Ռուսաստանը նախաձեռնու՞մ է, թե միայն դիմադրու՞մ

Սեպտեմբերի 9-ին, ինչպես եւ անոնսավորված էր, կայացել է Բելառուսի եւ Ռուսաստանի նախագահների՝ այս տարվա ընթացքում արդեն հինգերորդ հանդիպումը: Ըստ պաշտոնական տեղեկատվության, կողմերի համաձայնեցրել է Միութենական պետության 28 ծրագիր: Թե խոսքը կոնկրետ ինչի մասին է՝ առայժմ հստակ տեղեկություններ չկան: Իրավիճակը ռուսական մամուլում գնահատվել է «երկու պետություն՝ մեկ տնտեսություն» բնորոշմամբ:
Այդուհանդերձ, չնայած հավաստիացումներին, նախագահների մակարդակով բանակցությունների հաջորդ օրը Բելառուսի եւ Ռուսաստանի վարչապետները չեն նախաստորագրել այդ ծրագրերի փաթեթը: Խոսք կա, որ դա կարվի մինչեւ տարեվերջ, բայց նույնիսկ ռուսական մամուլն է կասկածում Լուկաշենկոյի անկեղծությանը: Փորձագետների մեծ մասը գտնում է, որ նրա «կառուցողականությունը միայն իրավիճակային է»:
Ռուսաստան-Բելառուս այդպես էլ քսան տարում չկայացող Միութենական պետության շուրջ առաջիկա մեկ-երկու ամսում հնարավոր իրավիճակը կարող է թեսթային լինել: Եթե Պուտինին չհաջողվի «կոտրել» Լուկաշենկոյին, ապա Մոսկվայի հեղինակությունը ողջ հետխորհրդային տարածքում եւ Արեւելյան Եվրոպայում լրջորեն տուժելու է: Դա հատկապես իրեն զգացնել է տալու ռուս-ադրբեջանական հարաբերություններում:
Վերջին օրերին հայտնի է դարձել, որ Թուրքիան Ադրբեջան է գործուղել չորս գեներալի՝ ձեւավորելու թուրքական հրամանատարական կենտրոն: Ըստ երեւույթին, Իլհամ Ալիեւը խստորեն զգուշանում է Ռուսաստանի հետ սկզբունքային դիմակայությունից, եւ թուրք գեներալները Բաքու են գործուղվել որպես Ադրբեջանի համար թուրքական «ապահովության բարձիկի» ցուցադրում:
Եկող շաբաթ սպասվում է Թուրքիայի եւ ԱՄՆ նախագահների հանդիպում, թեեւ ֆորմալ առումով Էրդողանը Միացյալ Նահանգներ կմեկնի ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի հերթական նստաշրջանին մասնակցելու արարողակարգով: Մամուլում տեղեկություն է հայտնվել, որ նա ՄԱԿ-ի բարձրագույն ամբիոնից հանդես կգա միջազգային քաղաքականության «բարձրագույն լիգայում» Թուրքիայի դե-ֆակտո ներկայությունը որեւէ ձեւով ֆորմալացնելու առաջարկությամբ:
Ամենեւին էլ բացառված չէ, որ թուրքական դիվանագիտությունը փորձում է միջազգային քաղաքական օրակարգի բոլոր հարցերում ապահովել ներկայություն: Լեռնային Ղարաբաղի խնդիրն այս իմաստով Թուրքիայի առաջնահերթություններից մեկն է: Անկարայի կեցվածքից դատելով՝ Էրդողանը «վերջին պահի ընտրության» տարբերակը պահում է: Հրապարակայնորեն սատարելով Ադրբեջանին, Թուրքիան մինչ օրս երբեք չի հայտարարել, թե Լեռնային Ղարաբաղի խնդիր այլեւս չկա՝ ինչպես Իլհամ Ալիեւն է ասում:
Ավելի քան երկու տասնամյակ թուրք-ադրբեջանական դիվանագիտությունը փորձել է ԵԱՀԿ ՄԽ համանախագահ երկրների թիվն ավելացնել մեկով, կամ՝ Թուրքիայով, կամ՝ Գերմանիայով: Այսօրվա փաստացի իրավիճակում, երբ Ադրբեջանի զինված ուժերը փաստացի Թուրքիան է կառավարում, Աղդամում գործում է ռուս-թուրքական միասնական մոնիտորինգային կենտրոն, մեծ է հավանականությունը, որ ԼՂ կարգավորման բանակցությունների վերսկսման դեպքում Անկարայի ներկայությունը ստանա ֆորմալ ճանաչում:
Հայ-թուրքական հարաբերությունների աստիճանական կարգավորման պատրաստակամության մասին Էրդողանի հայտարարությունը, հավանաբար, ներգրվում է ապագա քննարկումների ծրագրավորմանը: Գործընթացն առայժմ հրապարակային չէ, բայց դժվար չէ տեսնել, որ քննարկումներ ընթանում են: Այդ է վկայում, թերեւս, Եվրոպայի խորհրդի եւ Ռուսաստանի նախագահի միջեւ օրերս տեղի ունեցած հեռախոսազրույցը, որի ընթացքում ՌԴ նախագահը ներկայացրել է ԼՂ հետ կապված իրավիճակը: Այստեղ, ամենայն հավանականությամբ, գլխավորն այն է, որ Եվրոպայի խորհրդի նախագահը հույս է հայտնել, որ քննարկումների համար անհրաժեշտ վստահության միջավայր կձեւավորվի:
Նույն գիծն է արտահայտել նաեւ ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան՝ ասելով, որ պետք է կատարվեն նոյեմբերի 9-ի եւ հունվարի 11-ի պայմանավորվածությունները, եւ այդ դեպքում քաղաքական քննարկումների հնարավորություն կստեղծվի: Չափազանց կարեւոր է, որ սեպտեմբերի 8-ին Իսրայելի արտաքին գործերի նախարարի հետ համատեղ մամուլի ասուլիսն ՌԴ ԱԳ նախարար Լավրովն ասել է, թե ներկայումս Պաղեստինի կարգավիճակի հարցով բանակցությունների վերսկսման անհրաժեշտություն չկա:
Независимая газета-ն այս առումով խմբագրական է հրապարակել, որի առանցքային մոտեցումն այն է, որ հակամարտությունները, լոկալ պատերազմները կարգավորվում են «աշխարհակարգային մոտեցումներով»: Խնդիրն այն է՝ դե-յուրե պահպանվու՞մ է երկրորդ համաշխարհային պատերազմից հետո հաստատված աշխարհակարգը, թե՞ «տեղային փոփոխությունները» հանգեցրել են վերանայումների անհրաժեշտության:
Ոչ ոք այդ հարցի պատասխանը չունի: ԱՄՆ-ի եւ Չինաստանի նախագահները հեռախոսազրույցի արդյունքում համաձայնել են «չհատել կարմիր գծերը, տարաձայնությունները չհասցնել առճակատման»: Ավելի վաղ նման պայմանավորվածություն ձեռք է բերվել ՌԴ եւ Միացյալ Նահանգների առաջնորդների առկա հանդիպմանը: Ոչ պաշտոնական տեղեկություններ կան, որ հոկտեմբեր-նոյեմբերին կարող է գումարվել ՌԴ-ԱՄՆ եւս մեկ գագաթաժողով:
Ռուսաստանի սահմանների ողջ կորագծի՝  Մերձբալթիկա-Սեւ ծով-Կասպյան ավազան-Կենտրոնական Ասիա, ընդգրկմամբ ամենուր «եռում է»: Օրենբուրգի մարզում Ռուսաստանի նախաձեռնությամբ մեկնարկում են Շանհայի համագործակցության անդամ երկրների ԶՈՒ հրամանատարա-շտաբային զորավարժություններ: Բելառուսում «Արեւմուտք- 2021» զորավարժություններ են, Նիժնի Նովոգորոդի մոտ՝ ՀԱՊԿ անդամ պետությունների:

Բաժանորդագրվեք մեզ Youtube-ում Subscribe

նման նյութեր