Կհաջողվի՞ բացառել վատթարագույնը

Լրագրողա-փորձագիտական որոշ շրջանակներ շարունակում են հղել Հայաստանում ԱՄՆ դեսպանի այն մտքին, թե 30 տարվա պատերազմի եւ լարվածության իրավիճակը չի կարող հանգուցալուծվել մեկ գիշերվա ընթացքում եւ «մենք հասկանում ենք, որ կան որոշ հիմնախնդիրներ, որոնք պետք է լուծվեն եւ դրանցից մեկը… այն է, որ Լեռնային Ղարաբաղի կարգավիճակը որոշված չենք համարում եւ հետեւաբար կշարունակենք պահել այդ հարցը Մինսկի խմբի օրակարգում»:https://www.lragir.am/2021/09/15/668238/
Ցանկալին իրականություն ներկայացնելու հարցում մենք առանձնակի թուլություն ունենք, բայց նույնիսկ այդ դեպքում էլ ԱՄՆ դեսպանի մեջբերված միտքը մի առանձնակի ոգեւորության տեղ չի թողնում: Այն պարզ պատճառով, որ քաղաքական ցանկացած գործընթաց իմաստ եւ որեւէ հանգրվանի բերելու հեռանկար միայն այն դեպքում ունի, երբ մասնակիցների մոտեցումները գոնե համադրելի են: Ավելի քան տասը տարի հայկական երկու կողմերը պնդել են, որ ԼՂ կարգավորման բանակցությունների առանցքում կարգավիճակի, ընդ որում՝ Ադրբեջանի իրավազորությունից դուրս, հարցն է: Այն դեպքում, երբ Ադրբեջանը մշտապես հակառակն է պնդել՝ «նախ՝ դեօկուպացիա»:  Իսկ կարգավիճակի մասին էլ միջանկյալ ակնարկել է, որ թույլ չի տա «ստեղծել հայկական երկրորդ պետություն»:
Նույն տարիներին Հայաստանի եւ Արցախի քաղաքական ղեկավարությունը հավաստիացրել է, որ մեր տեսակետը «համահունչ է համանախագահների մոտեցումներին»: Դա ակնհայտ կեղծիք էր: Որովհետեւ ՄԽ համանախագահ երկրների առաջնորդներն առնվազն չորս համատեղ Հայտարարությամբ հստակ ընդգծել էին, որ «սայլը չի կարելի կապել ձիու առջեւից»: Եւ բանակցություններն, ըստ էության, տարվել են փուլային կարգավորման տրամաբանությամբ՝ նախ վերադարձվում են ԼՂ շուրջ առնվազն հինգ տարածքները, ապա կարգավորվում են կոմունիկացիաների, տեղահանվածների վերադարձի հետ կապված հարցեր, ձեւավորվում է վստահության նվազագույն միջավայր, որից հետո միայն քննարկվում է հանրաքվեի անցկացման ընթացակարգը: Սա պետք է «ականջին օղ անել»՝ կողմերից մեկի ցանկությունը չի ենթադրում մյուսի համաձայնություն, եթե նա իր «լուծումը» պարտադրելու բավարար ներուժ եւ աջակցություն չունի:
Քառասունչորսօրյա պատերազմից հետո Ադրբեջանը գտնում է, որ «չկա Լեռնային Ղարաբաղ, չկա կարգավիճակի հարց»: Հայաստանում ԱՄՆ դեսպանին այսպես պատասխանեց Ադրբեջանի ԱԳՆ խոսնակը: Այդ մոտեցումն առաջ մղելու, միջազգայնորեն լեգիտիմացնելու բավարար ներուժ եւ աջակցություն ունի՞ Ադրբեջանը: Ահա՝ հարցերի հարցը: Մնացածը, ինչ որ գրում է հայկական մամուլը կամ ասում են քաղաքագետները,  ավագ դպրոցի աշակերտի ստեղծագործական շարադրություն է: Եւ պետք է ոչ թե ոգեւորվել, այլ խիստ մտահոգվել, որ Հայաստանում ԱՄՆ դեսպանության՝ Ադրբեջանի ԱԳՆ-ի կոշտ հայտարարության պատասխանում, ինչպես ասում են՝ արդեն «նոտաները փոխված են»: Համենայն դեպս, այնտեղ Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի մասին առանձին շեշտադրում չկա: Փոխարենն օգտագործված է «բոլոր չլուծված խնդիրներ» ձեւակերպումը, որը եթե դիվանագիտականից «թարգմանենք» պարզ հայերենի, կստացվի, որ Միացյալ Նահանգները մի շարք հարցեր համարում է «արդեն լուծված»: Ո՞րն է ԱՄՆ պաշտոնական մոտեցումը: Դեսպանի՞ խոսքն է դա, թե դեսպանության պարզաբանու՞մը: Որքանով հասկացվում է, նման մեկնաբանություններ արվում են այն դեպքում, երբ որեւէ պաշտոնյա ինչ-որ հարցում վրիպում է: Որեւէ կասկած չպետք է լինի, որ Հայաստանում ԱՄՆ դեսպանության՝ Ադրբեջանի ԱԳՆ-ին  պատասխանը գրվել-վերջնամշակվել է Պետական դեպարտամենտում  եւ լիովին ներգրվում է ՄԽ համանախագահների վերջին հայտարարության դիվանագիտական համատեքստին: Այլեւս երեւակայության տեղ չկա: Եւ պետք է մի հստակ արձանագրում անել. ԼՂ վերջնական կամ համապարփակ կարգավորման բանակցություններ կարող են մեկնարկել միայն մի դեպքում՝ եթե ԱՄն-ը, Ֆրանսիան եւ Ռուսաստանը կոնսոլիդացված «փափուկ ուժ» կիրառեն եւ Ադրբեջանին վերադարձնեն «կա Լեռնային Ղարաբաղ»՝ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի եւ ԵԱՀԿ փաստաթղթերով արձանագրված իրողության ճանաչմանը: Ըստ էության, այդ ճանաչումն արդեն իսկ կա, Ալիեւի ստորագրությունը (տես՝ նոյեմբերի 9-ի եռակողմ Հայտարարությունը) վավերացնում է, որ «Լաչինի միջանցքը Լեռնային Ղարաբաղը կապում է Հայաստանին»: Ադրբեջանական դիվանագիտությունը, փորձագիտական հանրությունը, մամուլը եւ տեղեկատվության մյուս բոլոր միջոցները դա համառորեն չտեսնելու են տալիս: Հասկանալի մոտեցում է. եթե ընդունվի, որ կա Լեռնային Ղարաբաղ՝ որպես առանձին միավոր, ապա Բաքուն պարտադրված կլինի քննարկել կարգավիճակի հարցը: Եւ հայկական դիվանագիտության գերխնդիրն այսօր Լեռնային Ղարաբաղի՝ որպես սուբյեկտի, ապա տարածքի «կարգավիճակի» վերահաստատումն է:
Հայաստանն այս հարցում ունի՞ աջակցություն: Եւ ամենակարեւորը՝ որտե՞ղ: Քառասունչորսօրյա պատերազմից հետո նոր ստատուս-քվոյի այսպես ասած «կառավարիչը» Մոսկվան է, Ռուսաստանը, որ ԼՂ կարգավիճակի հարցի քննարկումն այս փուլում իրենց լեզվով ասած «կոնտպրոդուկտիվ» է համարում: Չպետք է տրվել գայթակղության, թե ԱՄՆ-ը կամ Ֆրանսիան, կամ էլ՝ երկուսը միասին տոչորված են ԼՂ կարգավիճակի պարտադիր եւ, մանավանդ, անհապաղ որոշարկման հեռանկարով: Ոչ: Իրավիճակը շատ ավելի բարդ, բազմաշերտ է, քան մեզանում հաճախ պատկերացվում եւ ներկայացվում է: Միայն հայ քաղաքական չմիտքն է, որ առասպել է ստեղծել, թե բանակցություններում պետք է դնել առավելագույն նշաձող, որպեսզի հասնես միջինացված-ընդունելի արդյունքի: Դիվանագիտության ոսկե կանոնը վատթարագույն տարբերակի բացառումն է: Ադրբեջանն, ի դեպ, այս սկզբունքով է բանակցություններ վարել՝ չեզոքացնել ԼՂ անկախության կամ Հայաստանի հետ միավորման հնարավորությունը: Մենք մի իրավիճակում ենք, երբ ԼՂ-ի՝ որպես կարգավիճակային սուբյեկտի «կարգավիճակի» վերջնական լուծարման սպառնալիքը պետք է չեզոքացվի: Հաճո՞ է սա որեւէ մեկի «նրբացած» քիմքին, թե՞՝ ոչ, դա արդեն նշանակություն չունի: Ակնհայտ է, որ դիլետանտական –ամբոխահաճ կեցվածքը եթե տեւի (իսկ օրվա իշխող դասի եւ «ուլտրա-հայրենասեր» քաղաքագետների բառամթերքից այլ հեռանկար չի բխում, ցավոք), ապա մի շատ տգեղ օր մենք կանգնելու եւ, ինչպես ղարաբաղցին է ասում՝ «Վարդան վա՜յ» ենք ողբալու:

Բաժանորդագրվեք մեզ Youtube-ում Subscribe

նման նյութեր