Անմեղսունակ իշխանության ուրվականը

Երեկ նորընտիր ԱԺ-ում կառավարությունն առաջին անգամ պատասխանում էր պատգամավորների հարցերին։
Մեծ էր սպասումը, որ ստանալու եք հանրությանը հուզող մի շարք հարցերի պատասխաններ։
Ցավոք, տեսանք այն, ինչը բնորոշ է վերջին երեք տարիներին՝ իշխանության դիլետանտիզմ ու անմեղսունակություն։
Նիկոլ Փաշինյանի «համառությունը» պարզապես զարմացնում է։ Փաստորեն` Գորիս- Կապան ճանապարհի նկատմամբ վերահսկողությունը կորցրել ենք ոչ թե պատերազմում կրած պարտության, այլ 2010թ-ին ընդունված ինչ-որ ներպետական օրենքի պատճառով։
Երբ պաշտոնյան չի ընդունում իր իշխանավարման ընթացքում տեղի ունեցածի համար իր պատասխանատվությունը, նույնիսկ անիմաստ է նրանից ակնկալել պատասխան, թե ինչպես է պատկերացնում Գորիս- Կապան ճանապարհին ստեղծված ճգնաժամի հանգուցալուծումը։
Փաշինյանն այդ մասին չխոսեց էլ, որովհետև գիտակցում է, որ իր «փայլուն» քաղաքականության հետևանքով Հայաստանն այնքան է կորցրել սուբեկտությունը, որ տարածաշրջանում կորցրել է իր ազդեցությունն անգամ այն գործընթացներում, որոնք կենսականորեն վերաբերում են Հայաստանին ու Արցախին։
Եվ այս համատեքստում «խաղաղության դարաշրջանի» մասին Փաշինյանի անընդհատ պնդումները նմանվում են քաղաքական բովանդակություն չունեցող կարգախոսի, բաժակաճառի։
Ցավն այն է, որ նույն անմեղսունակությունն է նաև այլ հարցերում։
Օրինակ, պարզ չէ՝ արդյո՞ք գազի սակագինը Հայաստանի համար հաջորդ տարի փոխվելու է, թե՞ ոչ ու երկու սցենարներց որևէ մեկի դեպքում ինչ գին է վճարելու Հայաստանը։
Նույն տրամաբանությունն է գործում սոցիալական հարցերում։
Պատգամավորը կառավարությանը հարց է ուղղում, թե ինչու են բուժհիմնարկներում դադարեցվել պետպատվերով ծառայությունները, սակայն բովանդակային պատասխանի փոխարեն՝ լսում ենք առողջապահության նախարարի երկար-բարակ բացատրությունները այն մասին, թե ինչքան «բացառիկ հոգատար» է գործող իշխանությունը։
Գործ ունենք բացարձակ անմեղսունակ ու փնթի իշխանության հետ, որի պաշտոնյաններն արդեն իսկ միջազգային կարևոր միջոցառումներ են բաց թողում՝ ինքնաթիռի անսարքության անհեթեթ պատճառաբանությամբ։ Գործող իշխանությունը բացակա է երկրին ու հասարակությանը հուզող կարևոր հարցերում ու «պարտաճանաչ» է բացառապես այն դեպքերում, երբ խոսքը վերաբերում է սեփական արտոնությունների կամ եկամուտների ավելացմանը։

Բաժանորդագրվեք մեզ Youtube-ում Subscribe

նման նյութեր