Աղվան Հովսեփյանը կալանավորվեց

Նախկին Գլխավոր դատախազ, Քննչական կոմիտեի նախկին նախագահ Աղվան Հովսեփյանը ձերբակալվել է, հայտնում է Հատուկ քննչական ծառայությունը (ՀՔԾ)։
Հովսեփյանին մեղադրանք է առաջադրվել ձեռնարկատիրական գործունեությանն ապօրինի մասնակցելու, կաշառք ստանալու, խարդախության, հանցավոր ճանապարհով ստացված գույքն օրինականացնելու (փողերի լվացում) հատկանիշներով։
Ծառայությունը մանրամասնում է՝ Աղվան Հովսեփյանը, 2004-ի մարտի 18-ից մինչև 2013-ի սեպտեմբերի 13-ը զբաղեցնելով Գլխավոր դատախազի, իսկ 2014-ի հուլիսի 18-ից մինչև 2018-ի հունիսի 11-ը՝ Քննչական կոմիտեի նախագահի պաշտոնները, հիշյալ ժամանակահատվածում փաստացի մասնակցել է ձեռնարկատիրական գործունեություն իրականացնող մի շարք ընկերությունների կառավարմանը, բացի այդ ստացել է առանձնապես խոշոր չափերով`190 միլիոն դրամ կաշառք և խարդախության եղանակով կատարել առանձնապես խոշոր չափերով` 800 միլիոն դրամ գույքի հափշտակություն:
Նախկին գլխավոր դատախազին մեղադրանք է առաջադրվել նաև հանցավոր ճանապարհով ստացված առանձնապես խոշոր չափերով` ընդհանուր 1 միլիարդ 299 միլիոն 404 հազար 414 դրամ գույքը օրինականացնելու համար:
ՀՔԾ-ն քրեական գործի շահերից ելնելով առավել մանրամասն տեղեկատվություն կհրապարակի նախաքննության ընթացքում:
Երեկ երեկոյան Աղվան Հովսեփյանը կալանավորվել է։

Բաժանորդագրվեք մեզ Youtube-ում Subscribe

նման նյութեր