Շնորհավոր տոնդ, Հայաստան

Այսօր Սեպտեմբերի 21-ն է՝ մեր Հանրապետության անկախության 30-րդ տարեդարձը։
Սա շատ լուրջ իրադարձություն է, որը միանգամայն այլ դիսկուրսի նյութ պետք է տար, բոլորս պարտավոր էինք անդրադառնալ մեր Հանրապետության ընթացքին, վերլուծել դրա առանցքային դրվագները, քաղաքական խոտոր մտածողությամբ պայմանավորված սխալները՝ ապագայի մեր տեսլականը, զարգացման պարադիգմը ձևակերպելու համար։ Նման դիսկուրսն անհրաժեշտ էր հատկապես 44-օրյա պատերազմից հետո։
Բայց բոլորս կենտրոնացած ենք Նիկոլ Փաշինյանի հերթական ոչ ադեկվատ հայտարարության, դրա քննարկումների, մի խոսքով՝ կեղծ օրակարգի վրա։
Մի կենտրոնացեք այդ մարդու հայտարարությունների վրա, որովհետև նրա «գունեղը» վաղուց բովանդակություն չունի, քաղաքական խոսքն արժեզրկված ու ոչ ադեկվատ է։
Նիկոլից դուրս ու առանձին սովորենք արժևորել պետությունն ու անկախությունը, մանավանդ, որ նրա գործունեությունն որևէ աղերս չունի այդ արժեքների, պետության, համակարգային մտածողության հետ։
Սեպտեմբերի 21-ը արժևորել պետք է՝ զուսպ, համեստ, պարտության փաստն ընդունածի, սակայն ուժեղ պետության ձգտողի հաստատակամությամբ ու խիզախությամբ։
Սեպտեմբերի 21-ի խորհրդին մեր հավատարմությամբ կարևորենք նահատակված տղերքի հիշատակը, բոլորիս մեջ արթնացնենք Քաղաքացուն, որը հավատում է իր Հանրապետության վերածննդին, ուժեղ պետություն ունենալու տեսլականին։ Զուսպ, համեստ արժևորենք մեր հպարտության՝ Հայաստանի Հանրապետության ծնունդը՝ Եռաբլուրից հառնող փարոսի միջոցով լուսավորելով մեր ճանապարհը, որի յուրաքանչյուր հանգրվանում ավելի ուժեղ է դառնալու Հայաստանը, ավելի անվտանգ ու հայկական՝ Արցախը։
Իսկ «գունեղի» մասին քիչ խոսեք, որովհետև դա ամեն ինչի հետ կապ ունի, լցնելու է «տոնի» հաշվին գրդոն անողների գրպանը, բավարարելու է PR-վողների ախորժակը, բայց կապ չունի Հանրապետության ու Քաղաքացու հետ։
Իսկ այսօր Հանրապետության ու Քաղաքացու օրն է, շնորհավոր տոնդ, Հայաստան։

Բաժանորդագրվեք մեզ Youtube-ում Subscribe

նման նյութեր