Site icon politcom

Պուտինի պաուզան. ի՞նչ սպասել

Ըստ երեւույթին, ՌԴ նախագահի ինքնամեկուսացումը քաղաքական բացատրություն ունի: Դուշանբեում Աֆղանստանի հարցով գումարվել է Շանհայի համագործակցության կազմակերպության անդամ երկրների գագաթնաժողով, որին չեն մասնակցել Չինաստանի եւ Ռուսաստանի նախագահներն ու Հնդկաստանի վարչապետը: Թալիբների նկատմամբ Չինաստանի եւ Հնդկաստանի վերաբերմունքը ներհակ է, Ռուսաստանը «միջանկյալ» դիրքորոշում ունի՝ Աֆղանստանի կառավարության լեգիտիմությունը չի ճանաչում, բայց նոր աշխարհաքաղաքական իրողությունն ընդունում է: Արեւմտյան մամուլում ակնարկ կա, որ ԱՄՆ-ը Ռուսաստանին հնարավորություն է տվել ամրապնդվելու Կենտրոնական Ասիայում եւ սպասում է, թե Մոսկվան «ինչպես կհանձնի քննությունը»: Ասվածը, թերեւս, կարելի է հասկանալ այն իմաստով, որ Միացյալ Նահանգների համար ավելի ընդունելի է Կենտրոնական Ասիայում Ռուսաստանի, քան Չինաստանի ազդեցության ամրապնդումը:
Այս ենթադրյալ համաձայնությունը մեզ համար կարեւորվում է նրանով, որ Չինաստանի «Մեկ գոտի՝ մեկ ճանապարհ» մեգածրագիրը եւ դեպի Կենտրոնական Ասիա Թուրքիայի առայժմ տնտեսա-քաղաքական էքսպանսիան նույն գծի մեջ են, ինչը պրոյեկտվում է հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման գործընթացի շուրջ դիվանագիտական ձեռնարկումների վրա՝ ի մասնավորի «Մեղրիի միջանցքի» գաղափարի տեսքով: Չինական Սինցզյան-ույղուրական շրջանը Թուրքիային կապելու մի նախագիծ քառասունչորսօրյա պատերազմից հետո արդեն թեսթավորվել է, բայց դա բավական բարդ երթուղի է, որովհետեւ առկա է բեռները Բաքվից մինչեւ ղազախական ափ լաստանավով առաքելու, ապա կրկնին երկաթուղով տեղափոխելու խնդիր: Եթե Աֆղանստանում իրավիճակը չի կայունանում, իսկ այդպիսի նախանշաններ չկան, ապա նոր երթուղու հարցը բարդանում է: Ըստ երեւույթին, ՌԴ նախագահը ՇՀԿ անդամ երկրների առաջնորդների գագաթաժողովին չի մասնակցել, քանի որ աֆղանական հեռանկարը շարունակում է մնալ անորոշ: Այսպես, թե այնպես՝ այդ տարածաշրջանում կայունություն կարող է ուրվագծվել, եթե համաձայնության գալու լինեն Ռուսաստանը եւ ԱՄՆ-ը: Մամուլում տեղեկություն է հայտնվել, որ կողմերը միջգերատեսչական հանձնաժողովների ձեւաչափով գրեթե ամենօրյա շփումների մեջ են: Խոսվում է, որ նախապատրաստվում է Պուտին-Բայդեն նոր հանդիպում:
Այս համատեքստում ուշագրավ է, որ ԱՄՆ է մեկնում Թուրքիայի նախագահը՝ մասնակցելու ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի նստաշրջանին: Թուրքական աղբյուրները հայտնում են, որ ծրագրված է Բայդեն-Էրդողան հանդիպում, բայց միաժամանակ էլ ասվում է, որ դրանից անմիջապես հետո Թուրքիայի նախագահը կմեկնի Ռուսաստան՝ բանակցություններ վարելու Վլադիմիր Պուտինի հետ:
Ռուս-թուրքական հարաբերություններում շատ նկատելի սառնություն է առաջացել «Ղրիմյան պլատֆորմին» Թուրքիայի ԱԳ նախարար Չավուշօղլուի «Ղրիմն Ուկրաինա է» հայտարարությունից հետո: Ռուսաստանի ԱԳՆ-ն այդ միջոցառմանը որեւէ երկրի մասնակցություն գնահատել է «ոտնձգություն ՌԴ տարածքային ամբողջականության դեմ»: Արաբական փորձագիտական որոշ շրջանակներ Սիրիայի նախագահ Բաշար ալ-Ասադի այցը Մոսկվա գնահատում են ռուս-թուրքական լարվածության համատեքստում՝ վկայակոչելով ՌԴ նախագահի այն կոշտ ընդգծումը, որ «Սիրիայի տարածքից օտարերկրյա զինված ուժերը, որոնք այնտեղ են առանց ՄԱԿ-ի մանդատի եւ նրա իշխանությունների հրավերի, պետք է հեռանան»: Թուրքական լրատվամիջոցները հայտնում են, որ ռուսական ռազմա-տիեզերական օդուժն օրերս մի քանի անգամ ռմբակոծել է սիրիական Իդլիբի շրջանի զինյալների դիրքերը: Ոչ ոքի համար գաղտնիք չէ, որ այդ խմբավորումները Թուրքիայի հովանավորությունն են վայելում: Փաստացի նրանք թուրքական պրոքսի ուժեր են, որոնք մերժում են ներսիրիական երկխոսության ցանկացած առաջարկություն: Անցած շաբաթներին լարվածություն էր արձանագրվել նաեւ Սիրիայի հարավում, որը հաջողվել է լիցքաթափել Ռուսաստանի միջամտությամբ: Այդ շրջանում Սիրիայի ինքնիշխանությունը վերահաստատվել է: Էրդողանը, հավանաբար, Մոսկվա է շտապում, որպեսզի Իդլիբի շրջանում ռուս-թուրքական համատեղ պարեկության համաձայնությունը վերահաստատվի: Բայց կգնա՞ դրան Ռուսաստանը՝ մնում է հարցականի տակ: Ադրբեջան չորս թուրք գեներալի գործուղումը, Լաչինի միջանցքին, այսինքն՝ ռուս խաղաղապահների պատասխանատվության գոտուն, անմիջապես հարող տեղանքում թուրք-ադրբեջանական համատեղ զորավարժությունը, ինչպես նաեւ Կասպից ավազանի ադրբեջանական հատվածում թուրք-ադրբեջանա-պակիստանյան համատեղ ուժի ցուցադրումը միանշանակորեն ազդակ են Մոսկվային: Բաքվի փորձագիտական հանրության ունիսոն «բացատրությունն» այն է, որ թուրք-ադրբեջանական զինված ուժերի առայժմ հրամանատարա-շտաբային կոորդինացիան, որին միանում է նաեւ Պակիստանը, «բացառապես պաշտպանական է եւ Ադրբեջանի տարածքային ամբողջականության պահպանման միակ երաշխիքն է»: Հասկանալի է, որ խոսքը Լեռնային Ղարաբաղի մասին է: Չափազանց զգայուն միջավայր է ձեւավորվում: Եւ եթե իրադարձությունները զարգանան դիմակայության սցենարով, ապա ոչ միայն չեն իրականանա Մերձավոր Արեւելքում կայունության հաստատման ծրագրերը, այլեւ, բացառված չէ, Հարավային Կովկասի վրա կթանձրանա «սիրիականացման» սպառնալիքը:
Դատելով Հայաստանի պաշտոնատար անձանց որոշ ձեւակերպումների ենթատեքստից, նրանք ավելի խորքային մարտահրավերներ են դիտարկում, քան քննարկվում է քաղաքական եւ փորձագիտական մակարդակներում: Ռուսաստանի պաուզան, կարծես, անոնսավորում է նոր զարգացումներ:

Բաժանորդագրվեք մեզ Youtube-ում

Exit mobile version