Site icon politcom

Ինչ գնով էլ, որ լինի՝ Հայաստանը չպետք է տանուլ տա խաղաղության դարաշրջանը

Թուրքիայի նախագահի բացահայտումը, թե Նիկոլ Փաշինյանը Վրաստանի վարչապետի միջոցով իրեն հանդիպման առաջարկություն է արել, ըստ երեւույթին պետք է գնահատել որպես ոչ թե ինչ-որ գործընթացի սկիզբ, այլ՝ ցավալի ավարտ: Դա Նիկոլ Փաշինյանի ճակատագրական ձախողումն է: Նման եզրակացության գալու համար առանձնահատուկ տեղեկացվածության անհրաժեշտություն չկա: Բավական է գնահատել հայտարարության համար ընտրված ժամանակը. Էրդողանը մեկնել է Միացյալ Նահանգներ, որից հետո էլ պատրաստվում է ուղեւորվել Ռուսաստան: ԱՄՆ-ում, կարծես, նախապատրաստվում է Բայդեն-Էրդողան հանդիպում: Օրակարգը, ինչպես ակնարկում են թուրքական եւ ամերիկյան լրատվամիջոցները, համաձայնեցրել են Թուրքիայի նախագահի հատուկ բանագնաց  Քալընը եւ ազգային անվտանգության հարցերով ԱՄՆ նախագահի գլխավոր խորհրդական Սալիվանը:
Ի՞նչ մակարդակով է նախապատրաստվել/նախապատրաստվում Պուտին-Էրդողան «մենամարտը»՝  դեռեւս հայտնի չէ: Ակնհայտ է մի բան. Վրաստանը չի միանում Էրդողան-Պուտին համաձայնությամբ առաջարկվող հարավկովկասյան պլատֆորմին եւ «չի կոտրվել» անգամ Թուրքիայի նախագահի հետ վարչապետ Ղարիբաշվիլիի բանակցություններից հետո: Հասկանալի է, որ վրացական կողմը, մեղմ ասած, ոգեւորված չէ այսպես կոչված՝ «Նախիջեւանի միջանցքի» գաղափարով: Այն պարզ պատճառով, որ եթե դա գործարկվի, Վրաստանը շատ որոշակիորեն կորցնում է տրանզիտային նշանակությունը: Մի իրավիճակում, երբ կոնկրետ Հայաստանին վերաբերող հարցերում ռուս-թուրքական մոտեցումներն ավելի քան ունիսոն են, իսկ թուրք-վրացական եւ ռուս-վրացական տարաձայնություններն՝ ակնբախ, Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորման չափազանց զգայուն (ոչ միայն մեր եւ Ադրբեջանի ու Թուրքիայի, այլեւ Ռուսաստանի, Իրանի, Միացյալ Նահանգների, Չինաստանի եւ Եվրամիության համար) հարցում դիմել Վրաստանի միջնորդությանը՝ միայն մի բան է ենթադրում. ամեն ինչ ի սկզբանե ձախողել: Մանավանդ որ, չնայած կատարյալ փոխըմբռնման բացակայությանը, թուրք-վրացական հարաբերությունները հազիվ թե համադրելի են հայ-վրացականին: Ըստ երեւույթին, հենց այս հաշվարկներով էլ Էրդողանը մատնել է Փաշինյանին: Ուղերձի հասցեատերերն այս դեպքում առաջին հերթին Վաշինգտոնը եւ Մոսկվան են: Թուրքիայի նախագահը փաստացի անոնսավորել է, որ ԱՄՆ նախագահի հետ չի պատրաստվում քննարկել «հայկական հարցը» եւ միաժամանակ էլ Հայաստանի վարչապետին լիովին «մերկացրել է» Մոսկվայի առաջ՝ ի ցույց դնելով, որ Ռուսաստանի հետ համաձայնեցնելով Հայաստանի սահմանների պաշտպանության, ԼՂ-ում խաղաղապահ առաքելության հետ բոլոր գործնական քայլերը, ավելի պարզ ասած՝ իր վրա քաշելով ռուսական անվտանգային «հովանոցը»՝  Փաշինյանը «ենթադրյալ խաղաղության քաղաքական պտուղները  կիսում է Միացյալ Նահանգների հետ» կամ՝ առնվազն նման մտադրություն ունի: Սա, պատկերավոր ասած, նույնն է, ինչ՝ «ցուլի առջեւ կարմիր պաստառ» ցույց տալ:
Ո՞վ է Փաշինյանին հերթական արկածախնդրություն հուշել կամ մղել նրան չհաշվարկված քայլերի: Դա անհատակա՞ն նախաձեռնություն է, ՔՊ-ակա՞ն, ակադեմիական մշակու՞մ է անցել, թե՞՝ միայն դիվանագիտական-փորձագիտական, Հայաստանու՞մ է այն հղացվել, թե՞ որեւէ բեւեռից ներմուծվել: Այս եւ այլ հարցադրումներ կարվեն, տեղեկատվական տարբեր աղբյուրներից շյուղ առ շյուղ «մանրուքներ» կհավաքվեն, բայց իրական քաղաքականության ռեժիմում ոչինչ, ամենայն հավանականությամբ, չի փոխվի: Փաշինյանի, վստահաբար կարելի է ասել՝ արդեն իսկ ձախողված, նախաձեռնությունը փաստացի լայն ճանապարհ է հարթում հայ-թուրքական, Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ սահմանազատման-սահմանագծման եւ ԼՂ հարցերում ռուս-թուրքական համաձայնությունների համար: Մեծ հաշվով, իհարկե, վաղուց պետք է պարզ լիներ, որ Հարավային Կովկասի ստատուս-քվոն ռուս-թուրքական մեկդարյա վաղեմության համաձայնության արդյունք է եւ կարող է փոխվել միայն նոր կոնսենսուսով: Այստեղ արտառոց ոչինչ չկա:
Ադրբեջանի ինքնավստահությունը, որ թույլ չի տա հայկական երկրորդ պետություն ստեղծել, սնուցման մի աղբյուր է ունեցել՝ ռուս-թուրքական պայմանավորվածությունները: Հայ-թուրքական մի երկխոսություն, որ կարող է բերել դրանց չեղարկմանը, բացառված է, ինչպես նաեւ՝ Թուրքիայի կամ Ռուսաստանի նկատմամբ արտաքին որեւէ գործիքակազմի կիրառումը՝ հանուն հայկական իրավունքների իրացման: Փաշինյանը եւ իր շրջապատը հազիվ թե այս աքսիոմատիկ ճշմարտությունը չգիտեն: Եւ թե ինչու՞ են փորձել դա շրջանցել՝ ներկա փաստացի իրավիճակում պարզապես բանական բացատրության չի տրվում: Աշխարհի իրեն հարգող ցանկացած երկրում այդ ֆիասկոն կառավարության ամբողջական հրաժարականի պատճառ կդառնար: Էրդողանի գաղտնազերծումը նշանակում է, որ Հայաստանը պարտադրված է մնալ ռուս-թուրքական հնարավոր համաձայնությունների տիրույթում: Բայց եթե մինչեւ Փաշինյանի «վրացական նոու-հաուն» դեմք փրկելու հնարավորություն դեռ կար, ապա դրանից հետո եթե նրան անգամ հրավիրեն բանակցությունների, ապա միայն՝ «ստատիստի» կարգավիճակով՝ ի գիտություն ընդունելու այն, ինչ կպայմանավորվեն Պուտինը եւ Էրդողանը:
Կարելի է, իհարկե, հուսալ, որ ռուս-թուրքական առկա բավական սուր տարաձայնությունների եւ սեփական «նուրբ փորատակին» համաթուրքականության սպառնալիքի հաշվարկով Ռուսաստանը կգերադասի Հարավային Կովկասի նոր ստատուս-քվոյի շուրջ ավելի բարձր մակարդակի համաձայնության գալ՝ ԱՄՆ-ի հետ: Հնարավոր է: Բայց նախ՝ հայկական իշխող դասը պետք է գոնե չխանգարելու  կոմպետենտություն ունենա, երկրորդ՝ կա՞ երաշխիք, որ մեզ համար այդ պայմանավորվածությունն ավելի ձեռնտու է լինելու, քան՝ ռուս-թուրքականը: Կարելի է հավատալ, որ Փաշինյանը փորձել է «մրից դուրս գալ»: Բայց «ընկել է մրջուրը»: Նա տանուլ է տվել «պատերազմի դարաշրջանը»: Հայաստանը չպետք է տանուլ տա «խաղաղության դարաշրջանը»: Ինչ գնով էլ որ լինի:

Բաժանորդագրվեք մեզ Youtube-ում

Exit mobile version