«Շուշիի հռչակագրի պերճանքը», եւ թշվառությո՞ւնը

Կոնֆլիկտաբան-քաղաքագետ Արիֆ Յունուսովը վկայում է, որ թուրքական ԶՈՒ ավելի քան 600 զինծառայող օրերս լքել է Ադրբեջանը՝ տանելով նաեւ տեխնիկա եւ սպառազինություններ: Ավելի վաղ այդ մասին տեղեկություններ էին հայտնվել սոցիալական ցանցերի ադրբեջանական տիրույթում: Յունուսովը բնակվում է Հոլանդիայում, ալիեւյան գրաքննությունից ազատ է եւ, ինչպես ինքն է ասում, սերտ կապեր ունի թուրքական վերլուծաբանական հանրության բազմաթիվ ներկայացուցիչների հետ: Նա համարում է, որ Ալիեւ-Էրդողան «երկվորյակի» ստորագրած «Շուշիի հռչակագիրը» հազիվ թե կյանքի կոչվելու հեռանկար ունի:
Անկախ կարգավիճակից եւ ռեժիմի կողմից հալածվելուց, Յունուսովը դասական ադրբեջանցի է եւ իրավիճակի գլխավոր մեղավոր է դիտում Ռուսաստանի նախագահին, ով, իբր, Ալիեւին ստիպել է չեղարկել Շուշիում թուրքական-իսլամական դպրոցի կառուցման ծրագիրը, Էրդողանն էլ դրանից «խռովել է»: Պարզունակ է: Իրականում «Շուշիի հռչակագիրը» թուրք-ադրբեջանա-պակիստանյան ալյանսի ձեւավորման՝ արդեն աշխարհաքաղաքական նախագծի «ներածական մասն է»: Ամբողջական համաձայնագիրը ենթադրվում էր ստորագրել Աֆղանստանից Միացյալ Նահանգների հեռանալուց եւ Քաբուլում թուրք-ադրբեջանական զորախմբի կողմից օդանավակայանի պարեկությունն ստանձնելուց եւ այդ պատրվակով ռազմական ներկայությունը մեծացնելուց, Կենտրոնական Ասիայի երկրներում թիկունքային ապահովման ենթակառուցվածքների ստեղծումից հետո: Ռազմա-տեխնիկական եւ լոգիստիկ էքսպանսիայի ճանապարհային քարտեզի՝ մի թանձր գույնով նշված, կետ է այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքը»: Ադրբեջանական մամուլում բառիս բուն իմաստով այդ ծրագրի «հոգեհանգստի կարգ է մատուցվում»:
Ինչու՞: Որովհետեւ աֆղանստանյան «մեծ խաղատախտակից» Պակիստանը, երեւում է, դուրս է մնում: Դա ունի շատ հասկանալի բացատրություն. եթե 2000-ականներին թալիբների հետ աշխարհում միայն Պակիստանն էր հարաբերվում, ապա այսօր ոչ ոք պատրանքների չի տրվում եւ այս կամ այն ձեւով ընդունում է Աֆղանստանում իշխանության եկած խմբավորման «լեգիտիմությունը»: Նույնիսկ ՄԱԿ-ի ԱԽ վերջերս ընդունած բանաձեւն է դե-ֆակտո ճանաչում «Թալիբանի» ռեժիմը: Այլապես ուղղակի չէր դիմի նրան՝ հորդորելով հումանիտար հարցերում հարգել աշխարհում ընդունված նորմերն ու չափանիշները: Սա մի իրավիճակ է, որ թալիբներին թույլ է տալիս ոչ միայն Պակիստանի հետ խոսել հավասարի իրավունքով, այլեւ որոշ հատվածներում փակել սահմանը եւ ակնարկել, որ այն «միջազգայնորեն ճանաչված չէ»: Աֆղանստանին սահմանակից պակիստանյան  տարածքներում մի քանի միլիոն փուշտուններ են ապրում, որոնք Իսլամաբադի իրավազորոթյունը չեն ճանաչում եւ դավանում են «Մեծ Փուշտունիստան» գաղափարախոսությունը: Եթե 2000-ականներին թալիբներն այդ մասին չէին խոսում, որովհետեւ ամեն ինչով պարտական էին Պակիստանին, ապա ներկայումս այդ կաշկանդվածությունից ազատ են: Նրանց հետ քննարկումներ են ունենում ԱՄՆ, Ռուսաստանի եւ Չինաստանի, ինչպես նաեւ՝ Եվրամիության բարձրաստիճան դիվանագետներ, ռազմական եւ հատուկ ծառայությունների ներկայացուցիչներ, ուստի Պակիստանի կարիքն ունեն այնքանով, որքանով Պակիստանը՝ իրենց: Աֆղանստանում էթնիկ թուրքական տարրի ներկայությունը մեծ չէ: Այդ երկիր Թուրքիան կարող էր ներթափանցել միայն Պակիստանի միջնորդությամբ: Չստացվեց: Թալիբները համառորեն պնդեցին, որ թուրքական զորախումբը պետք է լքի Քաբուլի միջազգային օդանավակայանը, եւ Էրդողանն ստիպված էր այդ պահանջը կատարել: Մյուս կողմից շատ արագ եւ օպերատիվ աշխատեց Ռուսաստանը՝ գրեթե «ներկալելով» Կենտրոնական Ասիան: Ուշագրավ է, մանավանդ, որ մոտակա օրերին Ուզբեկստանը որպես դիտորդ ներկա կլինի ՀԱՊԿ զորավարժություններին, իսկ ոչ պաշտոնական աղբյուրներն ասում են, որ ռուսական «ռազմական հրահանգիչներն արդեն Թերմեզում եւ Տաշքենդում են»: Ի դեպ, ակնարկվում է, որ հենց Տաշքենդի ռազմական օդանավակայանում է ծրագրվում ստեղծել Աֆղանստանի ուղղությամբ հավանական գործողությունների «միասնական հրամանատարական կենտրոն»:
Շատ որոշակի քայլեր ձեռնարկում է նաեւ Չինաստանը: Ի՞նչ ձեւաչափ եւ գործնական տեսք կընդունի Կենտրոնական Ասիայի ռուսական կամ ռուս-չինական համատեղ «պարեկությունը»՝ դժվար է կանխատեսել: Բայց որ թուրք-ադրբեջանա-պակիստանյան էքսպանսիայի նախագիծն այս փուլում մատնվել է «տեղապտույտի»՝ թվում է իրականությանը շատ մոտ: Թուրքիայի նախագահն անոնսավորել է առաջիկա այցը Ռուսաստան: Դա, ամենայն հավանականությամբ, կկայանա ՌԴ պետդումայի ընտրություններից եւ նոր կառավարության ձեւավորումից հետո: Բայց ինչ էլ որ լինի՝ Էրդողանից «Ղրիմի պլատֆորմին» միանալու համար «հաշիվ պահանջելու են»: Արիֆ Յունուսովն ասում է, որ Ադրբեջանն ունեցել է հինգ երդվյալ դաշնակից՝ Թուրքիա, Պակիստան, Իսրայել, Ուկրաինա եւ Վրաստան, որոնցից երեքի հետ հարաբերություններն արդեն այն չեն եւ թվարկում է՝ Թուրքիա, Ուկրաիան, Վրաստան: Եթե անգամ դա քարոզչություն է, ապա միայն նման տեսակետի հանրայնացումն արդեն իսկ շատ բան է հուշում: Ադրբեջանը չի մասնակցել «Ղրիմի պլատֆորմին»: Ավելին, վերջերս ՌԴ-ում անցկացված տանկային մրցումներին ադրբեջանական անձնակազմը մի շարքում կանգնել է աբխազականի եւ հարավօսեթականի հետ: Դրա դիմաց Ալիեւը Մոսկվայից «գին է պահանջում»՝ ԼՂ-ում ռուս խաղաղապահ զորախմբին օժտել ռազմա-ոստիկանական լիազորություններով: «Շուշիի հռչակագրի» պերճանքն, ըստ երեւույթին, Ռուսաստանի դեմ «համաթուրքական բանակի» հավանականության ցուցադրումն է, իսկ թշվառությունը՝ որ Ադրբեջանում սոսկումով են ընդունել ՌԴ ռազմածովային ուժերի Կասպյան նավատորմիղի հենակայանն Աստրախանից հարավ՝ Դաղստանի ափեր տեղափոխելու որոշումը:

Բաժանորդագրվեք մեզ Youtube-ում Subscribe

նման նյութեր