հաջող չի ստացվել: Իսկ Ալեն Սիմոնյանին խորհուրդ եմ տալիս  ծանոթանալ իր նախորդների փորձին եւ վերականգնել արարողակարգը եւ ավանդույթը՝ Հայաստանի Ազգային ժողովից Արցախ պետք է գործուղել մեկ-միասնական-բազմակուսակցական պատվիրակություն: Մյուսներն՝ ըստ իրենց հայեցողության: Որպես մասնավոր անձ:

Բաժանորդագրվեք մեզ Youtube-ում Subscribe

նման նյութեր