Site icon politcom

Էրդողանի բացահայտումը

Թուրքիայի նախագահը հայտարարում է, թե Հայաստանի վարչապետն իրեն հանդիպման առաջարկ է արել։ Ի պատասխան Էրդողանը կրկին խոսել է Զանգեզուրի միջանցքի մասին, ու պնդել՝ հայկական կողմը պետք է հստակ քայլեր ձեռնարկի։
«Տարակուսելի է, որ մի կողմից Փաշինյանը հայտարարում է, թե հայկական կողմը չի քննարկում այդ [Նախիջևանի միջանցքի] հարցը, մյուս կողմից՝ ինձ հետ հանդիպելու ցանկություն հայտնում։ Եթե ուզում է հանդիպել Թայիփ Էրդողանի հետ, ապա պետք է հստակ քայլեր ձեռնարկվեն»,- երեկ ասել է Թուրքիայի նախագահը Նյու Յորք մեկնելուց առաջ, ուր մասնակցելու է ՄԱԿ-ի հերթական վեհաժողովին։
Ըստ Էրդողանի, հանդիպման առաջարկն իրեն փոխանցվել է Վրաստանի վարչապետի միջոցով, ում Փաշինյանը հանդիպել էր մոտ տասն օր առաջ, երբ պաշտոնական այցով մեկնել էր Վրաստան։
«Եթե նրանք անկեղծ են Վրաստանի վարչապետի միջոցով երկխոսության գնալու ցանկության մեջ և պատրաստ նոր գործընթաց սկսելու ուղղությամբ քայլերի գնալ, մենք էլ ընդառաջ կգնանք և դիվանագիտությանը ընթացք կտանք»,- ասել է Էրդողանը, ընդգծելով, որ գործընթացը պետք է առաջ գնա փոխզիջումների միջոցով։
«Երբ գործի է դրվում դիվանագիտությունը, ինչ-որ բան տալիս ես, ինչ-որ բան՝ ստանում։ Հույս եմ հայտնում, որ այս հարցում ոչ թե բացասական, այլ դրական մոտեցումները կգերակշռեն, և այսպիսով Ադրբեջանի և Հայաստանի միջև խնդիրը կհաղթահարվի միջանցքների բացման շնորհիվ»,- հայտարարել է Թուրքիայի առաջնորդը:
Այս տեղեկատվության, Թուրքիայի նախագահի բացահայտումների համատեքստում պարզ է դառնում հայ- թուրքական հարաբերությունների մասին Փաշինյանի վերջին հայտարարությունների ենթատեքստը։
Հայ- թուրքական դիալոգն անհրաժեշտություն է։ Նորմալ է նույնիսկ այն հանգամանքը, որ հայկական կողմն է հանդես եկել նման նախաձեռնությամբ։ Այլ խնդիր է, որ վստահ չենք, թե գործող ոչ կոմպետենտ իշխանությունը կարող է նման բարդ գործընթաց սպասարկել, մանավանդ, որ արդեն իսկ առկա են վտանգավոր ազդանշաններ։
Արդեն իսկ բացասական է, որ Փաշինյանի մտադրությունների մասին մեր հասարակությունը իմանում է ոչ թե նրանից, այլ Էրդողանից։ Հայաստանի գործող վարչապետի «ծածուկ դիվանագիտությունն» արդեն բերել է ազգային ողբերգության և որևէ հույս չկա, որ նրա կայացրած միանձնյա որոշումների համար այս անգամ ևս թանկ գին չենք վճարելու։
Մյուս կողմից, Էրդողանը փաստորեն «բացահայտում» է Փաշինյանին՝ հրապարակային հարթության վրա ուժեղացնելով ճնշումը նրա վրա, Հայաստանի վարչապետին զրկելով մանևրելու հնարավորությունից։
Նման իրավիճակում տեղին է պահանջել, որպեսզի Հայաստանի վարչապետը հանդես գա հրապարակային պարզաբանումներով, ներկայացնի հայ-թուրքական հարաբերությունների իր տեսլականը, մանավանդ, որ Էրդողանի «բացահայտումները» հիմնականում բացասական են ընկալվել Հայաստանի հասարակության կողմից։

Բաժանորդագրվեք մեզ Youtube-ում

Exit mobile version